Աթկինսոնի զեկույց Կողմ եւ դեմ Երբ Թերի Դեւիսը դարձավ ԵԽԽՎ նախագահ, ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները պնդում էին, որ նրա պատրաստած զեկույցը ԼՂ հակամարտության վերաբերյալ արխիվ կգնա եւ նրան փոխարինած Դեյվիդ Աթկինսոնն իր զեկույցը կսկսի զրոյից: Երբ այդպես չեղավ, նրանք թեեւ խոստովանում էին, որ զեկույցը մեզ համար շատ անբարենպաստ դրույթներ է պարունակում, բայցեւ հույս էին տածում, թե ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում իրենք դեռ կարող են փոփոխություններ անել: Հիմա, երբ դա էլ չստացվեց եւ Աթկինսոնի զեկույցն առանց էական փոփոխությունների ընդունվեց բանաձեւի տեսքով, մեր իշխանությունները՝ ի դեմս ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի՝ ՀՀ նախագահի անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի եւ ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանի, հայտարարում են, որ փաստաթուղթը, միեւնույն է, իրավական հետեւանք չի ունենալու եւ ԵԽԽՎ որեւէ բանաձեւ պարտադիր չէ կատարման համար: Մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ընդունված աթկինսոնյան բանաձեւը՝ Տ. Թորոսյանը նշել էր, թե այդ փաստաթուղթը ԼՂ հետ կապված առաջինն է, որտեղ երկրորդ կետում հստակ ձեւակերպվում է, որ որեւէ երկրի տարածքի ժողովուրդ կարող է անջատվել այդ երկրից ժողովրդավարական միջոցներով եւ այդ տարածքի ժողովրդի աջակցության հիման վրա: Մեջբերենք բանաձեւի՝ պրն Թորոսյանի մատնանշած 2-րդ կետն ամբողջությամբ՝ հետեւությունները թողնելով ընթերցողներին. «Վեհաժողովը մտահոգություն է արտահայտում, որ ռազմական գործողությունները եւ դրանց նախորդող լայնատարած էթնիկ թշնամությունը հանգեցրել են էթնիկ հիմքով լայնամասշտաբ վտարման եւ միաէթնիկ տարածքների ստեղծման, ինչը նմանվում է էթնիկ զտման սարսափելի հայեցակարգին։ Վեհաժողովը վերահաստատում է, որ ռեգիոնալ տարածքի անկախությունը եւ անջատումը որեւէ պետության կազմից կարող է տեղի ունենալ միայն օրինական եւ խաղաղ գործընթացի միջոցով, որը հիմնված է տվյալ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցությանը, այլ ոչ զինված հակամարտության բռնկման ժամանակ, ինչը հանգեցնում է էթնիկ վտարումների եւ տվյալ տարածքի փաստացի կցմանը մեկ այլ պետության։ Վեհաժողովը կրկնում է, որ անդամ պետության կողմից օտարերկրյա տարածքի գրավումը Եվրոպայի խորհրդի առջեւ տվյալ պետության պարտականությունների կատարման խախտում է, եւ վերահաստատում է հակամարտության տարածքից տեղահանված անձանց անվտանգ եւ արժանապատվորեն տուն վերադառնալու իրավունքը»։ Որ սույն փաստաթուղթն իրավական հետեւանք չունի, երեկ ասաց նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը՝ հավելելով, որ փաստաթղթում «կան կետեր, որոնք հնարավորություն են տալիս լեգիտիմացնել ԼՂ ինքնորոշման իրավունքը, եւ որ ոչ մի որոշում չի կարող պարտադրվել ԼՂ բնակչությանը»: ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի դիտարկմամբ, փաստաթուղթը նախադեպ է ստեղծում, որ Ադրբեջանի վարչակազմը որոշակի հարաբերություններ հաստատի ԼՂ իշխանությունների հետ: ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի ասելով, Աթկինսոնի զեկույցը Հայաստանի եւ ԼՂ-ի համար չափազանց վտանգավոր է, որ ԵԽԽՎ-ն, ըստ էության, «հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն»: «Սրանից հետո ինչի՞ մասին կարելի է խոսել»,- ասաց Վ. Դալլաքյանը՝ հավելելով, թե զեկույցը կարող է ունենալ եւ իրավական, եւ քաղաքական լուրջ հետեւանքներ: Նրա մեկնաբանությամբ, «եթե որեւէ երկիր մեղադրվում է այլ երկրի տարածքը օկուպացնելու մեջ, նրա նկատմամբ կարող են լուրջ պատժամիջոցներ իրականացվել»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԱրտաշես Գեղամյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ կարդացեք