Կոալիցիայի
ներկայացուցիչը այսպես է գնահատում այն օրենքը, որն ըստ ընդդիմության ներկայացուցիչների՝
իշխող ռեժիմին անհաճո կուսակցությունները լուծարելուն է ծառայելու: «Օրենքում
կատարված փոփոխությունները կստիպեն կուսակցություններին՝ դեմքով շրջվել դեպի մարզերը,
այլեւս չեն լինի մայրաքաղաքային կուսակցություններ, ավելին՝ այս փոփոխությունները
կհամախմբեն նույն գաղափարական հենքի վրա գործող կուսակցություններին»,- այսպես մեկնաբանեց
«Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները ԱԺ պատգամավոր, «Հանրապետական»
կուսակցության անդամ Սամվել Նիկոյանը՝ երեկ Քաղաքական բանավեճի ակումբի կազմակերպած
քննարկման ժամանակ: «Կուսակցությունների մասին օրենքը եւ հնարավոր քաղաքական ձեւափոխումները»
թեմայով քննարկումը, ըստ Ս. Նիկոյանի, ուշացած էր, քանի որ արդեն փոփոխված օրենքն
ընդունված է՝ «ավելի ճիշտ կլիներ այս քննարկումը կազմակերպել մի-երկու ամիս առաջ,
որպեսզի բոլոր առաջարկություններն ու դիտողությունները տեղ գտնեին օրենքում»: Եվ
այնուամենայնիվ, ծավալվեց կրքոտ քննարկում: Ինչպես հայտնի է, ըստ այդ փոփոխությունների,
կուսակցությունները պետք է յուրաքանչյուր մարզում ունենան տարածքային ստորաբաժանումներ՝
առնվազն 100 անդամով, իսկ ընդհանուր հաշվով՝ ոչ պակաս, քան 2000 անդամ: Հակառակ դեպքում
նրանք կլուծարվեն: Կուսակցությունները լուծարվելու ենթակա կլինեն նաեւ այն դեպքում,
եթե չմասնակցեն ԱԺ ընտրություններին կամ մասնակցելու դեպքում՝ երկու անգամ անընդմեջ
1%-ից պակաս ձայն հավաքեն: Կոալիցիայի ներկայացուցիչը այս ամենը համարում էր լուրջ
ձեռքբերում՝ «այլեւս չեն լինի ընտանեկան, ռեգիոնալ կուսակցություններ, թե չէ ինչի
նման էր, որ 100-ից ավելի կուսակցություն կար գրանցված, բայց դրանց մեծ մասը միայն
թղթի վրա էր»: Այնինչ, ընդդիմադիր դաշտում գործող եւ ԱԺ-ում չներկայացված կուսակցությունների
ներկայացուցիչները օրենքի այս պարտադրանքը համարեցին ետ նահանջ ժողովրդավարությունից:
Օրինակ, լիբերալ-դեմոկրատ Վիգեն Խաչատրյանը, հիշեցնելով, որ այսպես թե այնպես խորհրդարանական
ընտրություններին մասնակցում է տասը-տասնհինգ կուսակցություն, կարծիք հայտնեց, որ
չպիտի պարտադրեն մյուս կուսակցություններին՝ մասնակցել ընտրություններին: «Այդ դեպքում
ո՞րն է մյուսների գոյության իմաստը»՝ զարմացավ «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչը:
«Բայց ձեր ի՞նչ դարդն է նրանց գոյության իմաստը, թող լինեն, թող այլընտրանք ստեղծեն…»,-
վրդովվեց Վիգեն Խաչատրյանը: Նա գտնում էր, որ կուսակցությունների մասին լավագույն
օրենքը 1967թ. ընդունված գերմանական օրենքն էր, եւ անընդհատ համեմատում էր մերը գերմանականի
հետ ու գտնում, որ «ռուսական օրենքից արտատպված» հայաստանյան օրենքը կուսակցությունների
մասին շատ հեռու է ժողովրդավարական կոչվելուց: Ի դեպ, պարոն Նիկոյանը անընդհատ
շեշտում էր, որ օրենքում չի նշված կուսակցությունների անդամների թիվը ստուգելու որեւէ
ճանապարհ, այսինքն՝ 2000 անդամի մասին որեւէ կուսակցության պնդումը թողնվում է այդ
կուսակցության խղճին: Առա՛յժմ: Իսկ հետո, երբ տեսնեն, որ համատարած բոլորը խաբում
են, մի բան կմտածեն: Տարօրինակ չէր, որ ներկաները, հատկապես՝ ընդդիմադիր թեւի ներկայացուցիչները
համոզվեցին, որ այս օրենքը հնարավորություն կընձեռի իշխանություններին՝ փակելու կամ
լուծարելու իրենց դուր չեկած կուսակցությունը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ