ԶԻՆՎՈՐԻ
ՀԻՇԱՏԱԿԻՆ Ղարաբաղյան պատերազմին իրենց կյանքը զոհաբերած հազարավոր
հայ երիտասարդներ այնքան ժամանակ ողջ կմնան, քանի դեռ հիշում ենք նրանց: 1964թ. դեկտեմբերի
30-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում Վարդգես եւ Վարսենիկ Գուլանյանների
ընտանիքում ծնվեց առաջնեկը՝ Սամվելը: Համեստ, կիրթ, պատրաստակամ երիտասարդ էր: Գիր
ու գրականություն էր սիրում, հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Այդպես են բնութագրում
Սամվելին նրա հարազատները: Միլիցիայի սերժանտ Սամվել Գուլանյանը չհասցրեց
հայոց բանակի զինվորը դառնալ, բայց հայրենիքը նրա պես նվիրյալների կարիքն ուներ արդեն:
Աշխատանքի բերումով հաճախ էր լինում սահմանամերձ շրջաններում, գյուղերում, որոնց
միակ պաշտպանն այն օրերին տեղի ջոկատներն էին ու միլիցիայի ծառայողները: Ամեն անգամ
տուն վերադառնալիս ասում էր ծնողներին, որ հայոց պատմության էջերը կարծես նորից են
կրկնվում: 1989թ. նոյեմբերին մորը՝ Վարսիկին ասաց, որ գործուղման է գնում
Գորիս եւ երկու օրից տուն կգա: Պատերազմը հայ-ադրբեջանական սահմանում, ըստ էության,
արդեն սկսվել էր: Խնձորեսկ գյուղը պաշտպանելիս Սամվելը ընկավ հերոսի մահով՝ թշնամու
գնդակից: 1991-ից եղբորը փոխարինեց Գուլանյանների կրտսերը` Վալերին, որն արդեն կռվում
էր նորակազմ հայոց բանակի շարքերում: Բարեբախտաբար, Վալերիի պատերազմն ավարտվեց հաղթանակով:
Սամվելի ծննդյան օրը գորիսցիներն են գալիս Ծովագյուղ, եւ Վարսիկը սեղան է
գցում՝ որդու ծննդյան օրը նշում: Այստեղ, Ծովագյուղում էլ վեր է խոյանում Սամվել
Գուլանյանի հուշարձանը: ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ