Ըստ
իրանցի գործարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետը փողի «ընդունում-հանձնումը»
կատարում էր սեփական հիմնարկի դիմաց: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների
առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) շաբաթվա սկզբին հետաձգվեց
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Փարվիզ Նոսրաթի Ալամդարիի դեմ Վլադիմիր
Սահակյանի հայցադիմումի քննությունը: Դատարան էր ներկայացել հայցվորի նոր ներկայացուցիչը՝
Մհեր Շահնազարյանը, որը դատարանին խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար հետաձգել
դատական նիստը: Ի դեպ, Իրանի քաղաքացին էլ ունեցավ իր նոր ներկայացուցիչը, որը Հայաստանի
փաստաբանների միության անդամ Հայկ Ալումյանն էր: Հայցվոր Սահակյանը արդեն
դատական երրորդ նիստն է, ինչ պահանջում է «Շահաբ» անհատական ձեռնարկության տնօրեն
Փարվիզ Ալամդարիից 25800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտքը: Ըստ հայցվոր Վ. Սահակյանի,
ինքը 1999թ. փետրվարի 15-ին 3 ամիս ժամկետով կնքել է փոխառության պայմանագիր՝ քիմմաքրման
ձեռնարկությանը տրամադրելով 12000 ԱՄՆ դոլար: Պատասխանող Փարվիզ Ալամդարին երեկ «Առավոտին»
հայտնեց, որ ընդհանրապես չի ճանաչում հայցվորին եւ առհասարակ նրանից գումար չի վերցրել:
Նույնը նա պնդել էր հունվարի 17-ի դատական նիստի ժամանակ: Իրանցու խոսքերով, Սահակյանի
եղբայրը՝ Վրեժ Գասպարյանը, աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես իրավաբանական
վարչության պետ, որը եւ խնդրել էր Փարվիզին՝ իր փոքր եղբորը տեղավորել ընդունման-հանձնման
կետում: Իսկ գումարը, որի մասին խոսում է հայցվորը, ինքը, իրանցի գործարարը, անձամբ
է նախագահի նստավայրի դիմաց հանձնել Վրեժ Գասպարյանին, երբ հարկայինի աշխատողները
մտել էին «Շահաբ»: Վարչության պետը հանձն էր առել «հարցերը լուծել հօգուտ «Շահաբի»:
Սակայն գործարարը ինքնուրույն է կարողացել լուծել հարկայինի հետ առաջացած խնդիրները,
ուստիեւ դիմել է Գասպարյանին՝ իր գումարը ետ ստանալու համար: Փարվիզ Ալամդարին «Առավոտին»
հայտնեց, որ «նա հաջորդ օրը բերեց $5000, պրեզիդենտի ապարատի դիմաց գումարը տվեց
ինձ, ասելով՝ մնացածը էնենց մեկին եմ տվել, որ չեմ կարող ետ վերցնել»: Այնուամենայնիվ,
ըստ Փարվիզի, $6000 գումար Վ. Գասպարյանն իրեն վերադարձնում է: Գործարարը ստորագրում
է ստացականը՝ ինքն իրեն փաստորեն փաստաթղթային թակարդի մեջ գցելով: Այն դեպքում,
երբ իրենց մեջ գումարային հարաբերությունները մինչ այդ որեւէ թղթով չեն կարգավորվել:
Երեք տարի անց սկսվում է Փարվիզի նկատմամբ պարտքի բռնագանձման պահանջով հայցադիմումների
հոսքը դատարան: Հայցվոր Վ. Սահակյանի ներկայացուցիչը դատարանին տեղեկացրել
էր նաեւ, որ 2002-ին «Շահաբ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, իսկ 2004-ի հունիսի 7-ին ՀՀ
տնտեսական դատարանի վճռով՝ անվճարունակ եւ լուծարվել: Այս քաշքշուկի մասին
գործարարը ժամանակին տեղեկացրել էր Հայաստանում ԻԻՀ նախկին դեսպան Քոլեյնիին, վերջինս
էլ դիմել է նախագահի աշխատակազմին՝ ձեռնպահ մնալ գործարարին խանգարելուց: Արդյունքում՝
«Շահաբի» գույքը դրվել է աճուրդի: Այդ գույքի մեջ էր մտնում նաեւ 25 հազար դոլար
արժողությամբ «Նաիրիտից» գնած կաուչուկը: Փ. Ալամդարին ասում էր, որ պահանջվող գումարը
«չարքաշ փող է», նա չի կարող հենց այնպես վերցնել տալ մեկին, որի հետ ինքը ընդհանրապես
ծանոթ չէ: Նա համոզված է, որ նախագահի աշխատակազմից դատավորի վրա ճնշումներ կլինեն
եւ որ հայցվորի խնդիրն է իր ձեռքից խլել իր գույքը: Ի դեպ, հայցվորը դատարանում հանդես
էր եկել միջնորդությամբ՝ որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել «Շահաբի» գույքի
վրա: Երեքշաբթի պատասխանողը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ինչպես
նաեւ «Առավոտին» տրամադրեց իր ներկայացուցչի բացատրությունները: Ըստ դրանց, հայցն
անհիմն է եւ ենթակա մերժման ամբողջությամբ, քանի որ պայմանագիրը «կնքվել» է 1999թ.
փետրվարի 15-ին եւ պարտավորության կատարման ժամկետ է սահմանվել 1999-ի մայիսի 15-ը:
«Հետեւապես, երաշխավորությունը (եթե ընդունենք, որ Փ. Նոսրաթին տվյալ դեպքում հանդես
է եկել որպես երաշխավոր) դադարել է դեռ 16.05.2000թ., բացի այդ, հայցվորը բաց է թողել
նաեւ ՀՀ քաղօրի 332 հոդվածով նախատեսված հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը՝
երեք տարին»,- գտնում է պատասխանողի ներկայացուցիչ Հ. Ալումյանը: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ