Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ ՀԻՆ ԿԱԴՐԵՐԻՆ

Հունվար 26,2005 00:00

Երեկ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը կայացավ ըմբշամարտի Հայաստանի
ֆեդերացիայի ընդլայնված նիստը, որի օրակարգում դրված էին կազմակերպչական օրախնդիր
հարցեր: Նիստը վարում էր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մենք այս
նիստի գումարումն այսքան ձգձգեցինք, որպեսզի ձեզ՝ ոլորտի պատասխանատուներիդ, առանց
շտապելու ժամանակ տանք կողմնորոշվելու այն նկատառումով, որպեսզի այսուհետեւ անենք
այնպես, որ յուրաքանչյուր մասնագետ լինի իր տեղում,- ասաց ՀԱՕԿ-ի նախագահը:- Ես իմ
ընտրվելու ժամանակ հայտարարել եմ ու հիմա էլ կրկնում եմ. առավելագույն չափով լուծվելու
են ձեր՝ մարզիչ-մասնագետներիդ առաջադրած բոլոր խնդիրները: Սակայն պահանջներն էլ լինելու
են համարժեք: Աշխատանքի գնահատականը լինելու են արդյունքները Եվրոպայի, աշխարհի առաջնություններում:
Պարտադիր չէ, որ անպայման ոսկե մեդալներ լինեն: Սակայն մրցանակային տեղեր պահանջելու
ենք: Տարեկան երկու անգամ հաշվետվություն ենք պահանջելու: Առաջին անգամ ցուցանիշ
չլինելու դեպքում կներենք, սակայն նույնը կրկնվելու դեպքում, անկախ ամեն ինչից, այսօր
ընտրվող պատասխանատուներն իրենց տեղը կզիջեն ուրիշների: Իսկ եթե արդյունքներ կրկին
չլինեն, ինչպես ասել եմ, Հայաստան եմ բերելու այլազգի մարզիկների, որպեսզի օլիմպիական
խաղերում ու մյուս բարձրակարգ մրցումներում բարձրացվի մեր երկրի պետական դրոշը, հնչի
մեր օրհներգը: Ինչ վերաբերում է հատկապես ֆեդերացիաներին ու դրանց նախագահների գործունեությանը,
այսուհետ նրանց առջեւ էլ կոնկրետ խնդիրներ են դրվելու: Յուրաքանչյուր ոք, ով ուզում
է ֆեդերացիայի նախագահ լինել, պետք է տարեկան $30-ից 50 հազար ներդրում կատարի իր
մարզաձեւում: Բացի դա, նա պիտի տարվա ընթացքում մոտ հինգ անգամ հավաքական թիմերի
հետ միասին մեկնի մրցումների, որպեսզի անձամբ տեսնի միջազգային ասպարեզներում տիրող
իրավիճակը, մտածի առաջացող խնդիրները կարգավորելու ձեւեր գտնելու մասին»: Այնուհետեւ
Գ. Ծառուկյանը անցավ օրակարգի առաջին՝ ֆեդերացիայի նախագահի, տեղակալների, քարտուղարի
ընտրությանը: Անդրադառնալով ֆեդերացիայի նախագահ Սամվել Ալեքսանյանի՝ հաշվետու ժամանակահատվածում
ծավալած գործունեությանը, նա նշեց, որ անձամբ դժգոհելու առիթներ չունի: Ֆեդերացիայի
նախագահը միշտ էլ անհրաժեշտ աջակցություն է ցույց տվել ոչ միայն հանրապետության հավաքականներին,
այլեւ ըստ ներկայացվածի նպաստել է ժամանակին լուծել ընդհանրապես մարզաձեւի առջեւ
ծառացած բոլոր կազմակերպչական խնդիրները: Այդ կարծիքը միաձայն պաշտպանեցին նիստին
ներկա բոլոր մասնագետները եւ քվեարկությամբ նրան վերընտրեցին այդ պաշտոնում: Ֆեդերացիայի
նախագահի տեղակալներ ընտրվեցին Օլեգ Ադյանը եւ Սամվել Գեւորգյանը, իսկ քարտուղար՝
Լեւոն Վարդանյանը: Այնուհետեւ ընտրվեց նախագահության 17 հոգիանոց կազմ, որում
ներկայացված են հունա-հռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտերի ներկայացուցիչներ: Պատվիրակները
ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահի պարտականությունները վստահեցին միջազգային
կարգի մրցավար Սամվել Հարությունյանին: Վերստուգիչ հանձնաժողովում ընտրվեցին երեք
հոգի, որոնք պետք է հետագայում որոշեն նախագահին: Լուծվեց նաեւ ըմբշամարտի երկու
ոճերում մարզչական խորհուրդների հարցը, որոնցից յուրաքանչյուրը կազմված է 11 մասնագետից:
Ինչ խոսք, գլխավորը հավաքականների մարզիչների ընտրությունն էր: Մարզիչ-մասնագետները
ազատ ոճի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում առաջարկեցին մեկ թեկնածուի՝
ներկայումս գործող Հրանտ Ենոքյանին, ու միաձայն քվեարկեցին նրա օգտին: Երիտասարդական
հավաքականի ղեկը վստահվեց Արա Բաղդադյանին, իսկ պատանեկանը՝ Էդիկ Թունյանին: Հունա-հռոմեական
ոճում նույնպես ազգային հավաքականի մարզչի փոփոխություն չեղավ: Հերթական անգամ այդ
պատասխանատու պաշտոնն զբաղեցրեց Լեւոն Ջուլֆալակյանը: Երիտասարդներին կմարզի Արմեն
Բաբալարյանը, իսկ պատանիներին՝ Գագիկ Խաչատրյանը: Նիստի ավարտին պատվիրակները
այլ հարցերի շրջանակներում բազմաթիվ հարցեր առաջադրեցին Գագիկ Ծառուկյանին, որոնք
բոլորն էլ հենց տեղում իրենց լուծումներն ստացան: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել