ԱՐՏԱՇԵՍ
ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ-ՈՒՄ Հարգելի
նախագահ, հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղի դիմակայության հարցի քննարկման
բնույթը հիշեցնում է հելլենական դարաշրջանի մեծ փիլիսոփաներ Պլատոնի ու Արիստոտելի
բանավեճը «Տեսողության կուրությունն ու կուրության տեսողությունը, կամ արդյո՞ք խլուրդն
աչքեր ունի» թեմայով: Երբ այդ վեճը շատ երկարեց, ստրուկ այգեպանն ուղղակի առաջարկեց
վերցնել խլուրդին ու նայել՝ նա աչքեր ունի՞, թե՞ ոչ: Բայց փիլիսոփաները պատասխանեցին,
որ ճշմարտությունն ի հայտ բերելու համար իրենց խլուրդ պետք չէ:
Այսպես էլ
հիմա ԵԽԽՎ-ում ուզում են Լեռնային Ղարաբաղի 140 հազարանոց բնակչության ճակատագիրը
լուծել՝ առանց նրան բանավեճի հրավիրելու: Հայաստանի պատվիրակությունը, որը պնդում
էր նրանց պարտադիր հրավիրել, ցավոք, Ադրբեջանի տխրահռչակ հովանավորների ջանքերով,
ըստ էության, հայտնվեց ստրուկ այգեպանի դերում: Եվ այն դեպքում, երբ մեր գործընկերներն
Ադրբեջանից երբեք չեն հասնի Պլատոնին եւ Արիստոտելին, իսկ նրանց հովանավորներն՝ առավել
եւս: Հարկ չկա ասել նաեւ, որ հարգարժան պարոն Դեյվիդ Աթկինսոնը արդեն տասը տարի է,
ինչ չի եղել Լեռնային Ղարաբաղում: Ինչո՞ւմն է հարցի էությունը: Ադրբեջանը
ձգտում է իր տիրապետությունը հաստատել էթնիկապես օտար, քրիստոնեական բարոյական սկզբունքներ
ունեցող բնակչությամբ տարածքի վրա: Այստեղ, ԵԽԽՎ-ում համառորեն չեն ուզում տեսնել,
որ Լեռնային Ղարաբաղի բնակչության կրթական մակարդակը ազատության եւ անկախության,
կրկնում եմ՝ ազատության եւ անկախության 15 տարիների ընթացքում էականորեն գերազանցում
է Ադրբեջանի համանման ցուցանիշը: Բնակչության հազար հոգուն հասնող ուսուցիչների,
բժիշկների, ուսանողների եւ դպրոցականների թիվը նույնպես բարձր է, քան՝ Ադրբեջանում,
ինչպես նաեւ բարձր են մեկ անձին բաժին ընկնող եկամուտները: Եվ, ամենագլխավորը՝
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ազատությունը նվաճել է մարդկային հսկայական զոհերի
եւ զրկանքների գնով, որոնք նա կրեց Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մինգեչաուրում,
Դաշքեսանում տեղի ունեցած ջարդերի արդյունքում: Էլ չեմ ասում այն բազմահազար զոհերի
մասին, որոնք ընկան 8 միլիոնանոց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը
պարտադրած պատերազմի պատճառով: Այսօր ադրբեջանցի մեր գործընկերները, իրենց
կողմից սանձազերծված ռազմական բռնի գործողություններում տապալվելուց հետո համառորեն
ջանում են արդեն բռնության ենթարկել հակամարտության պատմությունը: Այդ ոչ շնորհակալ
գործում նրանց փաստարկն է համարվում ոչ թե պատմական ճշմարտության վերականգնումը,
այլ սեւ ոսկու՝ նավթի ուժին ապավինումը: Նույն ադրբեջանական նավթի, որը վեր դասվեց
19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին Օսմանյան կայսրությունում կոտորված
1,5 միլիոն անմեղ հայերի արյունից: Պատմական ճակատագրերի կամոք, գուցեեւ Աստվածային
նախախնամությամբ, հայերի համար այդ ողբեգական ու խառնակ ժամանակներում Բրիտանական
կայսրության վարչապետը Ռոբերտ Սոլսբերին էր: Հենց նա հայերի աղաչանքներին՝ փրկել
Արեւմտյան Հայաստանի 2 միլիոնանոց բնակչությունը թուրքական յաթաղանից, 1896թ-ին,
շատ լուրջ եւ ցինիկաբար ասաց. «Անգլիական ռազմանավերը չեն կարող բարձրանալ հայկական
լեռները»: Երեւի դրանք դեռ չէին հասցրել իջնել Աֆղանստանի Հինդիկուշյան լեռներից
եւ դրա հետեւանքը եղավ առաջին ողբերգությունը՝ հայերի կոտորածը Օսմանյան կայսրությունում
սուլթան Համիդի իշխանության օրոք, որը անվանվեց արյունարբու: Տարիներ անց
Բրիտանական կայսրությունը ունեցավ այլ վարչապետ, դա ականավոր քաղաքական գործիչ եւ
հումանիստ Դեվիդ Լլոյդ-Ջորջն էր, որը բնութագրելով 1919թ-ի փարիզյան խաղաղ կոնֆերանսի
մասնակից-պետությունների պաշտոնական դիրքորոշումը, գրել է. «Հայաստանի բնակիչները,
թե՛ ռասայական, թե՛ կրոնական սկզբունքով տարբերվում են իշխող թուրք ազգությունից:
Հավատով նրանք քրիստոնյա էին: Տխրահռչակ Աբդուլ Համիդը իրականացրել է այդ հնագույն
ժողովրդին արտաքսելու քաղաքականությունը՝
հայկական մեծամասնությանը վերածելով խղճուկ
ու վախեցած փոքրամասնության:
Դաշնակից տերությունները (Բրիտանական կայսրություն,
Ֆրանսիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Չեխոսլովակիա, Ռումինիա, Սերբա-Խորվաթա-Սլովենական
պետություն, Հեջաս եւ Ճապոնիա) ունեն կարծիք, որ չի կարելի թույլատրել թուրքերին
վայելել իրենց գազանությունների պտուղները, իսկ հայ ժողովրդին պետք է լրիվ վերադարձվի
նախնիների ժառանգությունը եւ երբեմնի հզորությունը վերականգնելու հնարավորություն
տրվի» (Դեվիդ Լլոյդ-Ջորջ «Ճշմարտությունը խաղաղ պայմանագրերի մասին»): Գրեթե
90 տարի անց ուզում են պատմությունը կրկնել: Սակայն հուսով ենք, որ ԵԽԽՎ-ն գիտակցում
է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անպարտելի է, քանզի նա պայքարում է իր ազատության
համար, իսկ ազատությունը չի վախենում մահից ու Աստվածային դատաստանից, ի տարբերություն
ստրկության, որի մեջ ոմանք ԵԽԽՎ-ում ուզում են գցել նրան: Ելույթս կուզենայի
ավարտել Բրիտանական պետության պատմության առաջին մարդու՝ Ուինսթոն Չերչիլի խոսքերով.
«Պետական գործչի տարբերությունը քաղաքական գործչից կայանում է նրանում, որ քաղաքական
գործիչը կողմնորոշվում է հաջորդ ընտրություններով, իսկ պետական գործիչը՝ հաջորդ սերունդներով»:
Եթե ԵԽԽՎ պատգամավորները չանցնեն քաղաքական գործչին պետական գործչից բաժանող
ռուբիկոնը, ապա շատ շուտով գերմանացի տաղանդավոր փիլիսոփա Օսվալդ Շպենգլերի մռայլ
կանխատեսումները կիրականան եւ կսկսվի «Եվրոպայի մայրամուտը»: Եվ դա կծանրանա մեր
բոլորի խղճի վրա: ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ Եվրոպական ժողովրդական
կուսակցություններ/ քրիստոնեա դեմոկրատներԵվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամՍտրասբուրգ, 25 հունվարի,
2005թ.R