Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշացած

Հունվար 27,2005 00:00

Ուշացած խոստովանություն Արժանին պետք է հատուցել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանին, որի հնչեցրած գնահատականները ոչ այլ ինչ են, քան աննախադեպ սթափ ինքնաքննադատություն: Կատակ բան չէ. կոալիցիոն կոչված իշխանության մաս կազմող Դաշնակցության ներկայացուցիչն արձանագրում է. «Իհարկե, ԵԽ փաստաթղթում որոշ բարեփոխումներ եղան, մասնավորապես ինչ-որ տարանջատում է նկատվում Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ, այն էլ՝ շնորհիվ հանգամանքի, որ նման իրավիճակ գոյություն ուներ 1992-ին: Բայց սա նշանակում է, որ անդամակցության հինգ տարիների ընթացքում մենք կորցրել ենք մեր դիրքերը Ղարաբաղի հարցում, եւ դա պետք է լուրջ հետեւությունների տեղիք տա»: Փորձենք մի փոքր լարել մեր հիշողությունը եւ մտաբերել, թե ովքեր են Հայաստանում իշխել վերջին հինգ, եթե չասենք՝ ութ տարիների ընթացքում: Միանգամայն ճիշտ է՝ «ազգային» եւ «ազգընտիր» նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր ոչ պակաս «ազգային» զանազան մանր ու մեծ սատարիչ կուսակցություններով հանդերձ, որոնց շարքում էր նաեւ նույն Դաշնակցությունը: Մարդը պարզից էլ պարզ խոստովանում է՝ «հինգ տարիների ընթացքում մենք կորցրել ենք մեր դիրքերը»: Սակայն ՀՅԴ-ի համար ամենացավոտը, թերեւս, Ռուստամյանի խոստովանության հաջորդ հատվածն է, որում վերջինս, ըստ էության, 1992 թվականը համարում է ղարաբաղյան հարցի առումով շատ ավելի նպաստավոր: Հիշեցման կարգով նշենք, որ այդ ժամանակ Հայաստանի ղեկավարը Ռ. Քոչարյանը չէր… Վերջապես, Ռուստամյանը եզրահանգում է անում. «Այս ամենը պետք է լուրջ հետեւությունների տեղիք տա»: Ամենեւին հասկանալի չէ, սակայն, թե ում է ուղղված նրա հորդորը եւ ով պետք է անի անհրաժեշտ հետեւությունները: Ռ. Քոչարյա՞նը: Բայց չէ՞ որ հենց վերջինս, ղարաբաղյան գործընթացները հայկական կողմի համար խիստ աննպաստ համարելով, թքեց մեր նորանկախ երկրի Սահմանադրության վրա եւ Ղարաբաղը փրկելու ինչ-որ անհասկանալի «հաղթողական» ծրագրերով տեղավորվեց Հայաստանի նախագահի պաշտոնի մեջ: Գուցե Վարդան Օսկանյա՞նը պետք է եղածից հետեւություններ անի: Այդ դեպքում ցավալի կլիներ մտածելը, որ ԵԽԽՎ ընդունած այս խայտառակ բանաձեւի միակ պատասխանատուն արտգործնախարարն է, որին, ի դեպ, այդ պաշտոնում Իլհամ Ալիեւը չի նշանակել, այլ՝ նույն Ռոբերտ Քոչարյանը: Գուցե հենց իրենք՝ կոալիցիա՞ն, ու այդ թվում՝ դաշնակնե՞րը պետք է «լուրջ հետեւություններ անեն»: Բայց ի՞նչն էր նրանց խանգարում այդ անել քիչ ավելի վաղ, երբ Քոչարյանի «ազգային» քաղաքականության արդյունքում Եվրոպայում դեռեւս այսչափ փչացած չէր ղարաբաղյան խնդրի էության ընկալումը: Ռուստամյանը վստահ է, որ Բաքուն այսպիսով մարտական գործողությունների քարտ-բլանշ ստացավ Եվրոպայից, ուստիեւ չի բացառում, որ դեպքերը հենց այդ սցենարով էլ զարգանան: Ցավալին այն է, սակայն, որ վերջին տարիներին իշխանություններն իրենց դիրքերը կորցրել են ոչ միայն Ղարաբաղի հարցում, եւ նոր պատերազմի դեպքում (Աստված մի արասցե) դժվար թե ժողովրդից բարոյական աջակցություն ստանան: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել