Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՇՉԵՆԿՈՅԻՆ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ԻԲՐԵՎ ՀԵՐՈՍԻ

Հունվար 26,2005 00:00

Երեկ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի առջեւ ելույթ ունեցավ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն՝ արժանանալով խիստ ջերմ հյուրընկալության: Մուտքի մոտ նրան դիմավորեցին Ուկրաինայի դրոշներով եւ նարնջագույն վզնոցներով մարդիկ:

Անհնար էր զուգահեռ չանցկացնել, թե պատվիրակներն ինչպես էին դիմավորել Ռոբերտ Քոչարյանին եւ ինչպես դիմավորեցին Յուշչենկոյին: Այս անգամ դահլիճը կիսադատարկ չէր, այլ լեփ-լեցուն՝ կային անգամ կանգնած մարդիկ: Եվ այդպես այն մեկուկես ժամվա ընթացքում, ինչ Ուկրաինայի նախագահը պատասխանում էր հարցերին: Պատասխանում էր արժանապատվությամբ, մասնավորապես նշելով, թե մտադիր չեն անընդհատ ծեծել Եվրոպայի դուռը, եւ իրենց խնդիրները լուծվում են ոչ թե Բրյուսելում, այլ Կիեւում: Նրան ուղղված հարցերը գերազանցապես բարյացակամ էին: Միայն ռուսներն էին անընդհատ «կոշտուկի» վրա դնում մատները՝ հարցեր ուղղելով ռուս-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ:

Մի քանի մեջբերումներ անենք Յուշչենկոյի ելույթից. «Իբրեւ նախագահ՝ ես կանեմ հնարավորը, որ ապահովեմ ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիությունն իմ երկրում»: Ընդգծեց, թե արդար ընտրությունների անցկացումը ճանապարհ բացեց ուկրաինական նոր՝ բաց, ժողովրդավարական, եվրոպական հասարակության ձեւավորման համար: Յուշչենկոն վստահեցրեց, որ Ուկրաինան կկատարի Եվրախորհրդի առջեւ իր բոլոր պարտավորությունները եւ հաշվի կառնի այս կազմակերպության երաշխավորությունները, որ ապահովի ԶԼՄ-ների ազատությունը, դատական իշխանության անկախությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների հարգումը, ու նաեւ, որ պայքարի կոռուպցիայի դեմ:

Ուկրաինայի եւ Վրաստանի նախագահները հետո համատեղ պատասխանեցին լրագրողների հարցերին: Առաջինը խոսում էր ուկրաիներեն, իսկ երկրորդը՝ անգլերեն: Նշենք, որ Եվրախորհրդի սրահում այս օրերին հատուկ ցուցահանդես է բացվել՝ նվիրված «վարդերի» եւ «նարնջագույն հեղափոխություններին»: Իսկ այսօր ԵԽԽՎ ամբիոնից ելույթ է ունենալու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել