ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ
ՍՓՌՎԵԼ ԵՆ ՍՓՅՈՒՌՔ «Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի
հերթական դիվանագետները պատրաստվում են լքել պետականության նավը: Իտալիայում եւ Հունաստանում
Հայաստանը ներկայացնող դեսպաններ Գագիկ Բաղդասարյանը եւ Արմեն Պետրոսյանը, ավարտելով
իրենց պարտքը երկրի առջեւ, պատրաստվում են համալրել սփյուռքահայ գործարարների շարքերը:
Սույն դիվանագիտական դեմքերը թվով 11 եւ 12-րդն են, որ գնում են այդ ճանապարհով:
Նրանցից առաջ դիվանագիտությունից Սփյուռք են սփռվել Արա Հակոբյանը՝ Արգենտինայում
ՀՀ դեսպան, Գառնիկ Նանագուլյանը՝ Կանադայում ՀՀ դեսպան, Սպարտակ Կոստանյանը՝ Բելառուսում
ՀՀ դեսպան, Սուրեն Սահակյանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան, Գագիկ Շահբազյանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան
(այնուհետեւ մեկնեց ԱՄՆ), Արմեն Սարգսյանը՝ Անգլիայում ՀՀ դեսպան, Արմեն Նավասարդյանը՝
Լիբանանում ՀՀ դեսպան, Էդուարդ Խուրշուդյանը՝ Ղազախստանում ՀՀ դեսպան,Պողոս Սարգսյանը՝
Հալեպում գլխավոր հյուպատոս, Մովսես Աբելյանը՝ ԱՄՆ-ում եւ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ:
Թե ինչպիսի ավանդ են ներդրել այդ նախկին պաշտոնյաները (եւ ներկայիս սփյուռքահայերը)
Հայաստանի պետականության կայացման գործում՝ կարելի է վիճել: Փոխարենն անվիճելի է,
որ լավագույնս օգտագործել են իրենց զբաղեցրած դիրքը, կապերը, Սփյուռքի բարոյական
եւ նյութական օգնությունները՝ անձնական հարցերը լուծելու համար: Նրանցից յուրաքանչյուրը
այժմ ծաղկում է բիզնեսի մի ոլորտում՝ հավանաբար փափագելով, որ իր մարմինը հանգստություն
գտնի հայրենի հողում: Ի դեպ, դեռեւս դեսպաններ Արմեն Պետրոսյանի եւ Գագիկ
Բաղդասարյանի՝ դիվանագիտական գործունեությունը չշարունակելու նկրտումների մասին ՀՀ
արտաքին գերատեսչությունից առայժմ հնարավոր չեղավ հստակ տեղեկատվություն ստանալ.
«Դա կճշտվի ժամանակի ընթացքում: Այժմ նախապատրաստվում է նախագահի այցն Իտալիա: Դրանից
հետո միայն կադրային շարժերի մասին կարելի է խոսել»,- «Առավոտին» փոխանցեցին ԱԳՆ
հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ