Հասմիկ
Բալասանյանի մասնակցությունը «Կռունկ-2004» եւ «Երեւանը երգերիս մեջ» հայաստանյան
մրցույթ-փառատոներին՝ Գայանե Քեոսայանի «Քեզ» եւ Գեւորգ Մանասյանի ու Լեւոն Բլբուլյանի
«Տոնական Երեւան» երգերով, առիթ դարձավ Փարիզից հրավեր ստանալուն: Դեկտեմբերի
29-ից հունվարի 20-ը երիտասարդ արվեստագետը հյուրընկալվել էր Փարիզի «Այբ» FM ռադիոկայանին:
Հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ նախաձեռնությունն ու հրավերն էր դա: Պարզվեց, որ երգչուհու
արվեստը գրավել էր անցյալ տարվա դեկտեմբերին հայրենիքում գտնվող ֆրանսահայ մի արվեստագետի,
որը ներկա էր գտնվել փառատոներին: Մեր պնդումներին, թե ո՞վ է այդ արվեստագետը, երգչուհին
հրաժարվեց պատասխանել. «Միայն ասեմ, որ մեր հայրենակցի աշխատանքները գեղեցկացնում
են Փարիզը»: Մեր զրուցակիցը հիացած էր «արվեստների քաղաքով» ու ռադիոկայանի եթերին
տեղացի ու հայաստանցի հայերի մասնակցությունով. «Բնականաբար, դեռեւս անհայտ անուն
եմ Հայաստանում, առավել եւս՝ Փարիզում, բայց ինձ շոյեց ֆրանսահայերի ու հայաստանցի
հայերի հեռախոսազանգերը, վերաբերմունքը: Զարմանում էին, թե ինչպես կարելի է երգի
մեկնաբանությունը համեմել սեփական նվագակցությամբ: Մի քանի եթերի իմ մասնակցության
ժամին զանգերը չէին դադարում: Հուզված էի ու, առաջին անգամ զգացի, որ սավառնում եմ՝
բառի իսկական իմաստով»: Երգչուհուն հիացրել էր Փարիզի հայկական ռադիոկայանի աշխատանքը.
«Պետք է ասեմ, որ Փարիզի նման թանկ քաղաքում այդ ռադիոկայանն էլ աշխատավայր է հայաստանցի
արվեստագետների համար: Օրինակ, ռադիոկայանի ծրագրում կար հայկական պոեզիայի ժամ,
որտեղ ելույթ են ունենում այնտեղ բնակվող հայաստանցի դերասանները: Հանդիպեցի երաժշտարվեստի
ներկայացուցիչների, որոնք ապրելու համար տարբեր աշխատանքներ էին կատարում: Ասածս,
իհարկե, նորություն չէ, բայց Հայաստանում էլ չես ապրի միայն քո արվեստով»: Երիտասարդ
արվեստագետը գիտակցելով, որ ժամանակին Շառլ Ազնավուրն էլ է տարբեր ծառայություններ
մատուցել Էդիտ Պիաֆին, այնուամենայնիվ ցավով հայտնեց, որ ինքն էլ այստեղ ստիպված
է այլ աշխատանքով զբաղվել (մեր պնդմանը, թե ի՞նչ աշխատանք, դարձյալ հրաժարվեց պատասխանել).
«Չգիտեմ՝ ֆինանսը կբավարարի, թե չէ, այդուհանդերձ ուզում եմ ունենալ գոնե մեկ տեսահոլովակ,
ասել է թե՝ իմ այցեքարտը»: Եվ կարծես ինքն իրեն սփոփելու համար հայտնեց, որ Փարիզում
վճարվող մինիմում աշխատավարձը՝ 1000 եվրոն, նույնն է, ինչ որ հայաստանցու թոշակը՝
3-4 հազար դրամ: Բայց չթաքցրեց, որ սրտամոտ առաջարկի դեպքում՝ կապրեր Փարիզում: Կարճատեւ
զրույցի ավարտին Հ. Բալասանյանն ասաց, որ դասերի է հաճախում ժողովրդական ու գուսանական
երգերի ճանաչված կատարող Արուս Գուլանյանի մոտ՝ իր երգացանկը հարստացնելու նպատակով:
Ս. Դ.