Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴԱՄԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

Հունվար 28,2005 00:00

Արշակ Սադոյանի հարցը տեղափոխվեց բարոյական դաշտ

«Արդարություն» դաշինքի երեկվա նիստը կարելի է համարել ընդդիմադիր խմբակցության պատասխանը Սադոյանին, քանի որ, ի հեճուկս վերջին օրերի իրարանցման, թե դաշինքում խնդիրներ կան եւ որոշ անդամներ չեն կիսում դաշինքի դիրքորոշումը կարեւորագույն հարցերի վերաբերյալ, նիստին մասնակցում էին նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամներ Ալբերտ Բազեյանն ու Սմբատ Այվազյանը, իսկ Արշակ Սադոյանի նկատմամբ դաշինքի բոլոր անդամների դիրքորոշումը միանշանակ էր՝ դա-տա-պար-տել: Եթե դաշինքը գոյություն ունենար սովետական ժամանակներում, ապա Արշակ Սադոյանին խիստ նկատողություն կանեին՝ գրանցելով անձնական գործում, հետն էլ ի ցույց կդնեին կուսակցական պատի թերթում եւ կհեռացնեին: Այսօր չկա անհնազանդներին խմբակցությունից հեռացնելու մեխանիզմ:

Գործընկերները ԱԺԴ նախագահին մի լավ դատապարտելուց հետո ակնկալում էին, որ պարոն Սադոյանը հետեւություններ կանի եւ, առաջնորդվելով բարոյականության սկզբունքներով, ներողություն կխնդրի կամ՝ իրեն դուրս կդնի խմբակցությունից: Սակայն պարոն Սադոյանը եւ դաշինքի նիստում, եւ հետո՝ լրագրողների հարցերին պատասխանելիս, մեղքը գցեց չորրորդ իշխանության վրա՝ հայտարարելով, որ իր խոսքերն աղավաղվել են: Ի դեպ, սա քաղաքական գործիչներին հատուկ հիվանդություն է, երբ իրենց խոսքերից հետո ինչ-ինչ խնդիրներ են առաջանում։ Նրանցից շատերը հրաժարվում են իրենց գործընկերների հասցեին հնչեցրած հոխորտանքներից եւ բողոքում են, իբր՝ իրենց խոսքն աղավաղված կամ ենթատեքստից դուրս է ներկայացվել: Մենք ունենք պարոն Սադոյանի հարցազրույցների ձայնագրությունները, որոնք ապացուցում են, որ որեւէ միտք աղավաղված չէ: Այսպիսով, Արշակ Սադոյանը, որը նախորդ օրը հայտարարում էր, որ եթե իրեն առաջարկեն դուրս գալ խմբակցությունից, ինքն էլ իր հերթին խմբակցությանը կառաջարկի «ցրվել», երեկ արդեն մի փոքր այլ շեշտադրմամբ էր խոսում:

ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը նիստից հետո տեղեկացրեց, որ դաշինքը չի կարող անդամին հեռացնել. «Դա անդամի բարոյական եւ այլ խնդիրների հետ է կապված»: ՀԺԿ մամուլի հարցերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանի ներկայացմամբ եւս. «Հարցը կարող է լուծվել միայն բարոյական հարթությունում»: Այսինքն՝ ակնկալվում է, որ պարոն Սադոյանն ի՞նքը կամավոր դուրս կգա դաշինքից: Այս հարցին ի պատասխան՝ Ռուզան Խաչատրյանն ասաց. «Մենք ոչինչ չենք ակնկալում, դաշինքի անդամներն իրենց կարծիքն արտահայտեցին, իսկ որոշումը պարոն Սադոյանը պետք է կայացնի»: Մամուլում որոշ գնահատականներ էին հնչել, որ իբր ՀԺԿ-ն է նախաձեռնել ԱԺԴ-ի պառակտումը: Այս կապակցությամբ տիկին Խաչատրյանը նկատեց. «Դա շատ էժանագին պրովոկացիա է. ՀԺԿ-ն բավականին լուրջ կուսակցություն է, եւ ժողովուրդը մեծ հույսեր է կապում կուսակցության եւ նրա նախագահի հետ, այդ հույսերն արտահայտել է ընտրությունների ընթացքում: ՀԺԿ-ն միշտ համագործակցության եւ համախմբման օրինակ է ցույց տվել եւ ոչ՝ հակառակը»:

Արշակ Սադոյանը, որը երկու օր առաջ մեզ տրված հարցազրույցում կասկած էր հայտնել, թե հնարավոր է մեկ-երկու ՀԺԿ-ական նախաձեռնած լինեն ԱԺԴ-ն պառակտելու գործընթացը, երեկ արդեն բոլորովին այլ բան էր ասում. «Ես համոզվեցի, որ բոլոր հայտարարությունները, որ արվել են Վարդան Գրիգորյանի, ավելի շատ՝ լրագրողների կողմից, բավական անհիմն են եղել, որովհետեւ ես համոզվեցի, որ ՀԺԿ որեւէ անդամ ակտիվ գործողություն չի տարել այդ ուղղությամբ»:

Արշակ Սադոյանը երեկ հանդես եկավ «մեղայականով», որը հնչեց այսպես. «Դաշինքի անդամ որեւէ ֆիզիկական անձի ես չեմ ցանկացել վիրավորել: Այն ամենը, ինչ ասել եմ դաշինքի նախավերջին նիստի ընդունած հայտարարության մասին, հիմա էլ պնդում եմ, որեւէ անձնական վիրավորանքի ցանկություն չեմ ունեցել, ես շատ հարգում եմ դաշինքի անդամ պատգամավորներին, ես շատ հարգում եմ նրանց քաղաքական գործունեությունը»: Թերեւս դաշինքի գործընկերները սա պետք է որպես «ներողություն» ընկալեն:

«Արդարություն» դաշինքի նիստում, բացի Արշակ Սադոյանից, այլ հարցեր եւս քննարկվել են: Դրանք առնչվում էին դաշինքի հետագա գործողություններին: Որոշվեց, որ դաշինքը անցնելու է ավելի ակտիվ գործողությունների, այդ ակտիվությունը դրսեւորվելու է, մասնավորապես, հանրապետության բնակավայրերում հասարակայնության հետ հանդիպումներով. «Մենք որոշեցինք այդ հանդիպումներն ընդլայնել թե տարածքով, թե բովանդակությամբ»: Ստեփան Զաքարյանի ներկայացմամբ, դաշինքում որեւէ մեկը լուրջ չի ընդունում նոր ֆորմատների մասին խոսակցությունները: Նույնն ասաց նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը. «Ես հայտարարել եմ, որ դաշինքները ձեւավորվում են քաղաքական անհրաժեշտությունից ելնելով եւ որոշակի ժամանակահատվածի համար: Քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ, ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը: Իսկ նոր ֆորմատները ե՞րբ եւ ինչպիսի՞ կառուցվածքով կձեւավորվեն՝ ժամանակը ցույց կտա»: Ալբերտ Բազեյանը հերքեց նաեւ նոր ֆորմատի ձեւավորման շուրջ բանակցությունների գոյությունը. «Ես չէի ասի, որ դրանք բանակցություններ են: Շփումների իրավունք եւ անհրաժեշտություն միշտ էլ մենք տեսնում ենք, այո, շփումներ կան, դա համագործակցություն է դաշինքից դուրս կուսակցությունների հետ, բայց մենք մեր գործունեությունը շարունակում ենք «Արդարություն» դաշինքում, եւ նաեւ «Հանրապետություն» կուսակցությունն է պատասխանատու դաշինքի գործունեության համար»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել