Փնտրվում է կոռուպցիոն հանցանք Երեկ տեղի ունեցավ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի հերթական նիստը: Նախապես հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը հերթական անգամ հույս հայտնեց, որ մեծ թվով հ/կ-ների ներգրավումը հանձնաժողովի աշխատանքներին՝ կնպաստի, որ իրականացվող աշխատանքները դուրս գան նախագահական ապարատի սահմաններից: Միաժամանակ, պրն Եսայանը նշեց, որ հանձնաժողովը թեպետ շուրջ 120 հ/կ-ների առաջարկել է ներկայացնել իրենց առաջարկներն ու դիտողությունները հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ, սակայն արձագանքել է ընդամենը 20 հ/կ՝ առաջարկությունների տեսքով, եւ էլի 20-ը՝ միասին աշխատելու իր համաձայնությունն արտահայտելով: Երեկ հանձնաժողովի անդամները մեկ առ մեկ ներկայացրին աշխատանքային խմբերի գործունեության մասին համառոտ տեղեկություններ, սակայն դրանք ուսումնասիրությունների մակարդակից չեն անցել եւ ռիսկային կոնկրետ դրսեւորումներ դեռեւս չեն նշվում: Հանձնաժողովի նախագահը հատկապես կարեւորեց ԶԼՄ-ների աշխատանքում հանձնաժողովի աջակցության հստակ մեխանիզմներ մշակելու հարցը՝ թափանցիկության եւ հրապարակայնության ապահովման համար: Մասնավորապես՝ նամակներ են հղվել բոլոր լրատվական կազմակերպություններին, որպեսզի վերջիններս հանձնաժողովին ներկայացնեն 2004-ին իրենց արձանագրած այն բոլոր դեպքերը, որոնք առնչվում են «Տեղեկատվության ազատության մասին» եւ «ԶԼՄ-ների մասին» օրենքների խախտմանը: Պատասխաններն ստանալուց հետո, Բագրատ Եսայանի հավաստմամբ, իրենք դիմելու են համապատասխան գերատեսչություններին՝ պարզաբանում ստանալու ակնկալիքով: Իր այս խտրական վերաբերմունքը, որ դուր չեկավ հատկապես «Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստան» հ/կ ղեկավար Ամալյա Կոստանյանին, պարոն Եսայանը բացատրեց այսպես. «Կոռուպցիայի դեմ պայքարն անհնար է պատկերացնել՝ առանց հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման, ինչն ապահովվում է վերոնշյալ օրենքների կիրառումով»: Հետաքրքիր է, մոնիտորինգի հանձնաժողովը կդիմի՞ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանին, եթե «Հայկական ժամանակ» թերթը հանկարծ որոշի հիշեցնել ապրիլի 12-ի կատարվածի մասին: Լրագրողների հետաքրքրությանը, թե կարելի՞ է արդյոք այսօր արձանագրել, որ մեր երկրում կոռուպցիայի մակարդակը նվազել է, Բագրատ Եսայանը հերթական անգամ կրկնեց, որ աշխարհում դեռեւս չկա որեւէ գործիք, որով կարելի է չափել կոռուպցիան («ցանկացած ուսումնասիրություն հասարակական ընկալման մասին՝ պատկերացումից այն կողմ չի կարող անցնել»): Բայց, այնուամենայնիվ, պրն Եսայանն ասաց, որ մեր երկրում կոռուպցիոն դրսեւորումների մակարդակն ակնհայտորեն նվազել է: Պրն Եսայանը չկարողացավ անգամ մատնանշել կառավարության որեւէ որոշում, որով, ասենք, կարող է քաղաքի կենտրոնում ջրի գնով հողակտոր վաճառվել: Բայց ավելացրեց. «Ես ոչինչ չեմ բացառում, բայց եթե կոնկրետ դեպք ներկայացնեք, կուսումնասիրենք»: Նախագահի խորհրդականը բերեց տվյալներ այն մասին, որ 2003-04 թթ. ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությունում, մաքսայինում, ԱԱ ծառայությունում եւ քաղծառայության խորհրդի կողմից ընդհանուր առմամբ իրականացվել են 296 ծառայողական քննություններ, որոնց արդյունքում կարգապահական կամ նյութական պատասխանատվության են ենթարկվել 412 աշխատակիցներ, աշխատանքից ազատվել են 63-ը, 23-ի դեպքում գործերն ուղարկվել են քննչական մարմիններ: Նա չմասնավորեցրեց, թե հատկապես ինչպիսի խախտումների արդյունքում են այս մարդիկ ենթարկվել պատասխանատվության, սակայն նշեց, որ քրեական օրենսգրքում կոռուպցիոն բնույթի հանցանքների դասակարգում չկա: «Կան 58 հոդվածներ կամ դրանց տարբեր մասեր, որոնք առնչվում են կոռուպցիային»,- ասաց Բագրատ Եսայանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ