Այս
եզրակացությանը եկանք ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի հետ
Աթկինսոնի նախապատրաստած փաստաթղթի շուրջ զրույցից հետո: – Ձեզ բավարարո՞ւմ
է Աթկինսոնի զեկույցը եւ Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունված բանաձեւը: –
Իհարկե՛: Բանաձեւն արտացոլում է այն իրողությունները, որոնք առկա են Հարավային Կովկասում,
եւ մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության առնչությամբ: Բանաձեւի
արժեքավորությունն այն է, որ Եվրոպայի խորհուրդը, փաստորեն առաջին անգամ, իր փաստաթղթում
որոշակի՛, հստա՛կ ցույց տվեց այն, ինչ իրականում կա տարածաշրջանում, այսինքն՝ ադրբեջանական
հողերի բռնազավթում, անջատողականություն Լեռնային Ղարաբաղում, էթնիկ զտումներ, հումանիտար
աղետ՝ փախստականներին առնչվող իրավիճակում, եւ անթույլատրելի համարվեց, որ Եվրախորհրդի
անդամ պետությունը բռնազավթած պահի մեկ այլ պետության տարածքը: Ահա սրանք են հիմնական
շեշտադրումները, որոնց կհավելեի այն, որ զեկույցում մատնանշված է, թե անհրաժեշտ է
քննարկումներ անցկացնել Ղարաբաղի երկու համայնքների հետ, բանակցել եւ մտածել ապագայի
մասին: – ԵԽԽՎ-ում Ձեր ելույթում ասացիք, թե քաղաքական հարցերի հանձնաժողովի
նիստից հետո, որտեղ տապալվեցին ադրբեջանցիների առաջարկները, Ձեզ մոտենում էին այլ
պատվիրակներ եւ խոստովանում, թե ի՜նչ կարող էին անել, երբ հայերի ետեւում կան նման
հզոր ուժեր: Եթե իրոք կան նման հզոր ուժեր՝ ինչո՞ւ չանցան մեր առաջարկները: –
Այո՛, այդ ուժերը հաստատապե՛ս գոյություն ունեն՝ սա հրաշալի հայտնի է, եւ հայկական
լոբբիի գոյությունը ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ այն շատ ուժեղ է, ազդեցիկ եւ հարուստ:
Եվ հայկական լոբբին կարող է անել այն, ինչ ցանկանում է: Սակայն առաջարկները
չանցան, քանի որ դրանք չէին համապատասխանում իրականությանը: Քանի որ ժամանակակից
աշխարհում այլ են հարաբերությունները. կարող է լինել հսկա երկիր եւ մի փոքրիկ կետ,
բայց նրանք լինեն բացարձակ հավասար գործընկերներ միջազգային իրավունքի տեսակետից:
Նույնը նաեւ այստեղ է՝ այո՛, գործադրվել է ազդեցություն՝ խեղաթյուրելու զեկույցի
տեքստը, որ այն կորցնի իր հավասարակշռվածությունը: Բայց չնայած գործադրված բոլոր
ջանքերին՝ միջազգային հանրությունը ճիշտ եւ համարժեք արձագանքեց նրան, որ կան միջազգային
օրենքներ եւ դրանք չի կարելի փոխել: Ուստի եւ չընդունվեցին առաջարկները: –
Փորձագետները նշում են, թե Աթկինսոնի փաստաթղթում ընտրողական հղումներ են արված միջազգային
փաստաթղթերին: Ասենք՝ բանաձեւում խոսվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի
եւ 1992 թ. մարտի 24-ին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հելսինկյան լրացուցիչ հանդիպման
մասին, սակայն լռության է մատնված 1994-ի դեկտեմբերի 6-ի ԵԱՀԿ բուդապեշտյան վեհաժողովի
որոշումը, որն ամենածանրակշիռն էր եւ առավել իրադրայինը բանակցությունների արդյունքներով:
– Ես գտնում եմ, որ զեկույցում ներկայացված էին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Դրանց քանակությունն ահռելի է, եւ կարելի է գտնել ինչ-որ այլ փաստաթղթեր: Սակայն
այն բոլոր փաստաթղթերում, որոնք ընդունված են եղել միջազգային հանրության կողմից՝
ոչ ոք եւ երբե՛ք կասկածի տակ չի առել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ
սկզբունքին իբրեւ հակակշիռ երբեմն հիշատակում են ազգերի ինքնորոշման սկզբունքը: Սակայն
մենք բազմիցս նշել ենք, որ հայերն արդեն ինքնորոշվել են եւ ունեն իրենց պետությունը:
Եվ բացի այդ՝ ինքնորոշման իրավունքը երբե՛ք չի հակասել տարածքային ամբողջականությանը:
Կարելի է ինքնորոշվել մշակութային կամ էթնիկ առումներով՝ պետության տարածքային ամբողջականության
շրջանակներում: – ԵԽԽՎ-ում այս զեկույցի քննարկման ժամանակ շատ պատվիրակներ
նշեցին, թե անհնար է այս հարցը լուծել առանց կողմերից մեկի՝ Ղարաբաղի ներկայացուցիչների
ներգրավման, եւ նրանք անպայմա՛ն պիտի ընդգրկվեն բանակցություններում: Ձեր պատվիրակության
անդամներն առարկեցին այս մոտեցմանը՝ այն անվանելով բռնակցումն օրինականացնելու փորձ:
Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է Ղարաբաղի հարցը լուծել առանց հաշվի առնելու ղարաբաղցիների տեսակետը:
– Ձեր պետության ներկայացուցիչները փորձում էին բանաձեւում ընդգրկել ձեւակերպում,
թե պիտի բանակցեն Լեռնային Ղարաբաղի վարչակազմի ներկայացուցիչները: Եվրոպայի խորհուրդը,
Եվրամիությունը, ՄԱԿ-ը գնահատել են, թե այդ ընտրությունները եւ վարչակազմն ապօրինի
են: Իսկ քանի որ այն ապօրինի է՝ չի կարող մասնակցել ինչ-ինչ օրինական միջոցառումների:
Բայց այդ իրավունքից չի կարելի զրկել սովորական մարդկանց: Ուստի եւ բանաձեւում նշված
է, թե շփումներ պիտի լինեն հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, բայց՝ ադրբեջանական
համայնքի ներկայացուցիչների հետ միասին: Մենք դրան դեմ չենք: Մենք դեմ էինք միայն
«ընտրված» բառին, որը հետո փոխարինեցին «վարչակազմ» բառով, քանի որ դա ապօրինի է
միջազգային իրավունքի տեսակետից եւ ընդունված բոլոր օրենքների խախտում է: Հարցազրույցը
վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸՍտրասբուրգ Հ. Գ. Ի դեպ, երբ
ԵԽԽՎ-ում քննարկվում էր Հայաստանի պատվիրակության առաջարկը, որ բանակցություններում
ներգրավվեն Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչները՝ ադրբեջանական պատվիրակության
անդամներից մեկը՝ նշելով, թե դա վարչակազմի օրինականացման փորձ է, մեջբերեց նաեւ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի հայտարարությունը, թե ճանաչում են Ադրբեջանի
տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս: Հետաքրքիր կլիներ
ունկնդրել Հայաստանի արտգործնախարարի պարզաբանումը՝ արդյոք Մեծ Բրիտանիան անլո՞ւրջ
երկիր է: Հիշեցնենք, որ պրն Օսկանյանը վստահեցնում էր, թե ոչ մի լուրջ երկիր վերջին
տարիներին չի հայտարարել, որ Ղարաբաղի հարցի լուծումը դիտարկում են Ադրբեջանի տարածքային
ամբողջականության շրջանակներում: