«ՄԻԿԱՆ» ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ Է ՆԱԽԱՆՇՈՒՄ Մրցաշրջան-2004-ը հաջող ստացվեց Աշտարակի «Միկա» ֆուտբոլային ակումբի համար, որը հանրապետության բարձրագույն խմբի առաջնությունը եզրափակեց երկրի փոխչեմպիոնի տիտղոսով: Ի՞նչ նպատակներ է իր առջեւ դրել թիմը 2005 թվականին: Այդ մասին զրուցեցինք «Միկա» ֆուտբոլային ակումբի նախագահ Կառլոս Ղազարյանի հետ: – Ինչպե՞ս էք գնահատում ակումբի մրցելույթները անցած մրցաշրջանում: – Լավ, քանի որ գոյության վեց տարիների ընթացքում «Միկան» երեք անգամ հասցրել էր դառնալ Հայաստանի գավաթակիր, սակայն երկրի առաջնության արծաթե մեդալները նվաճեց առաջին անգամ: Դա պատվաբեր է թե ակումբի, թե թիմի մարզիչների, թե ֆուտբոլիստների համար: Սակայն հաջողությունը, որին հասանք միասնական ջանքերով, նաեւ պարտավորեցնող է, ու մենք մեր առջեւ պետք է ավելի լուրջ նպատակներ դնենք, քանի որ վերջնականապես համոզվեցինք, որ արդար մրցակցության պայմաններում կարող ենք պայքարել ու հասնել մեր առջեւ դրված ծրագրերին: – Ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը: – Նախ, պետք է պայքարենք «Անկախության» գավաթին հերթական անգամ տիրելու, ապա նաեւ առաջնությունում մեր դիրքերը չզիջելու, ինչու՞ չէ, նաեւ չեմպիոնի կոչումը նվաճելու համար: – Մասնակցելու եք նաեւ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը… – Այո: Ու այս անգամ փորձելու ենք գոնե մեկ փուլ անցնել: – Հիմա թիմն ինչո՞վ է զբաղված: – Ուսումնամարզական հավաք է անցկացնում Արարատի «Այգ» մարզահամալիրում (հարցազրույցը եղել է ուրբաթ օրը, իսկ «Միկան» շաբաթ օրն ընկերական խաղ պետք է անցկացներ «Կոտայքի» հետ եւ վերադառնար Երեւան-Ա. Հ.): Վերադառնալուց հետո բոլոր ֆուտբոլիստները բժշկական հետազոտության կենթարկվեն, որից հետո հունվարի 30-ից հավաքը կշարունակեն Ծաղկաձորում: Փետրվարի 10-20-ը թիմը կմասնակցի «Թուրքմենբաշիի գավաթի» խաղարկությանը, որին ամենայն հավանականությամբ կհաջորդի հավաք Անթալիայում: – Թուրքմենիա «Բանա՞նցը» չէր մեկնելու: – Նախապես այդպես էր որոշված, սակայն ծրագրերը փոխվել են: – Քանի՞ ֆուտբոլիստ է մասնակցում հավաքներին եւ ի՞նչ փոփոխություններ են կատարվել թիմում: – Մարզիչները հրավիրել են 30 ֆուտբոլիստի: Երեք հոգի «Շիրակից» են, երիտասարդ մի հայ տղա եկել է Վրաստանից եւ որ շատ կարեւոր եմ համարում, ֆուտբոլիստներ կան նաեւ «Միկա-2»-ի երիտասարդական կազմից: Հեռացածներ էլ ունենք: Փորձարկումները շարունակվում են, որոնց ավարտին մարզիչները կընտրեն արժանավորներին: – «Միկան» հանրապետության ֆինանսապես ամենակայուն ակումբներից է, սակայն առայսօր սեփական մարզաբազա չունի: – Այդ խնդիրն արդեն լուծված է: Անցած տարի ակումբի համար հովանավոր Միխայիլ Բաղդասարովը ձեռք բերեց Երեւանի «Արաքս» մարզահամալիրը, որը երկար տարիներ անգործության մատնված լինելու պատճառով կիսաավերակի էր վերածվել: Ու անմիջապես ձեռնամուխ եղավ շինարարությանը: Այն լինելու է եվրոպական ժամանակակից պահանջները բավարարող մի հոյակերտ մարզաբազա՝ ութ հազար նստելատեղ ունեցող հիմնական եւ օժանդակ երեք խաղադաշտերով, հսկա մարզադահլիճով, որը հագեցված է լինելու ժամանակակից վարժասարքերով: Համալիրն ունենալու է իր առանձին էլեկտրահանգույցը՝ դաշտերի գիշերային լուսավորման համար, հանդերձարաններ, լողարաններ, մի խոսքով, բոլոր հարմարությունները: – Ու այնտեղ մարզվելու են ակումբի ֆուտբոլային մանկապատանեկան թիմե՞րը: – Մենք հիմա էլ մեր մարզադպրոցն ունենք Աշտարակում: Մարզումներն անցկացվում են այնտեղի քաղաքային ստադիոնում, որի հովանավորությունը կրկին ստանձնել է Մ. Բաղդասարովը: Հիմա մեր պատանի ֆուտբոլիստների թիվն ավելացել է ու, անշուշտ, էլի կավելանա: Ի դեպ, մեր հովանավորը, լինելով նաեւ շախմատի քաղաքային ֆեդերացիայի նախագահը, այնտեղ բացել է նաեւ շախմատի խմբեր եւ ցանկանում է, որպեսզի մեր ֆուտբոլիստներն էլ լավ շախմատ խաղան, որը շատ կօգնի դաշտում մտածված ֆուտբոլ խաղալուն: – Մարզակառույցը մոտավորապես ի՞նչ կարժենա եւ ե՞րբ է նախատեսվում դրա շահագործումը: – Նախահաշվարկներով ներդրվելու է $ 3 միլիոնից ավելի: Աշխատանքներն ուզում ենք ավարտել այս տարվա վերջին: Իսկ եթե հաջողվի, եվրագավաթների հանդիպումները կանցկացնենք մեր նորակառույց խաղադաշտում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ «Համագործակցության» գավաթի խաղարկությունում Բաքվի «Նեֆտչիից» մեր հանրապետության չեմպիոնի կրած պարտության առիթով մեր թերթի ուրբաթ օրվա առաջնորդողում արված մի հումորից ակումբի ղեկավարությունը սրտնեղել էր: Տեղեկացնում ենք, որ այդտեղ ոչ մի չարամտություն չկա: Դա ընդամենը բառախաղ է, որում նկատի է ունեցվել պարոն Բաղդասարովի բիզնեսի ոլորտներից մեկը հանդիսացող նավթային գործունեությունը: Եվ հասկանալի է, որ «Միկա» ու «Նեֆտչի» ակումբների անվանումներն ընդհանուր ոչինչ չունեն: