Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական

Հունվար 26,2005 00:00

Հայկական վարժարան՝ օտարների՞ համար Եգիպտոսի հայ համայնքի պատմությունը բավականին հարուստ է: Եգիպտահայ համայնքի ներդրումը Եգիպտական պետության կայացման գործում՝ բացառիկ է եղել: Սա Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի կարծիքն է, որը նա փոխանցել է այդ երկրում ՀՀ դեսպանին: Եգիպտոսում հայերը նույնիսկ վարչապետ եւ արտգործնախարարներ են ունեցել: Արտաքին քաղաքականության գերատեսչության ինտերնետային կայքում ներկայացված առաջին չորս նախարարները հայ են: Եգիպտահայ, ինչպես նաեւ Միջին եւ Մերձավոր Արեւելքի համայնքները լուրջ խնդիրներ ունեն այսօր՝ նոսրանում են: Երբեմնի 50-60 հազարանոց եգիպտահայ համայնքը այսօր հազիվ 7-8 հազար է հաշվվում: Հայերը կենտրոնացած են Կահիրեում եւ Ալեքսանդրիայում: Եգիպտոսում երկու հայկական վարժարաններ կան՝ Նուբարյան եւ Գալուստյան: Ուշագրավ է, որ Նուբարյան վարժարանում հայ ուսանողներ չկան: Տեղի հայերը ձգտում են եվրոպական երկրներում կրթություն ստանալ: Ի դեպ, Նուբարյան վարժարան ընդունվողների թիվը տարեկան չի գերազանցում 80-ը, իսկ դիմորդների թիվն անցնում է հազարը: Նրանք բոլորն էլ արաբներ են: Նույնիսկ Հայաստանի դեսպանության միջոցով փորձում են ծանոթություններ մեջ գցել, որպեսզի ապահովվեն մրցակցությունից: Եգիպտոսում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը այս իրավիճակը համարում է նաեւ Հայաստանի իշխանությունների մտահոգության առարկա. «Ես այցելել եմ բոլոր դպրոցները, վարժարանները. տարեցտարի դասարանների թիվը նվազում է: Հանդիպումներ եմ ունեցել բոլոր մշակութային, մարզական միություններում, հստակ պատկերացում ունեմ եւ գտնում եմ, որ քանի դեռ կա Հայաստանի Հանրապետությունը, մեր համայնքների գոյատեւումն ու բարեկեցությունը կախված կլինի ՀՀ-ի հետագա ճակատագրից: Պիտի փորձենք սփյուռքի երիտասարդությանը կապել Հայաստանին: Նոր սերնդափոխության խնդիր կա եւ նոր սերնդին մերձեցնելու կարիք կա: Դեսպանությունը այստեղ լուրջ անելիքներ ունի»: Եգիպտոսում գործում են հայկական ավանդական կուսակցությունները: Կուսակցական առումով, սակայն, համայնքը մասնատված չէ: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ դեպ, դեսպանի արտահայտած մտահոգությունների եւ լուրջ աշխատանքի համատեքստում հարկ է նկատել, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան աշխատակիցների թիվը երեքն է: Ընդ որում, բացի Եգիպտոսից, դեսպանատունը սպասարկում է եւս հինգ երկրի՝ Լիբիա, Ալժիր, Մարոկկո, Եթովպիա, Սուդան: Դեսպանությունը չունի նույնիսկ մամուլի կցորդ, որի գործունեությունը թեկուզ սեփական երկիրը տվյալ երկրում քարոզելու համար կարեւոր է: Մանավանդ Եգիպտոսում, որտեղ գիտեն սեփական երկիրը քարոզելու արժեքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել