ՀԻՄԱ ԷԼ՝ ԷՅՆԱՐՍՈՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ Համաձայն հաստատված օրակարգի՝ այսօր ԵԽԽՎ-ն պիտի քննարկի Միգրացիայի, փախստականների եւ բնակչության կոմիտեի զեկուցող՝ շվեդ պատվիրակ Մաթս Էյնարսոնի զեկույցը, որը վերաբերում է բռնի տեղահանության եւ էթնիկ զտման զոհերին: Եվ զեկույցում առանձին անդրադարձ կա Հարավային Կովկասի երկրներին: Զեկուցողը նշում է, թե ըստ գնահատականների՝ այս տարածաշրջանում առկա հակամարտությունները պատճառ են դարձել 1 մլն-ից ավելի մարդկանց տեղահանման, «որոնցից 900 հազարն ադրբեջանցիներ են, 150 հազարը՝ հայեր եւ ավելի քան 250 հազարը՝ վրացիներ»: Նաեւ նշվում է, թե Միգրացիայի, փախստականների եւ բնակչության կոմիտեն այժմ նախապատրաստում է առանձին զեկույց, որը վերաբերելու է այս տարածաշրջանում տեղահանվածների եւ փախստականների ճակատագրին (զեկուցողը լատվիացի պատվիրակ Սայլեւիկսն է): Էյնարսոնը նախապատրաստել է նաեւ բանաձեւի նախագիծ, որում առաջարկվում է ստեղծել բռնի տեղահանվածների եւ էթնիկ զտման զոհերի եվրոպական կենտրոն,? եւ որ այդ հարցը քննարկվի Եվրախորհրդի անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 2005-ի մայիսին կայանալիք 3-րդ հանդիպման ընթացքում: Ակնհայտ է, որ ադրբեջանցիները որոշ աշխատանք իրականացրել են այս զեկույցի առնչությամբ: Էյնարսոնը մեջբերում է ադրբեջանական պատվիրակության անդամ Բախթիար Ալիեւին, ըստ որի՝ Հայաստանի ՍՍՀ8211ից 1948-ի եւ 1953-ի ընթացքում զանգվածայնորեն տեղահանվել են ադրբեջանցիներ: Իսկ ինչպե՞ս են զեկույցին արձագանքել հայկական պատվիրակության անդամները: Նկատենք, որ այս փաստաթղթի մասին մինչ այժմ չէր խոսվում? Հայաստանում: Իսկ երեկ ականատես դարձանք, որ Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ նիստերի դահլիճի առջեւ ստորագրություններ է հավաքում, որի նպատակը, ինչպես մեզ հայտնեց, այս է՝ ստեղծվելիք եվրոպական կենտրոնում իր տեղը պիտի ունենա Հայոց ցեղասպանության խնդիրը: Նաեւ նկատեց, թե Էյնարսոնի զեկույցում թեեւ առանձին անդրադարձ կա Խորհրդային Միության տարիներին բռնի տեղահանվածներին՝ «Գրեթե բոլորի անունները կան, իսկ հայերինը՝ ոչ: Մինչդեռ մենք էլ ունենք այդպիսի փաստ՝ 1949-ին սփյուռքահայերի աքսորումը Սիբիր: Կարծում ենք, սա էլ պիտի մատնանշվի»: Ա. Ի.