Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են դակվելու օրենքները

Հունվար 25,2005 00:00

Ինչպես են դակվելու օրենքները Նոր նստաշրջան՝ նոր կանոնակարգով Արդեն փետրվարի 7-ից Ազգային ժողովը կսկսի աշխատել նոր Կանոնակարգ-օրենքով, որը մի շարք կարեւոր փոփոխություններ կմտցնի պատգամավորների աշխատանքում: Երեկ խորհրդարանի շենքում հատուկենտ պատգամավորներ կային, որոնցից ամենատարեցներից մեկը հետաքրքրվում էր՝ «Ե՞րբ ենք աշխատանքի գալու»: Գործավարուհին զարմացած բացատրում էր, որ պատգամավորների արձակուրդն արդեն ավարտված է, սակայն պատգամավորը հստակեցրեց՝ «Նկատի ունեմ՝ էդ նիստերը ե՞րբ են սկսվելու»: Ու երբ լսեց, որ այսուհետեւ ամիսը մեկ անգամ են նիստի գալու, ապշեց՝ «Բա ինչի՞»: Օրենսդրին բավականին քաղաքավարի բացատրվեց, որ ԱԺ Կանոնակարգը պատգամավորներն իրենք է փոխել, եւ ինքն էլ կողմ են քվեարկել այդ փոփոխությանը: Երեկ ԱԺ նոր Կանոնակարգով աշխատելու հետ կապված նորությունների մասին զրուցեցինք ԱԺ աշխատակազմի քարտուղարության ղեկավար Թաթուլ Սողոմոնյանի հետ: Պարոն Սողոմոնյանի ներկայացմամբ՝ իրենց աշխատանքում նոր Կանոնակարգով աշխատելու համար բավականին փոփոխություններ են կատարվել. «Կանոնակարգային փոփոխությունների մի մասը առնչվում է վեբ-կայքին: Նիստերի օրակարգերը եւ արձանագրությունների բաժինները պետք է տեղափոխենք ինտերնետի հատված, քանի որ այս դեպքում հնարավոր կլինի տեսնել նաեւ քվեարկությունների անվանական պատկերը»: Թաթուլ Սողոմոնյանը այն կարծիքին է, որ երեքշաբաթյա ընդմիջումով աշխատելու դեպքում անգամ ԱԺ աշխատանքների ծանրաբեռնվածությունը չի նվազելու: Համեմատելով բոլոր անցած խորհրդարանների աշխատանքի արդյունավետությունը՝ պարոն Սողոմոնյանը այսպիսի զուգահեռ անցկացրեց. «Անցած Գերագույն խորհրդի հինգ տարիների աշխատանքի ընթացքում ընդունվել է մոտավորապես 135 օրենք (պատճառներից մեկն այն էր, որ յուրաքանչյուր պատգամավորի առաջարկ առանձին էր դրվում քվեարկության), առաջին գումարման ԱԺ-ում՝ մոտ 340, երկրորդի ժամանակ՝ 540 օրենք, երրորդի նախորդ նստաշրջանում՝ 180-ից ավելի: Այսինքն՝ եթե դինամիկային նայենք, ընդունվող օրենքների քանակը, նաեւ էջերի քանակով, այժմ ավելի մեծ ծավալ է կազմում»: Ըստ Թաթուլ Սողոմոնյանի, փոփոխված Կանոնակարգով աշխատելու դեպքում խորհրդարանի աշխատունակությունը չի ընկնի, պարզապես «դահլիճային աշխատանքի ժամանակն է պակասում»: Պատգամավորները կաշխատեն չորս օր, հայտարարությունների ժամանակը երկարացվել է, չի փոխվել կառավարությանը հարցեր տալու օրը՝ չորեքշաբթին, երկարացվել է «Խորհրդարանական ժամի» տեւողությունը, երեքական րոպեների իրավունք տրվել է նաեւ հանձնաժողովներին: Կանոնակարգային մի հետաքրքիր նորություն էլ կա, որն առայժմ կարծես անուշադրության է մատնված: Եթե մինչ այժմ օրենքների երկրորդ եւ երրորդ ընթերցումների ժամանակ պատգամավորների, խումբ-խմբակցությունների ելույթներ չէր նախատեսված, այժմ այդ նորմը փոփոխված է եւ արդեն կարելի է ելույթ ունենալ նաեւ այլ ընթերցումների ընթացքում: Նախկին կանոնակարգով պատգամավորը կարող էր քվեարկությունից առաջ հայտարարել իր բոյկոտի մասին, եւ բացակայությունը կհամարվեր հարգելի: Կանոնակարգային այս նորմը մնացել է, սակայն ավելացել է եւս մեկը. նստաշրջանի ընթացքում պատգամավորը քաղաքական կամ այլ նպատակով կարող է հայտարարել, որ բոյկոտում է ամբողջ նստաշրջանի աշխատանքը, եւ այդ բացակայությունը կհամարվի հարգելի: Եկող ուրբաթ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է քննարկի անցած նստաշրջանը բոյկոտած ընդդիմադիր խմբակցությունների հարցը: Թե ինչ է դրա մասին մտածում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը՝ կարդացեք վաղվա համարում: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել