ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՓՌՎԵԼ ԵՆ ՍՓՅՈՒՌՔ «Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի հերթական դիվանագետները պատրաստվում են լքել պետականության նավը: Իտալիայում եւ Հունաստանում Հայաստանը ներկայացնող դեսպաններ Գագիկ Բաղդասարյանը եւ Արմեն Պետրոսյանը, ավարտելով իրենց պարտքը երկրի առջեւ, պատրաստվում են համալրել սփյուռքահայ գործարարների շարքերը: Սույն դիվանագիտական դեմքերը թվով 11 եւ 12-րդն են, որ գնում են այդ ճանապարհով: Նրանցից առաջ դիվանագիտությունից Սփյուռք են սփռվել Արա Հակոբյանը՝ Արգենտինայում ՀՀ դեսպան, Գառնիկ Նանագուլյանը՝ Կանադայում ՀՀ դեսպան, Սպարտակ Կոստանյանը՝ Բելառուսում ՀՀ դեսպան, Սուրեն Սահակյանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան, Գագիկ Շահբազյանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան (այնուհետեւ մեկնեց ԱՄՆ), Արմեն Սարգսյանը՝ Անգլիայում ՀՀ դեսպան, Արմեն Նավասարդյանը՝ Լիբանանում ՀՀ դեսպան, Էդուարդ Խուրշուդյանը՝ Ղազախստանում ՀՀ դեսպան,Պողոս Սարգսյանը՝ Հալեպում գլխավոր հյուպատոս, Մովսես Աբելյանը՝ ԱՄՆ-ում եւ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ: Թե ինչպիսի ավանդ են ներդրել այդ նախկին պաշտոնյաները (եւ ներկայիս սփյուռքահայերը) Հայաստանի պետականության կայացման գործում՝ կարելի է վիճել: Փոխարենն անվիճելի է, որ լավագույնս օգտագործել են իրենց զբաղեցրած դիրքը, կապերը, Սփյուռքի բարոյական եւ նյութական օգնությունները՝ անձնական հարցերը լուծելու համար: Նրանցից յուրաքանչյուրը այժմ ծաղկում է բիզնեսի մի ոլորտում՝ հավանաբար փափագելով, որ իր մարմինը հանգստություն գտնի հայրենի հողում: Ի դեպ, դեռեւս դեսպաններ Արմեն Պետրոսյանի եւ Գագիկ Բաղդասարյանի՝ դիվանագիտական գործունեությունը չշարունակելու նկրտումների մասին ՀՀ արտաքին գերատեսչությունից առայժմ հնարավոր չեղավ հստակ տեղեկատվություն ստանալ. «Դա կճշտվի ժամանակի ընթացքում: Այժմ նախապատրաստվում է նախագահի այցն Իտալիա: Դրանից հետո միայն կադրային շարժերի մասին կարելի է խոսել»,- «Առավոտին» փոխանցեցին ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ