Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ-Ն

Հունվար 25,2005 00:00

ԴԱՀԿ-Ն ԱՆԶՈ՞Ր Է Մարդու կյանքը խլած ֆինանսների է էկոնոմիկայի նախարարության վարորդը պատիժ է կրել մեկուկես օր, իսկ նախարարությունը հրաժարվում է կատարել դատարանի վճիռը փոխհատուցման մասով: 2003թ. մարտի 6-ին «Արարատ» հյուրանոցի եւ Ֆրանսիական դեսպանատան անցումում, ժամը 20-ի սահմաններում, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության «Էներգաինվեստ» ԾԻԳ պետական հիմնարկության տնօրենի վարորդ Հովհաննես Հարությունյանը իր «ԳԱԶ-3110» մակնիշի 442ԼԼ01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկեց 24-ամյա Արթուր Հարությունյանին: Վրաերթի հետեւանքով Le Petit Fute ֆրանսիական հրատարակչության գրասենյակի լրագրող, թարգմանիչ, իտալական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ա. Հարությունյանը մահացավ: Նա մանկավարժ Սեդա Կարապետյանի միակ որդին էր եւ միակ կերակրողը: Որդու մահից հետո Սեդա Կարապետյանը դարձավ երկրորդ կարգի հաշմանդամ: Երեք տարի ազատազրկման դատապարտված վարորդը պատիժը կրեց մեկուկես օր: Իսկ թե ինչու մեկուկես օր՝ քրեական գործի հետ կապված հարցը կարող է լուրջ հետաքննական նյութ լինել («Առավոտը» դրան անդրադարձել էր): Սեդա Կարապետյանը, կերակրողին կորցնելու հետ կապված, վնասի հատուցման պահանջով դիմեց դատարան: Պատասխանողներն էին «Էներգաինվեստ» ԾԻԳ պետական հիմնարկը, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ էներգետիկայի նախարարությունը: 2004-ի հոկտեմբերի 14-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հօգուտ Սեդա Կարապետյանի վճռեց՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից յուրաքանչյուր ամիս բռնագանձել 182720 ՀՀ դրամ՝ որպես կերակրողին վնասի հատուցում: Ընդ որում, գումարի բռնագանձումը պետք է սկսվեր 2003թ. մարտի 6-ից: Վճիռը մինչ այսօր չի կատարվում արդարադատության նախարարության Երեւանի ԴԱՀԿ ծառայության մարմինների կողմից: Ս. Կարապետյանը բողոքում է՝ դիմելով ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետին, մարդու իրավունքների պաշտպանին, որ խախտվել է ԴԱՀԿ-ի մասին ՀՀ օրենքի 34 հոդվածը, ըստ որի, հարկադիրը կատարողական գործողությունները պետք է իրականացնի կատարողական թերթը ստանալուց երկամսյա ժամկետում: «Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը ընդհանրապես միտք չունի այն կատարելու եւ բոլոր իմ գրություններին, ինչպես նաեւ ԴԱՀԿ ծառայության մարմինների կողմից ուղարկված պաշտոնական գրություններին պատասխանում է քար լռությամբ»,- ասում է Ս. Կարապետյանը: Մեր ձեռքի տակ է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանի գրությունը՝ ուղղված ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին, որն ավարտվում է «խնդրում եմ հանձնարարել կատարելու վճռի պահանջները» տողով, այն է՝ կատարողական թերթով, հօգուտ Ս. Կարապետյանի, նախարարությունից գանձել վերոնշյալ գումարը: Որեւէ պատասխան չստանալով, ԴԱՀԿ-ն վճռի պահանջները կատարելու վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկում է ՀՀ գլխավոր գանձապետ Ա. Ջանջուղազյանին: Սակայն «վճռի կատարման ընթացքի վերաբերյալ գրությունները մնացել են անպատասխան»: «Աստիճանավորների այդ խավի նկատմամբ ԴԱՀԿ մարմինները պարզապես անզոր են եւ ոչ մի հարկադիր գործողություն չեն կարողանում իրականացնել,- ասում է Ս. Կարապետյանը եւ հարցնում,- մի՞թե օրենքի կատարողներն առաջին հերթին օրենքի ներկայացուցիչները չեն եւ մի՞թե նախարարները օրենքից դուրս են, օրենքից վեր»: Հետաքրքիր է՝ նույն ԴԱՀԿ-ն շարքային քաղաքացիների դեմ կատարվող որոշումները (գույքի բռնագանձումներ, վտարումներ բնակարանից եւ այլն) կարողանում է բռնությամբ եւ ռետինե մահակների օգնությամբ իրականացնել, սակայն անզոր է դարձել մի նախարարության հանդեպ, որի վարորդը մարդու կյանք է խլել, ընտանիքը թողել առանց խնամակալի: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Ըստ կալանավորվածների եւ դատապարտյալների հաշվառման բաժնի պետ Ա. Գրիգորյանի տեղեկանքի, Հովհաննես Հարությունյանը ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ մուտք էր գործել 26.08.2003թ., իսկ 28-ին ուղարկվել էր հաշվառման Շենգավիթի ոստիկանության բաժին: «Առավոտի» պաշտոնական գրությանը ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Ս. Շիրինյանը (8.10.04թ.) հայտնել էր, որ 3 տարի ազատազրկման դատապարտվելուց հետո, Հարությունյանը ոստիկանության Շենգավիթի բաժնում պրոֆհաշվառման է վերցվել 01.09.03թ., «06.09.04-ին Հարությունյանը պայմանական վաղակետ ազատվել է պատժի հետագա կրումից, սակայն ոստիկանության Շենգավիթի բաժին չի ներկայացել եւ պրոֆհաշվառման չի կանգնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել