Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Հունվար 26,2005 00:00

ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ ՀԻՆ ԿԱԴՐԵՐԻՆ Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը կայացավ ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի ընդլայնված նիստը, որի օրակարգում դրված էին կազմակերպչական օրախնդիր հարցեր: Նիստը վարում էր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մենք այս նիստի գումարումն այսքան ձգձգեցինք, որպեսզի ձեզ՝ ոլորտի պատասխանատուներիդ, առանց շտապելու ժամանակ տանք կողմնորոշվելու այն նկատառումով, որպեսզի այսուհետեւ անենք այնպես, որ յուրաքանչյուր մասնագետ լինի իր տեղում,- ասաց ՀԱՕԿ-ի նախագահը:- Ես իմ ընտրվելու ժամանակ հայտարարել եմ ու հիմա էլ կրկնում եմ. առավելագույն չափով լուծվելու են ձեր՝ մարզիչ-մասնագետներիդ առաջադրած բոլոր խնդիրները: Սակայն պահանջներն էլ լինելու են համարժեք: Աշխատանքի գնահատականը լինելու են արդյունքները Եվրոպայի, աշխարհի առաջնություններում: Պարտադիր չէ, որ անպայման ոսկե մեդալներ լինեն: Սակայն մրցանակային տեղեր պահանջելու ենք: Տարեկան երկու անգամ հաշվետվություն ենք պահանջելու: Առաջին անգամ ցուցանիշ չլինելու դեպքում կներենք, սակայն նույնը կրկնվելու դեպքում, անկախ ամեն ինչից, այսօր ընտրվող պատասխանատուներն իրենց տեղը կզիջեն ուրիշների: Իսկ եթե արդյունքներ կրկին չլինեն, ինչպես ասել եմ, Հայաստան եմ բերելու այլազգի մարզիկների, որպեսզի օլիմպիական խաղերում ու մյուս բարձրակարգ մրցումներում բարձրացվի մեր երկրի պետական դրոշը, հնչի մեր օրհներգը: Ինչ վերաբերում է հատկապես ֆեդերացիաներին ու դրանց նախագահների գործունեությանը, այսուհետ նրանց առջեւ էլ կոնկրետ խնդիրներ են դրվելու: Յուրաքանչյուր ոք, ով ուզում է ֆեդերացիայի նախագահ լինել, պետք է տարեկան $30-ից 50 հազար ներդրում կատարի իր մարզաձեւում: Բացի դա, նա պիտի տարվա ընթացքում մոտ հինգ անգամ հավաքական թիմերի հետ միասին մեկնի մրցումների, որպեսզի անձամբ տեսնի միջազգային ասպարեզներում տիրող իրավիճակը, մտածի առաջացող խնդիրները կարգավորելու ձեւեր գտնելու մասին»: Այնուհետեւ Գ. Ծառուկյանը անցավ օրակարգի առաջին՝ ֆեդերացիայի նախագահի, տեղակալների, քարտուղարի ընտրությանը: Անդրադառնալով ֆեդերացիայի նախագահ Սամվել Ալեքսանյանի՝ հաշվետու ժամանակահատվածում ծավալած գործունեությանը, նա նշեց, որ անձամբ դժգոհելու առիթներ չունի: Ֆեդերացիայի նախագահը միշտ էլ անհրաժեշտ աջակցություն է ցույց տվել ոչ միայն հանրապետության հավաքականներին, այլեւ ըստ ներկայացվածի նպաստել է ժամանակին լուծել ընդհանրապես մարզաձեւի առջեւ ծառացած բոլոր կազմակերպչական խնդիրները: Այդ կարծիքը միաձայն պաշտպանեցին նիստին ներկա բոլոր մասնագետները եւ քվեարկությամբ նրան վերընտրեցին այդ պաշտոնում: Ֆեդերացիայի նախագահի տեղակալներ ընտրվեցին Օլեգ Ադյանը եւ Սամվել Գեւորգյանը, իսկ քարտուղար՝ Լեւոն Վարդանյանը: Այնուհետեւ ընտրվեց նախագահության 17 հոգիանոց կազմ, որում ներկայացված են հունա-հռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտերի ներկայացուցիչներ: Պատվիրակները ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահի պարտականությունները վստահեցին միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանին: Վերստուգիչ հանձնաժողովում ընտրվեցին երեք հոգի, որոնք պետք է հետագայում որոշեն նախագահին: Լուծվեց նաեւ ըմբշամարտի երկու ոճերում մարզչական խորհուրդների հարցը, որոնցից յուրաքանչյուրը կազմված է 11 մասնագետից: Ինչ խոսք, գլխավորը հավաքականների մարզիչների ընտրությունն էր: Մարզիչ-մասնագետները ազատ ոճի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում առաջարկեցին մեկ թեկնածուի՝ ներկայումս գործող Հրանտ Ենոքյանին, ու միաձայն քվեարկեցին նրա օգտին: Երիտասարդական հավաքականի ղեկը վստահվեց Արա Բաղդադյանին, իսկ պատանեկանը՝ Էդիկ Թունյանին: Հունա-հռոմեական ոճում նույնպես ազգային հավաքականի մարզչի փոփոխություն չեղավ: Հերթական անգամ այդ պատասխանատու պաշտոնն զբաղեցրեց Լեւոն Ջուլֆալակյանը: Երիտասարդներին կմարզի Արմեն Բաբալարյանը, իսկ պատանիներին՝ Գագիկ Խաչատրյանը: Նիստի ավարտին պատվիրակները այլ հարցերի շրջանակներում բազմաթիվ հարցեր առաջադրեցին Գագիկ Ծառուկյանին, որոնք բոլորն էլ հենց տեղում իրենց լուծումներն ստացան: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել