Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ԵՆ ՈՒՐԻՇ

Հունվար 26,2005 00:00

Հունվարի
8-20-ը հայ դիվանագետների եւ լրագրողների խումբը «Մամուլ եւ ԶԼՄ-ներ» ծրագրի շրջանակներում
գտնվում էր Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում: Հյուրընկալող կողմը՝ Եգիպտոսի
արտաքին քաղաքականության գերատեսչության ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության
հիմնադրամն էր: Հայկական պատվիրակությունը Եգիպտոս ժամանեց կիրակի օրը, որը, ինչպես
պարզվեց, արաբական աշխարհում աշխատանքային օր է: Հանգստյան օրը ուրբաթն է, երբեմն
նաեւ շաբաթը: Պետական հիմնարկներում աշխատանքը սկսվում է առավոտյան 8-ին եւ ավարտվում
14.00-ին: Ընդմիջման ժամ սահմանված չէ, ուստի տեղացիները իրենց դառը փորձից ելնելով
կատակում էին՝ «չինովնիկների աշխատանքային ժամը համընկնում է ընդմիջման հետ»: Առաջին
տպավորությամբ մայրաքաղաք Կահիրեն բավականին անշուք եւ անհրապույր քաղաք է: 17 միլիոն
բնակիչ ունեցող այս քաղաքում միախառնված են հինը, ժամանակակիցը, ավանդականը եւ անցումային
փուլը: Ընդ որում, սկսած բնակչության հագուկապից, կենցաղից, ավարտած քաղաքի ճարտարապետական
տեսքով: Ինչպես գլխաբաց եգիպտուհիների կողքին կարելի էր տեսնել նույնիսկ երեսը սեւ
քողով ծածկած կանանց, այնպես էլ եվրոպական ոճով ու շքեղությամբ կառուցված շինությունների
կողքին՝ կիսախարխուլ, գորշ եւ թշվառությամբ բուրող շինություններ: Ի տարբերություն
ծայրամասերի, Կահիրեի կենտրոնական թաղամասերն ավելի փնթի էին: Թերեւս դա հաղթահարելու
համար էր մոտ հինգ ամիս առաջ քաղաքի մաքրության վարչություն ստեղծվել, որի ղեկավարը,
հանդիպման ժամանակ, ի թիվս այլ ծրագրերի նշեց, որ դպրոցներում հատուկ առարկա է դասավանդվելու.
երեխաներին կրթել՝ այլ կերպ վերաբերվել իրենց բնակավայրերին: Բացառիկ էր երթեւեկությունը:
Եթե զուգահեռներ անցկացնենք, ապա պետք է խոստովանել, որ Երեւանում երթեւեկությունը
կարգավորված է: Հասարակական տրանսպորտը միայն ավտոբուսն է: Մարդիկ բարձրանում եւ
իջնում են ընթացքից: Գերակշռում են ավտոմեքենաները՝ 3-4 սմ հեռավորությամբ են ընթանում
եւ 4-5 վայրկյանը մեկ հարվածում իրար՝ տարբեր դիրքերից: Նոր մեքենա ընդհանրապես չի
հանդիպում, որովհետեւ իմաստ չունի, միեւնույն է՝ մի քանի ժամից մի քանի տեղից «կվիրավորվի»:
Ասենք՝ երրորդ գծում գտնվող մեքենայի վարորդի խելքին կփչի թեքվել աջ կամ ձախ եւ առանց
որեւէ լուսային նշանների նա կիրականացնի մտքին դրածը: Լուսացույցեր հատուկենտ էին
հանդիպում: Եղածների վրա էլ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Ոստիկանները կանգնած
էին փողոցներում, սակայն երթեւեկությանը միջամտելու, կարգուկանոն հաստատելու փորձ
անգամ չէին անում: Առանձին մշակույթ էր փողոցն անցնելը: Ձեռքը վեր պարզելով վարորդին
հասկացնում ես, որ ուզում ես փողոց անցնել: Սովորաբար խորհուրդ էր տրվում ձեռքը բարձր
պահած, գլուխը կախած, համառորեն անցնել փողոցը: Այլապես պետք էր ապավինել վարորդի
հումանիզմին եւ ասպետությանը: Ինչպես բոլոր մահմեդական երկրներում, Եգիպտոսում
նույնպես կրոնը իր ուրույն տեղն ու դիրքն ունի: Երկիրն արթնանում է լուսադեմին՝ 5-ին,
առաջին աղոթքով: Եվս չորս անգամ աղոթում են՝ մինչեւ երեկո: Բոլոր հաստատություններում
նամազի հատուկ տեղեր կան, աղոթում են նույնիսկ խանութներում եւ պարզապես փողոցում:
Հոգեւոր ներկայացուցիչը՝ մուֆտին, իր աշխատակազմով ընդգրկված է երկրի արդարադատության
համակարգում: Նա պարտադիր վերանայում է մահապատիժների որոշումները եւ դրանք բեկանելու
իրավունք ունի: Հոգեւոր իշխանությունից ավելի ուժեղ է աշխարհիկ իշխանությունը: Եգիպտոսում
24 քաղաքական կուսակցություն կա, որից 23-ը ընդդիմադիր են, բայց խորհրդարանում ընդդիմությունը
8 տոկոս է կազմում: Քաղաքական ասպարեզում ամենաարդիական հարցն այսօր նախագահի՝ գարնանը
կայանալիք ընտրություններն են: Սահմանադրությունը չի սահմանում իշխելու ժամկետներ,
արդյունքում ստացվում է, որ իշխանությունը ժառանգաբար է փոխանցվում: Ընդդիմադիրները
ցանկանում են սահմանադրությամբ ամրագրել երեք անգամից ավելի չընտրվելու նորմը: Պետական
գերիշխանությունն ակնհայտ էր նաեւ տնտեսական ոլորտում: Ռազմավարական նշանակություն
ունեցող բոլոր ձեռնարկություններում պետությունը 50 տոկոս բաժնետեր է: Ի դեպ, հայկական
պատվիրակությունը պատիվ ունեցավ հանդիպելու տեղի հայտնի գործարար Իբրահիմ Կալիմին,
որը միաժամանակ Կահիրեի համալսարանի պրոֆեսոր է: Հայերիս ցնցեց պարոն Կալիմի՝ օլիգարխի,
ոչ մեր պատկերացումներին հարիր կերպարը: Նա վարում էր մեքենա, որից ունենալ իրեն
կարող է թույլ տալ միջին խավի հայը, շրջում էր առանց թիկնապահների եւ կորտեժների:
Պատկերավորության համար նշենք, որ նրա կարողությունը կազմում է մի քանի հայ օլիգարխների
հարստությունը միասին վերցրած: Նրան է պատկանում «Four Seasons» յոթաստղանի հյուրանոցը:
Աշխարհում այսպիսի ընդամենը յոթ հյուրանոց կա: Հյուրասիրության բոլոր կանոններով
պարոն Կալիմի հյուրանոցում ընթրելուց հետո, հայերիս մեջ մի ցանկություն առաջացավ՝
մի այցելություն էլ մեր օլիգարխների համար կազմակերպել ու նրանց հաղորդակից դարձնել
աշխարհի անցուդարձին, «իսկական» օլիգարխին հատուկ կեցվածքին: Մշակութային
արժեքների տպավորությունները փոխանցելու համար նույնիսկ հայոց լեզվի ճոխությունը
չի բավարարում: Դասագրքերից, այլ գրականությունից բուրգերին, Սֆինքսին եւ ընդհանրապես
եգիպտական քաղաքակրթությանը ծանոթ լինելով, երբ արդեն բարեբախտություն ունես սեփական
աչքերով այդ ամենը տեսնել՝ լեզուդ պարզապես պապանձվում է: Ինքդ քեզ մի հարց ես տալիս՝
այդ քաղաքակրթությունից հետո մարդկությունը առաջընթա՞ց ունեցավ, թե՞… Ի դեպ, մշակութային
հարստությունը Եգիպտոսին հնարավորություն է տալիս երկրում զբոսաշրջությունը զարգացնել,
որին իշխանությունները ամենայն լրջությամբ էին վերաբերվում: Ըստ զբոսաշրջության նախարարի
խորհրդականի, 2004 թվականին 8 մլն զբոսաշրջիկ է այցելել Եգիպտոս: Անցած տարվա համեմատ
այդ թիվը 34 տոկոսով աճել է: Երկրի բյուջեն տարեկան 6 միլիարդ դոլարով համալրվում
է ի հաշիվ զբոսաշրջության, պետությունն էլ իր հերթին միլիարդավոր դոլարներ է ծախսում
այդ ոլորտում: Հիմա աշխատում են ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Նախարարի խորհրդականի
խոսքով՝ իրենք տուրիզմին վերաբերվում են որպես արտադրության: Գոյություն ունի հատուկ
համակարգ՝ զբոսաշրջիկի ոստիկանություն: Նրանց խնդիրն է ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը՝
ամբողջ օրը ուղեկցելով տվյալ անձին կամ խմբին: Ի դեպ, զբոսաշրջիկի օրվա ծրագիրը գրանցվում
է ոստիկանության տվյալ կետում, որպեսզի, Աստված մի արասցե, պատահարի դեպքում հնարավոր
լինի շուտափույթ օգնության հասնել: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել