Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՇԵՍ

Հունվար 27,2005 00:00

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ-ՈՒՄ Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղի դիմակայության հարցի քննարկման բնույթը հիշեցնում է հելլենական դարաշրջանի մեծ փիլիսոփաներ Պլատոնի ու Արիստոտելի բանավեճը «Տեսողության կուրությունն ու կուրության տեսողությունը, կամ արդյո՞ք խլուրդն աչքեր ունի» թեմայով: Երբ այդ վեճը շատ երկարեց, ստրուկ այգեպանն ուղղակի առաջարկեց վերցնել խլուրդին ու նայել՝ նա աչքեր ունի՞, թե՞ ոչ: Բայց փիլիսոփաները պատասխանեցին, որ ճշմարտությունն ի հայտ բերելու համար իրենց խլուրդ պետք չէ:8230 Այսպես էլ հիմա ԵԽԽՎ-ում ուզում են Լեռնային Ղարաբաղի 140 հազարանոց բնակչության ճակատագիրը լուծել՝ առանց նրան բանավեճի հրավիրելու: Հայաստանի պատվիրակությունը, որը պնդում էր նրանց պարտադիր հրավիրել, ցավոք, Ադրբեջանի տխրահռչակ հովանավորների ջանքերով, ըստ էության, հայտնվեց ստրուկ այգեպանի դերում: Եվ այն դեպքում, երբ մեր գործընկերներն Ադրբեջանից երբեք չեն հասնի Պլատոնին եւ Արիստոտելին, իսկ նրանց հովանավորներն՝ առավել եւս: Հարկ չկա ասել նաեւ, որ հարգարժան պարոն Դեյվիդ Աթկինսոնը արդեն տասը տարի է, ինչ չի եղել Լեռնային Ղարաբաղում: Ինչո՞ւմն է հարցի էությունը: Ադրբեջանը ձգտում է իր տիրապետությունը հաստատել էթնիկապես օտար, քրիստոնեական բարոյական սկզբունքներ ունեցող բնակչությամբ տարածքի վրա: Այստեղ, ԵԽԽՎ-ում համառորեն չեն ուզում տեսնել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության կրթական մակարդակը ազատության եւ անկախության, կրկնում եմ՝ ազատության եւ անկախության 15 տարիների ընթացքում էականորեն գերազանցում է Ադրբեջանի համանման ցուցանիշը: Բնակչության հազար հոգուն հասնող ուսուցիչների, բժիշկների, ուսանողների եւ դպրոցականների թիվը նույնպես բարձր է, քան՝ Ադրբեջանում, ինչպես նաեւ բարձր են մեկ անձին բաժին ընկնող եկամուտները: Եվ, ամենագլխավորը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ազատությունը նվաճել է մարդկային հսկայական զոհերի եւ զրկանքների գնով, որոնք նա կրեց Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մինգեչաուրում, Դաշքեսանում տեղի ունեցած ջարդերի արդյունքում: Էլ չեմ ասում այն բազմահազար զոհերի մասին, որոնք ընկան 8 միլիոնանոց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը պարտադրած պատերազմի պատճառով: Այսօր ադրբեջանցի մեր գործընկերները, իրենց կողմից սանձազերծված ռազմական բռնի գործողություններում տապալվելուց հետո համառորեն ջանում են արդեն բռնության ենթարկել հակամարտության պատմությունը: Այդ ոչ շնորհակալ գործում նրանց փաստարկն է համարվում ոչ թե պատմական ճշմարտության վերականգնումը, այլ սեւ ոսկու՝ նավթի ուժին ապավինումը: Նույն ադրբեջանական նավթի, որը վեր դասվեց 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին Օսմանյան կայսրությունում կոտորված 1,5 միլիոն անմեղ հայերի արյունից: Պատմական ճակատագրերի կամոք, գուցեեւ Աստվածային նախախնամությամբ, հայերի համար այդ ողբեգական ու խառնակ ժամանակներում Բրիտանական կայսրության վարչապետը Ռոբերտ Սոլսբերին էր: Հենց նա հայերի աղաչանքներին՝ փրկել Արեւմտյան Հայաստանի 2 միլիոնանոց բնակչությունը թուրքական յաթաղանից, 1896թ-ին, շատ լուրջ եւ ցինիկաբար ասաց. «Անգլիական ռազմանավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները»: Երեւի դրանք դեռ չէին հասցրել իջնել Աֆղանստանի Հինդիկուշյան լեռներից եւ դրա հետեւանքը եղավ առաջին ողբերգությունը՝ հայերի կոտորածը Օսմանյան կայսրությունում սուլթան Համիդի իշխանության օրոք, որը անվանվեց արյունարբու: Տարիներ անց Բրիտանական կայսրությունը ունեցավ այլ վարչապետ, դա ականավոր քաղաքական գործիչ եւ հումանիստ Դեվիդ Լլոյդ-Ջորջն էր, որը բնութագրելով 1919թ-ի փարիզյան խաղաղ կոնֆերանսի մասնակից-պետությունների պաշտոնական դիրքորոշումը, գրել է. «Հայաստանի բնակիչները, թե՛ ռասայական, թե՛ կրոնական սկզբունքով տարբերվում են իշխող թուրք ազգությունից: Հավատով նրանք քրիստոնյա էին: Տխրահռչակ Աբդուլ Համիդը իրականացրել է այդ հնագույն ժողովրդին արտաքսելու քաղաքականությունը՝8230 հայկական մեծամասնությանը վերածելով խղճուկ ու վախեցած փոքրամասնության:8230 Դաշնակից տերությունները (Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Չեխոսլովակիա, Ռումինիա, Սերբա-Խորվաթա-Սլովենական պետություն, Հեջաս եւ Ճապոնիա) ունեն կարծիք, որ չի կարելի թույլատրել թուրքերին վայելել իրենց գազանությունների պտուղները, իսկ հայ ժողովրդին պետք է լրիվ վերադարձվի նախնիների ժառանգությունը եւ երբեմնի հզորությունը վերականգնելու հնարավորություն տրվի» (Դեվիդ Լլոյդ-Ջորջ «Ճշմարտությունը խաղաղ պայմանագրերի մասին»): Գրեթե 90 տարի անց ուզում են պատմությունը կրկնել: Սակայն հուսով ենք, որ ԵԽԽՎ-ն գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անպարտելի է, քանզի նա պայքարում է իր ազատության համար, իսկ ազատությունը չի վախենում մահից ու Աստվածային դատաստանից, ի տարբերություն ստրկության, որի մեջ ոմանք ԵԽԽՎ-ում ուզում են գցել նրան: Ելույթս կուզենայի ավարտել Բրիտանական պետության պատմության առաջին մարդու՝ Ուինսթոն Չերչիլի խոսքերով. «Պետական գործչի տարբերությունը քաղաքական գործչից կայանում է նրանում, որ քաղաքական գործիչը կողմնորոշվում է հաջորդ ընտրություններով, իսկ պետական գործիչը՝ հաջորդ սերունդներով»: Եթե ԵԽԽՎ պատգամավորները չանցնեն քաղաքական գործչին պետական գործչից բաժանող ռուբիկոնը, ապա շատ շուտով գերմանացի տաղանդավոր փիլիսոփա Օսվալդ Շպենգլերի մռայլ կանխատեսումները կիրականան եւ կսկսվի «Եվրոպայի մայրամուտը»: Եվ դա կծանրանա մեր բոլորի խղճի վրա: ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ Եվրոպական ժողովրդական կուսակցություններ/ քրիստոնեա դեմոկրատներԵվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամՍտրասբուրգ, 25 հունվարի, 2005թ.R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել