Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրեշտակ

Հունվար 25,2005 00:00

«Հրեշտակ կար նրա գլխի մեջ» Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է: Երեկ նա կդառնար 81 տարեկան: Օրերս ընթերցողի դատին կհանձնվի արձակագիր Հովհաննես Մելքոնյանի «Մերժված օրենսդիրը» եռահատոր վեպի առաջին հատորը, որի սյուժետային առանցքը Պարույր Սեւակի կենսագրությունն է: Տպագրում ենք հատված վեպի առաջաբանից: Իշխանական հալածանքի վտանգը բանի տեղ չդնելով՝ Պարույր Սեւակը գրում էր ոչ թե գեղագետների համար՝ «ինքնին գեղեցիկի» եւ «գեղեցիկ ստի» սկզբունքով,- այդպիսիք բազում էին իրենից ավագների եւ իր սերնդակիցների մեջ,- այլ ժամանակի անօրինականությունից եւ բռնությունից անիրավվածների եւ պարտվածների համար՝ նրանց ներշնչելով դիմադրող ոգի, խռովության հունդեր գցելով նրանց հոգիների լռիկ հերկերի մեջ եւ ըմբոստության կոչելով… «Խոսքդ պիտի լինի դաշույն…»,- տերյանական այս պատվիրանը Պարույր Սեւակը իր սրտին առավ՝ որպես հոգու պարտք եւ կյանքի նպատակ, եւ իր «դաշույն խոսքով» ձաղկեց բռնության խավարը եւ փառաբանեց ճշմարտության լույսը՝ «լույս զվարթը»: Եվ այս բանը դեռեւս 40-50-ական թվականներին հասկացան իշխող գաղափարախոսության հոտառու պահապանները, եւ բանաստեղծը նրանց աչքի փուշը, եթե չասենք գրողը դարձավ: Ոմանք, հատկապես նրա սերնդակիցները, մասնավորապես Լեւոն Հախվերդյանը, բերան բացելով՝ ասում են, թե Պարույր Սեւակի կյանքն անցել է պետական-պաշտոնական բարեգութ հովանու ներքո եւ մատնացույց են անում հետեւյալ փափլիկ բարձերը՝ Պարույր Սեւակին Խորհրդային Միության գերագույն խորհրդի պատգամավոր են առաջ քաշել եւ Հայաստանի գրողների միության քարտուղար են դրել: Իրոք այդպիսի բաներ եղան, սակայն պատգամավոր կոչվածը եւ քարտուղար ասվածը պետք է ստանձնեին յուրատեսակ զսպաշապիկների դեր, դառնային շաքարեղեն սանձեր, բանաստեղծի դատապարտող եւ մերկացնող կրքերը մարող «օճառաջրեր»… Սակայն իշխանությունները եւ կոմունիստական արքան՝ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը, իրենց հաշվարկների մեջ սխալվեցին, որովհետեւ ազգի հոգսը քարի պես իր սրտին առած բանաստեղծը այդ փափուկ բարձերը ոչ թե իր գլխի տակ դրեց, այլ իր ոտքերի տակ գցեց եւ երբ տեղը եկավ, դրանք կոխկրտեց- անցավ: Նա գիտեր, որ ինքը նրանցից է, Որոնց չեն կարողանում ոչ մի կերպ սիրել Բոլոր դարերի արքաներն ամեն Եվ կործանում են սրանց ոչ միայն աքսորով, բանտում, Այլ նաեւ սրանց պալատ բերելով Ու.. սուտ սիրելով: Նա «սուտ սիրո» այդ քաղցր կապանքներին չենթարկվեց եւ քաղաքական, գրական իշխանավորները, քննադատները ու գրչակիցները սկսեցին թաքուն ու բացահայտ խայթել ու խոցել, եւ նա էլ, Տերյանի նման դիմելով հրեշտակին, կարող էր ասել. «Նայիր՝ մի՞թե, մի՞թե դեռ ունեմ անխոց տեղ…»: Եվ ինչ պայմանների մեջ էլ ընկավ՝ չփոխեց եւ չկեղծեց իր ձայնը, եւ ինչ որ ասաց, ասաց աստվածային, առավել եւս խորապես մարդկային ձայնով, որոնց նմաններին հնուց ի վեր կոչել են հանճար: Պարույր Սեւակը աստվածային եւ մարդկային ձայնով էր խոսում եւ հրեշտակ կար նրա գլխի մեջ, եւ նա տեսնում էր ոչ միայն հորիզոնը, այլեւ անդրհորիզոնը եւ այդ հատկանիշները առաջինը նկատեցին եւ գնահատեցին օտարազգիները՝ մերձբալթիկացի Մեժելայտիսից մինչեւ չեխ Նեյմանը, որն այսպես ասաց. «Պարույր Սեւակի «Հիմն լույսին» չեխերեն գիրքը լուսեղեն նյութից է եւ կարող է դրականորեն ազդել մեր պոեզիայի կողմնորոշման վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել