Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ

Հունվար 27,2005 00:00

Լավ է, որ պատգամավորները ՍՊԻԴ-ով հիվանդ չեն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի համար, պարզվում է, բավականին վիրավորական է, որ ինքն ու իր գլխավորած հանձնաժողովը միայն ընդդիմադիր պատգամավորների հարցն են քննարկելու: «Նոր կանոնակարգը նոր է մտել ուժի մեջ, հետեւաբար նախորդ գումարման բացակայությունների նկատմամբ կիրառվել չի կարող: Մեզ քարտուղարությունից ներկայացվել է 23 անհարգելի բացակայողների ցուցակ, դժբախտաբար՝ դրանք էլի ընդդիմության անդամներն են, որոնք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հայտարարում են, որ իրենք քաղաքական բոյկոտի են ենթարկում ԱԺ աշխատանքները: Մենք արդեն մեկ որոշում ունենք բացակայությունների մասին, որը դեռեւս չի քննարկվել ԱԺ կողմից: Այս անգամ եւս գրություններ եմ ուղարկել ընդդիմադիր խմբակցություններին եւ տեղյակ եմ պահել, որ բացակայությունների հարցը պետք է քննարկվի առաջիկա ուրբաթ: Բնականաբար, հանձնաժողովի որոշումը նույնն է լինելու բացակայություններն անհարգելի ճանաչելու մասին»,- «Առավոտին» պարզաբանեց պրն Պետրոսյանը: Նկատեցինք, որ հանձնաժողովը պատրաստվում է հարցը քննարկել մի կանոնակարգով, որն այլեւս չի գործում: Սակայն նորն էլ իր հերթին հետադարձ ուժ չունի: Ուրեմն՝ ստացվում է փակ շրջա՞ն: Պարզվում է, բոլորովին էլ փակ չէ, քանի որ անցած նստաշրջանում ԱԺ աշխատանքներից բացակայած ընդդիմադիր պատգամավորների հարցը քննարկվելու է արդեն հին կանոնակարգով: Հետաքրքիր է, որ այս մասով ընդդիմությունն ու Ռաֆիկ Պետրոսյանը տարաձայնություններ չունեն: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը եւս այն կարծիքին է, որ իրենց հարցը պետք է քննարկել նախկին կանոնակարգով. «Պետրոսյանը լրիվ իրավացի է: Մեր բացակայությունների հարցը վերաբերում է նախորդ նստաշրջանին: Նախորդ նստաշրջանում գործել է այն կանոնակարգը, որի մասին դուք հարցնում եք: Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա. իսկ ինչպե՞ս են վարվելու պատգամավորների այն խմբերի հետ, որոնք քվեարկությունների պահին հայտնվում են ԱԺ՝ բուֆետից, կազինոներից, սաունաներից, ռեստորաններից, կոճակը սեղմում են եւ տեղյակ չեն, թե ինչ են քվեարկում: Եվ հիսուն հոգով քվեարկում են 90-ի փոխարեն: Հիմա նրանք բացակա՞ են, թե՞ ոչ: Նրանց ներկայությունը օրինակա՞ն է, եւ նրանք էլ օրինական գործո՞վ են զբաղված: Այսինքն՝ բա «դակիչների» հարցը ո՞նց են լուծելու»: «Հիվանդների» հարցում եւս Ռաֆիկ Պետրոսյանը եւ Վիկտոր Դալլաքյանը համակարծիք են: Պետաիրավական հարցերի հանձնաժողովը պատիվ չունի քննել «հիվանդության» պատճառով բացակայողների (հիմնականում՝ օլիգարխների) հարցը, որի համար հանձնաժողովի նախագահը խիստ վիրավորված է. «Սա մեզ մտահոգում է, որովհետեւ ստացվում է, որ մենք միայն ընդդիմության հարցերը պետք է քննենք, իսկ բազմաթիվ պատգամավորներ, որոնք ԱԺ դահլիճում չեն էլ երեւում կամ մեկ անգամ մտել եւ դուրս են եկել, նրանց բացակայությունները անընդհատ պետք է համարվեն հարգելի: Եվ նրանք գոնե չեն կարող հրավիրվել հանձնաժողով, կշտամբվել: Մենք այդ հարցով մտահոգ ենք»: Իսկ «հիվանդ» պատգամավորները պատահական մարդիկ չեն՝ հիվանդության թղթեր են ներկայացրել Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Սարգսյանը, Ալվարդ Պետրոսյանը: Իշխանական թեւի պատգամավորների բացակայությունների հարցը այդպես էլ չի քննարկվելու, քանի որ նրանք «բժշկի թուղթ» ունեն: Վիկտոր ԴալլաքյանՆ այս կապակցությամբ իր ուրույն կարծիքն ունի. «Կարծում եմ, ԱԺ պատգամավորների առողջապահական հարցերով պետք է լրջորեն զբաղվել: Սակայն, մյուս կողմից, ինձ մխիթարում է այն, որ «հիվանդ» պատգամավորների ներկայացրած փաստաթղթերում չկան այնպիսի հիվանդություններ, ինչպես, օրինակ՝ ՍՊԻԴ-ը կամ այլ իմունային հիվանդություններ: Ցավոք, բժշկական տեղեկանքների իսկությունը ստուգելու մեխանիզմ գոյություն չունի, եւ Հայաստանում ձեւավորվել է ավանդույթ, որ կարելի է ցանկացած փաստաթուղթ ստանալ: Օրինակ, եթե մեկը տասը տարի ՀՀ քաղաքացի չէ, կարող է ձեռք բերել 10 տարվա քաղաքացիության մասին փաստաթուղթ եւ դառնալ հանրապետության նախագահ: Նման պրակտիկա մեր երկրում արդեն երկու անգամ կիրառվել է, ես չեմ զարմանում, որ պատգամավորներն էլ տառապում են զանազան հիվանդություններով»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել