Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՅԱՅԻ

Հունվար 27,2005 00:00

ՊԱՇՏՈՆՅԱՅԻ «ՔԻՄՄԱՔՐՈՒՄԸ» Ըստ իրանցի գործարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետը փողի «ընդունում-հանձնումը» կատարում էր սեփական հիմնարկի դիմաց: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) շաբաթվա սկզբին հետաձգվեց Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Փարվիզ Նոսրաթի Ալամդարիի դեմ Վլադիմիր Սահակյանի հայցադիմումի քննությունը: Դատարան էր ներկայացել հայցվորի նոր ներկայացուցիչը՝ Մհեր Շահնազարյանը, որը դատարանին խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար հետաձգել դատական նիստը: Ի դեպ, Իրանի քաղաքացին էլ ունեցավ իր նոր ներկայացուցիչը, որը Հայաստանի փաստաբանների միության անդամ Հայկ Ալումյանն էր: Հայցվոր Սահակյանը արդեն դատական երրորդ նիստն է, ինչ պահանջում է «Շահաբ» անհատական ձեռնարկության տնօրեն Փարվիզ Ալամդարիից 25800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտքը: Ըստ հայցվոր Վ. Սահակյանի, ինքը 1999թ. փետրվարի 15-ին 3 ամիս ժամկետով կնքել է փոխառության պայմանագիր՝ քիմմաքրման ձեռնարկությանը տրամադրելով 12000 ԱՄՆ դոլար: Պատասխանող Փարվիզ Ալամդարին երեկ «Առավոտին» հայտնեց, որ ընդհանրապես չի ճանաչում հայցվորին եւ առհասարակ նրանից գումար չի վերցրել: Նույնը նա պնդել էր հունվարի 17-ի դատական նիստի ժամանակ: Իրանցու խոսքերով, Սահակյանի եղբայրը՝ Վրեժ Գասպարյանը, աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես իրավաբանական վարչության պետ, որը եւ խնդրել էր Փարվիզին՝ իր փոքր եղբորը տեղավորել ընդունման-հանձնման կետում: Իսկ գումարը, որի մասին խոսում է հայցվորը, ինքը, իրանցի գործարարը, անձամբ է նախագահի նստավայրի դիմաց հանձնել Վրեժ Գասպարյանին, երբ հարկայինի աշխատողները մտել էին «Շահաբ»: Վարչության պետը հանձն էր առել «հարցերը լուծել հօգուտ «Շահաբի»: Սակայն գործարարը ինքնուրույն է կարողացել լուծել հարկայինի հետ առաջացած խնդիրները, ուստիեւ դիմել է Գասպարյանին՝ իր գումարը ետ ստանալու համար: Փարվիզ Ալամդարին «Առավոտին» հայտնեց, որ «նա հաջորդ օրը բերեց $5000, պրեզիդենտի ապարատի դիմաց գումարը տվեց ինձ, ասելով՝ մնացածը էնենց մեկին եմ տվել, որ չեմ կարող ետ վերցնել»: Այնուամենայնիվ, ըստ Փարվիզի, $6000 գումար Վ. Գասպարյանն իրեն վերադարձնում է: Գործարարը ստորագրում է ստացականը՝ ինքն իրեն փաստորեն փաստաթղթային թակարդի մեջ գցելով: Այն դեպքում, երբ իրենց մեջ գումարային հարաբերությունները մինչ այդ որեւէ թղթով չեն կարգավորվել: Երեք տարի անց սկսվում է Փարվիզի նկատմամբ պարտքի բռնագանձման պահանջով հայցադիմումների հոսքը դատարան: Հայցվոր Վ. Սահակյանի ներկայացուցիչը դատարանին տեղեկացրել էր նաեւ, որ 2002-ին «Շահաբ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, իսկ 2004-ի հունիսի 7-ին ՀՀ տնտեսական դատարանի վճռով՝ անվճարունակ եւ լուծարվել: Այս քաշքշուկի մասին գործարարը ժամանակին տեղեկացրել էր Հայաստանում ԻԻՀ նախկին դեսպան Քոլեյնիին, վերջինս էլ դիմել է նախագահի աշխատակազմին՝ ձեռնպահ մնալ գործարարին խանգարելուց: Արդյունքում՝ «Շահաբի» գույքը դրվել է աճուրդի: Այդ գույքի մեջ էր մտնում նաեւ 25 հազար դոլար արժողությամբ «Նաիրիտից» գնած կաուչուկը: Փ. Ալամդարին ասում էր, որ պահանջվող գումարը «չարքաշ փող է», նա չի կարող հենց այնպես վերցնել տալ մեկին, որի հետ ինքը ընդհանրապես ծանոթ չէ: Նա համոզված է, որ նախագահի աշխատակազմից դատավորի վրա ճնշումներ կլինեն եւ որ հայցվորի խնդիրն է իր ձեռքից խլել իր գույքը: Ի դեպ, հայցվորը դատարանում հանդես էր եկել միջնորդությամբ՝ որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել «Շահաբի» գույքի վրա: Երեքշաբթի պատասխանողը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ինչպես նաեւ «Առավոտին» տրամադրեց իր ներկայացուցչի բացատրությունները: Ըստ դրանց, հայցն անհիմն է եւ ենթակա մերժման ամբողջությամբ, քանի որ պայմանագիրը «կնքվել» է 1999թ. փետրվարի 15-ին եւ պարտավորության կատարման ժամկետ է սահմանվել 1999-ի մայիսի 15-ը: «Հետեւապես, երաշխավորությունը (եթե ընդունենք, որ Փ. Նոսրաթին տվյալ դեպքում հանդես է եկել որպես երաշխավոր) դադարել է դեռ 16.05.2000թ., բացի այդ, հայցվորը բաց է թողել նաեւ ՀՀ քաղօրի 332 հոդվածով նախատեսված հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը՝ երեք տարին»,- գտնում է պատասխանողի ներկայացուցիչ Հ. Ալումյանը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել