Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ ԹԱԼԱՆԸ ՉԷ»

Հունվար 28,2005 00:00

Ասում
է ՀՀ փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանը – Դուք նոր եք վերադարձել
Մոսկվայից, որտեղ մասնակցում էիք Փաստաբանների համագործակցության միջազգային միության
նիստին: Ի՞նչ հարցեր էին քննարկվում այնտեղ: – Հունվարի 14-ին այդ միության
վարչության նիստն էր, ուր մասնակցում էի որպես փոխնախագահ: Կառույցը հին է, գործել
է նախկին Խորհրդային Միության տարածքում եւ միությանն անդամակցում են եվրոպական,
ԱՊՀ պետությունների (բացառությամբ Ադրբեջանի եւ Վրաստանի) փաստաբանների միությունները:
Նիստի ժամանակ փոխվեցին առանձին կառույցների ղեկավարները, հաստատվեց միության բյուջեն:
Միության նպատակը միասնական փաստաբանական գործունեության իրականացման խնդիրների լուծումն
է, փաստաբանության պաշտպանվածության մեխանիզմների մշակումը: Նախկինում մենք մեր արտոնագրերով,
վկայագրերով մասնակցում էինք խորհրդային բոլոր հանրապետությունների քրեական եւ քաղաքացիական
գործերին: Խորհրդային Միության փլուզումից հետո մենք այդ իրավունքից զրկվել էինք:
Եվ հարց դրվեց վերականգնել նախկին իրավունքները: – Սակայն վերջերս մենք ունեցել
ենք քրեական գործով փաստաբան ՌԴ-ից: – Նա քրեական գործով տուժողի ներկայացուցիչ
էր, իսկ ընդհանրապես քրեական գործերով արտերկրից որեւէ փաստաբան չի մասնակցել հայաստանյան
դատավարություններին: – Պրն Փիլիպոսյան, դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում
ընդունվեց «Փաստաբանական գործունեության մասին» նոր օրենքը: Ձեր, փաստաբանների բոլո՞ր
առաջարկները տեղ գտան օրենքում: – Գրեթե բոլորը: Դժգոհ եմ միայն, որ օրենքում
պահպանվեց այն դրույթը, թե վստահորդ-փաստաբան հարաբերությունները (վարձատրության
հարցով) լուծվում են փոխադարձ համաձայնությամբ: Իհարկե, գտնում եմ, որ փոխադարձ համաձայնությունն
անհրաժեշտ է, որպեսզի փաստաբանն ազատ գործի, բայց մենք այն երկրում չենք, որ ժողովրդին
պարտադրենք, որ յուրաքանչյուր փաստաբանի ցանկությունը վճարման հարցում կատարի: Օրենքը
պետք է որոշակի դրույթ պարունակի վճարման չափորոշիչները ձեւակերպելու հարցում կամ
օրենքով վերապահություն արվեր մեր պալատի խորհրդին՝ այդ չափորոշիչները մշակելու համար:
Փաստաբանն աշխատում է գրասենյակում, քաղաքացիները գալիս են ընդունելության եւ պայմանավորվում
որոշակի գումարի շուրջ: Քաղաքացին, փաստորեն, նախօրոք չգիտի, թե ինչքան պետք է վճարի:
Նախկինում կար կայուն դրամաչափ, որոնք հաստատված էին մեր միության ընդհանուր ժողովի
կողմից: Բազմաթիվ դժգոհություններ ունեմ, որ փաստաբանը մեծ գումարներ է վերցրել:
– Իսկ ընդհանրապես անցյալ տարվա ընթացքում որքա՞ն դժգոհություններ են եղել
Ձեր միության փաստաբաններից: – 4-5 փաստաբանի համար են դիմել եւ միության
կարգապահական հանձնաժողովը զբաղվել է նրանցով: – Մեր թերթում եւս հնչել էին
տարբեր կարծիքներ՝ կապված պալատի նախագահի ընտրությունների հետ: Ի վերջո, ի՞նչ ունենք
մենք: – Նախ անցավ պալատի նախագահի համար փաստաբանական յոթ տարվա ստաժի առաջարկը:
Իհարկե, առաջարկվել էր 10-ից մինչեւ 15 տարի: Նորություն էր օրենքում հանրային պաշտպանի
ինստիտուտի ձեւավորումը: Ստեղծվելու է հանրային պաշտպանի գրասենյակ: Պետական բյուջեով
մոտ 24 մլն դրամ է նախատեսված, որը երեւի դարձյալ քիչ է: Հանրային պաշտպանի գրասենյակի
փաստաբանները առաջին անգամ կմասնակցեն նաեւ քաղաքացիական գործերով վարույթներին (ալիմենտի
եւ վնասի հատուցման գործերով), գրասենյակի համար կառանձնացվեն որոշակի փաստաբաններ
(25-30) եւ որպեսզի դժգոհություն չլինի, մենք մրցութային կարգ ենք սահմանել: Պալատը
կունենա մի կառույց, որը պատասխան կկրի միայն աղքատների պաշտպանության համար: Գրասենյակի
վրա է դրված գործերի բաշխումը, նշանակումը, որակի ստուգումը: Այս փաստաբանները կունենան
կայուն աշխատավարձ, կվճարվեն համայնքի դատախազի աշխատավարձին համարժեք գումարով՝
160-180 հազար դրամի չափով: – Իսկ մարզերում ունե՞ք փաստաբանական գրասենյակներ:
– Ոչ միայն ունենք, այլեւ այնտեղ առաջիկայում կունենաք հանրային պաշտպանի
գրասենյակի ներկայացուցիչներ: Մեզ համար կարեւորվում է արագ արձագանքման հարցը: Չստացվի
այնպես, որ Շիրակի մարզում քննություն կա եւ չկարողանանք ապահովել պաշտպանին որոշակի
ժամկետում: Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել