Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտահրավերներ՝ ՀՀ-ի առջեւ

Հունվար 28,2005 00:00

Դրանք թվարկում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար
եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանը։ Նախկին
պաշտոնյան 2005թ.-ին Հայաստանին սպասվող հնարավոր զարգացումները գորշ գույներով պատկերեց:
Իր գնահատականներում եւ կանխատեսումներում նա հիմնականում շեշտադրում արեց տարածաշրջանում
տեղի ունեցող զարգացումների եւ Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության վրա: Երկրորդելով
ՀՀ ներքաղաքական կյանքում իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների զարգացումը՝
նա կարեւորեց մասնավորապես ՀՀ կրթական, սոցիալական ոլորտներում տիրող անմխիթար իրավիճակը
եւ մեր երկրի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին դիմագրավելու ներքին
ռեսուրսի խնդիրը: «Տարիների ընթացքում, առավել եւս՝ զինադադարից հետո, այդ
հակամարտության կարգավորումն աստիճանաբար տեղափոխվում է մեզ համար առավել անբարենպաստ
դաշտ: 94-ից հետո մենք շատ ավելի լավ դիրքերում էինք, քան՝ դրանից հետո: Պատճառները
եւ օբյեկտիվ էին, եւ սուբյեկտիվ»,- թվարկելով այդ մարտահրավերներից ամենակարեւորը՝
ԼՂ հակամարտության կարգավորումը, արձանագրեց պրն Շիրխանյանը: Ըստ նրա, ԼՂ հարցում
հայ ժողովուրդն այլընտրանք չունի, քան հակամարտությունը հայանպաստ ճանապարհով լուծելն
է: Մանրամասնելով այս վերջին ձեւակերպումը՝ Վ. Շիրխանյանը մեզ հետ զրույցում ասաց,
թե հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի
սկզբունքի վրա: Իսկ ԼՂ ժողովուրդը ինքնորոշվել եւ հանրաքվեի միջոցով հայտարարել է
անկախ պետության կազմավորման մասին: Ինչ վերաբերում է ԼՂ անվտանգության գոտի հանդիսացող
«գրավյալ» տարածքներին, ապա, ՊՆ նախկին փոխնախարարի ասելով, դրանք հարցեր են, որոնք
կարող են լուծվել բանակցային գործընթացում: «Եթե այդ բանակցությունների արդյունքում
հարգվելու է ԼՂ ինքնորոշման իրավունքը՝ կողմերը կարող են համաձայնության գալ ամենատարբեր
խնդիրների շուրջ, այդ թվում՝ տարածքների, սպառազինության եւ այլն»,- իր տեսակետը
պարզաբանեց Վ. Շիրխանյանը: Նրա դիտարկմամբ, կան արտաքին՝ տարածաշրջանային
այլ մարտահրավերներ, որոնք կարող են ազդել ՀՀ ներքաղաքական զարգացումների վրա: «Դա
Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններն են, որոնք նույնիսկ ռազմական գործողությունների
բացակայության, բայց այդ հարաբերությունների լարման պայմաններում կարող են հանգեցնել
Հայաստան-Իրան սահմանի փակման: Իսկ առավել եւս ռազմական գործողությունների պայմաններում
ընդհանրապես որեւէ հարաբերություն՝ Իրան-Հայաստանի, լինել չի կարող: Ես էլ չեմ ասում
գազատարի շինարարության մասին»,- կարծիք հայտնեց նա: ՀՀ ներքաղաքական զարգացումների
վրա ազդող մյուս մարտահրավերը նա համարեց Վրաստանում տեղի ունեցող զարգացումները:
Ըստ նրա, այս տարի այդ երկրում սկսված բարեփոխումները կշարունակվեն, օրինականությունը
կամրապնդվի, կաշառակերության դեմ պայքարը կտա լուրջ արդյունքներ, կավարտվի եւ շահագործման
կհանձնվի Բաքու-Ջեյհան նավթամուղը: «Իսկ դրա արդյունքում Վրաստանն ու Ադրբեջանը կունենան
բավականին բարձր եւ, ի տարբերություն Հայաստանի, իրական ցուցանիշներ: Այս ֆոնի վրա
Հայաստանի սոցիալ-տնտեսական ցուցանիշները հարեւան երկու երկրների համեմատ ավելի ակնառու
կլինեն: Իսկ դա անպայմանորեն կազդի ՀՀ ներքաղաքական կյանքի վրա»,- նկատեց Վ. Շիրխանյանը:
Որպես Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավեր՝ նա մատնանշեց նաեւ Հայաստան-Ռուսաստան
հարաբերությունները, որոնք, վերջինիս գնահատմամբ, քաղաքական դաշտից տեղափոխվում են
«ռազբորկաների» դաշտ: Ն. Մ.Հ.Գ. Վ. Շիրխանյանի
հետ ավելի ծավալուն հարցազրույցը՝ առաջիկա համարներից մեկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել