Հայաստանյան
ժամանակակից առաջին պարախումբը՝ «Արայի դանս-շոուն» 20 տարեկան է Այդ առիթով
հանդիպեցինք խմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր բալետմայստեր Կարեն Միքայելյանին:
Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա, Հունաստան, Սերբիա համերգային շրջագայություններով
հանդես եկած «Արայի դանս-շոուն» Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ է:
Իսկ ինքը՝ Կ. Միքայելյանը, միության ժամանակակից պարերի սեկտորի վարիչ: Հիշեցնենք,
որ խումբը հիմնադրել է Կարո Կիրակոսյանը, որն այսօր Ամերիկայում իր տեսակի մեջ եզակի՝
«Դեմք» կոմիկական շոու-խմբի գեղարվեստական ղեկավարն է: Իսկ մեր զրուցակիցը «Արայի
դանս-շոուն» ղեկավարում է արդեն 13 տարի եւ խմբի առաջին բալերոններից է: «Առավոտի»՝
«Այսօր Հայաստանում գործում են բազմաթիվ ժամանակակից պարախմբեր եւ նույնիսկ մասնագետներն
են դժվարանում դրանք «որակավորել» դիտարկմանն ի պատասխան, Կ. Միքայելյանն ասաց. «Համամիտ
եմ: Ցավալի է, որ սնկի պես աճած իբր ժամանակակից պարախմբերի 90 տոկոսը չգիտի, թե
ինչ է պարում: Անխոս, դա գալիս է խմբի ղեկավարներից: Ավելին, նրանցից ոմանք ընդամենը
մի քանի դաս են հաճախել ինձ մոտ եւ յուրացնելով մի քանի շարժում, հեռացել են՝ ընդգրկվելով
այս կամ այն պրոդյուսերական կենտրոններում ու տարիներ շարունակ ղեկավարում են ժամանակակից
պարի խմբեր»: Կ. Միքայելյանը մեղադրեց հայաստանյան շոուների կազմակերպիչներ Ռոլանդ
Ռեյին, Էռնեստ Պիչիկյանին, Արայիկ Հարությունյանին. «Փաստորեն, ոգեւորելով այդ խոտանը,
կազմակերպիչները գտել են հեշտ ուղիով փող աշխատելու եղանակը: Պարզապես «կթում» են
ցածրակարգ խմբերի սաներին՝ եթերի համար գումար վերցնելով եւ որոշակի քանակությամբ
տոմսերի իրացում պարտադրելով…»: «Ընդհանրապես ի՞նչ ասել է ժամանակակից պար:
Ձեր խոսքերից կարելի է հանգել այն եզրակացության, որ Հայաստանում միակ պրոֆեսիոնալ
ժամանակակից պարախումբը «Արայի դանս-շոուն» է, իսկ պրոֆեսիոնալ մասնագետը՝ դուք»
հարցին Կ. Միքայելյանը պատասխանեց. «Ժամանակակից պարը՝ իր ուղղություններով ու ոճերով
ոչ այլ ինչ է, քան պատմա-կենցաղային պար: Լեհական «Մազուրկան» կամ չեխական «Պոլկան»
իրենց ժամանակին՝ 18-րդ դարավերջին իրավամբ համարվել են ժամանակակից: Կանցնի որոշ
ժամանակահատված կամ նույնիսկ դար եւ, օրինակ, բրեյք-դանսն էլ կդիտվի որպես դասական
պար: Այսինքն, յուրաքանչյուր պարի տեսակ տվյալ ժամանակի, ապրելակերպի ծնունդ է: Տեսեք,
այսօր երիտասարդության մեծ մասը ընդունում է ազատ ապրելակերպը եւ դրանից ծնվում է
այս կամ այն նոր պարի տեսակը»: Ինչ վերաբերում է իրեն, մեր զրուցակիցը տեղեկացրեց,
որ ավարտել է ջազային արվեստի քոլեջի պարային բաժինը, ներկայումս սովորում է մանկավարժական
համալսարանում: Աշխատում է «Ժամանակակից ուսուցման մեթոդիկա եւ պատմություն» աշխատության
եւ երկու դասագրքի վրա. «2000-ին Ռուսաստանի պարային միությունը ինձ շնորհել է մեմբրի
կոչում, որին արժանանում է ժամանակակից պարարվեստի գիտակը»: Ըստ Կ. Միքայելյանի,
1994-ից սկսած՝ տարին երկու անգամ, մինչեւ 1998-ը իր կազմակերպած ժամանակակից պարի
10 փառատոների արդյունքում երեւան են եկել «Գոլդ սթար», «Հայ աստղեր» ժամանակակից
պարային խմբերը: Փառատոները շարունակական չեն եղել, որովհետեւ պարուսույցը երկար
ժամանակ աշխատել է «Պարային ռինգ» հեռուստահաղորդման վրա, որի առաջին եթերը «Նոր
ալիքով» պլանավորված է փետրվարի վերջին: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ