«Սերտեմբերը»՝ Անգլիայում Փետրվարի 11-17-ը Լոնդոնի «Լումիեր» կինոթատրոնում տեղի կունենա հայկական կինոյի շաբաթ: Միջոցառման խորագիրն է՝ «Վերադարձ Ավետյաց երկիր»: Ծրագրում ընդգրկված են ինչպես Սերգեյ Փարաջանովի, Արտավազդ Փելեշյանի, այնպես էլ հայ ժամանակակից կինոռեժիսորներ՝ Դոն Ասկարյանի «Կոմիտաս», Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա», Ատոմ Էգոյանի «Արարատ» եւ «Օրացույց», Հարություն Խաչատրյանի «Վերադարձ Ավետյաց երկիր» ֆիլմերը: Ծրագրի բացմանը եւ փակմանը ցուցադրվելու են Տիգրան Խզմալյանի «Օդից թեթեւ» եւ «Սերտեմբեր» ֆիլմերը: Ֆիլմի գլխավոր հերոսներին՝ թափառական երաժշտին եւ բուժքրոջը մարմնավորել են դերասաններ Սերգեյ Դանիելյանը եւ Լիլիթ Ստեփանյանը: Ըստ Տ. Խզմալյանի՝ Ս. Դանիելյանը ներկայիս ամենատաղանդավոր դերասաններից է, որը սակայն քիչ է գնահատված: Մնջախաղի թատրոնի դերասանուհի Լ. Ստեփանյանի համար այս դերը կինոյում դեբյուտ է: «Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ կինոյի մեծ աշխարհ մտա հատկապես Տ. Խզմալյանի պես ռեժիսորի օգնությամբ: Այդ դերն ու ֆիլմը ինձ շատ բան սովորեցրին»,- ասաց Լ. Ստեփանյանը: Ֆիլմում մյուս հերոսներին մարմնավորել են Կարեն Ջանիբեկյանը (լուսանկարիչ), Ռուդոլֆ Ղեւոնդյանը (գլխավոր բժիշկ), Հովհաննես Բաբախանյանը (սիրեկան) եւ Տրդատ Մակարյանը (բուժեղբայր): «Սերտեմբեր» ֆիլմը նկարահանվել է սեւ-սպիտակ ժապավենի վրա, խոսքեր չկան, փոխարենը ամբողջ ֆիլմի ընթացքում հնչում է Սերգեյ Պրոկոֆեւի եւ Արտո Թունջբոյաջյանի երաժշտությունը: «Իմ առաջին՝ «Դաս» 10 րոպեանոց ֆիլմում նույնպես խոսքեր չկան: «Սերտեմբեր» ֆիլմով ես փորձեցի մոտենալ ոչ միայն իմ ստեղծագործական գործունեության վաղ շրջանին, այլ նաեւ կինոյի նախնական վիճակին: Կինոն ունի իր լեզուն, որով այսօր մենք գրեթե չենք օգտվում»,- նշեց Տ. Խզմալյանը: Իր ֆիլմը Տ. Խզմալյանը համարում է հեքիաթ-բալետ, հավանաբար նկատի ունենալով այն հանգամանքը, որ ֆիլմում խոսքեր չկան եւ միայն երաժշտություն է հնչում: «Սերտեմբեր» ֆիլմում պատմվում է երկու սովորական մարդկանց մասին, որ ակամայից հայտնվում են անսովոր պայմաններում: Ֆիլմի գլխավոր հերոսները՝ բուժքույրն ու փողոցային երաժիշտը ամեն կերպ փորձում են փախչել կամ դիմակայել իրենց բաժին ընկած ճակատագրին: «Երբ մարդիկ այլեւս Աստծուն չեն փնտրում, Աստվածն է սկսում մարդկանց փնտրել: Ես ֆիլմում ուժերիս ներածին չափ փորձել եմ մարտահրավեր նետել այսօրվա մեր եկեղեցու գաղափարախոսությանը, ուր արդեն վաղուց մեռել է Քրիստոնեությունը»,- ցավով նշեց Տ. Խզմալյանը: Ֆիլմում նոր Աստծուն ծնելու բավական յուրօրինակ ձեւ է ընտրել ռեժիսորը: Այստեղ Սուրբ հոգու դերը կարծես այդքան էլ էական չէ: Աստված պետք է ծնվի սովորական մահկանացուներից: Դրա համար բուժքույրը ստիպված է կենակցել այն բոլոր տղամարդկանց հետ՝ ում լուսանկարում է լուսանկարիչը (ընդ որում, տղամարդիկ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, նրանց մեջ կան նույնիսկ սեւամորթ եւ չինացի): Ֆիլմում չար ուժերի «մարմնավորողը», խորհրդանիշը ժամացույցն է. «Մանկությունը ավարտվում է այն պահին, երբ մեզ ժամացույց են նվիրում: Ձեռնաշղթայի պես հագցնում են մեր ձեռքին, կապում մեզ մահվան հետ, քանի որ, այն պահից սկսած, երբ մենք հաշվում ենք ժամանակը, մեր կյանքի ժամերը հաշված են»,- ասում է ռեժիսորը: Տ. Խզմալյանը ցավով է փաստում, որ այսօր կինոն դարձել է անեկդոտ պատմելու պես մի բան: Նա գտնում է, որ կինո դիտել էլ է պետք սովորել. «Եթե ես դժվարությամբ եմ կինո ստեղծում, ապա հանդիսատեսն էլ պետք է մի փոքր թանկ «վճարի» իմ ֆիլմը դիտելու համար, քան տոմսի արժեքն է: Կինոն հանդիսատեսից հոգեկան մեծ աշխատանք պետք է խլի՝ լարում, կենտրոնացում: Կինոն ռեժիսորի եւ հանդիսատեսի երկխոսություն պետք է լինի: Ցավոք, այսօր մեր բոլոր երկխոսությունները վերածվում են մենախոսության: Մարդիկ միայն մի դեպքում են կարողանում լսել ու հասկանալ միմյանց՝ երբ սիրում են: Այդ սերն է, որ այսօր շատ է պակասում մեզանում: Պատահական չի ընտրված ֆիլմի վերնագիրը՝ «Սերտեմբեր»: Բառի հիմքում ընկած է սեր բառը, անգլերեն այն հնչում է այսպես՝ lovember»: ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ