Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԱՆ

Հունվար 25,2005 00:00

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ Առաջինին գովեցին, երկրորդին զգուշացրեցին Երեկ ԵԽԽՎ-ում այլ հարցերի թվում քննարկվեց Ուկրաինայի նախագահական ընտրությունների դիտարկման վերաբերյալ զեկույցը: Հնչում էին ամենադրվատալից գնահատականներ: Ասենք, դանիացի պատվիրակ Հաննե Սեվերինսինը հայտարարեց, թե ուկրաինացիներն իրոք ապացուցեցին, որ իսկապես եվրոպական ժողովուրդ են: Կիպրոսի պատվիրակ Խրիստոս Պուրգուրիդեսը «ոչ գոհունակությամբ» ընդգծեց Ռուսաստանի Պետական Դումայի դերը՝ մասնավորապես նշելով, թե նրանք ազատ ու արդար համարեցին Բելառուսի ընտրությունները, մինչդեռ «Ստալինի ժամանակ երեւի ընտրություններն ավելի ազատ եւ արդար էին, քան հիմա»: Նա կրկնեց ԱՄՆ գնահատականը եւ Լուկաշենկոյին անվանեց բռնապետ: Ռուս պատվիրակների գնահատականները, բնականաբար, արմատապես տարբերվում էին: Ասենք, Լեոնիդ Սլուցկին ազդարարեց, թե չի կարելի Ուկրաինայի ընտրությունները համարել ժողովրդավարական ընտրություններին համապատասխանող: Նա կատարվածն անվանեց հեղափոխություն, որը դժվար է համատեղվում արդար ընտրությունների հետ: Ընդգծեց նաեւ, որ Յուշչենկոյի ընտրությունների վրա արտերկիրը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ներդրել: Ըստ նրա՝ տխուր է արձանագրելը, որ Ուկրաինան ուզում են կտրել Ռուսաստանից, եւ տխուր է նաեւ տեսնելը, որ կիրառվում են երկակի չափանիշներ: Օրակարգի այս հարցի շուրջ ելույթ ունեցան Հայաստանի պատվիրակության երկու անդամներ՝ Գուրգեն Արսենյանը եւ Շավարշ Քոչարյանը, որոնք դիտորդական առաքելություն էին իրականացրել Ուկրաինայի նախագահական ընտրությունների ընթացքում: Գուրգեն Արսենյանի կարծիքով, ընտրությունները անցել են բացարձակ թափանցիկ. արդար եւ օրինական: Շավարշ Քոչարյանն իր ելույթում ողջունեց Ուկրաինայի ժողովրդին, որն ըստ նրա՝ այս ընտրությունների միջոցով ապացուցեց, որ իր երկրի տերն է. «Լուրջ քայլ արվեց համախմբման, ժողովրդավարության եւ եվրաինտեգրման ճանապարհի ուղղությամբ»: Ըստ նրա, այն տեղամասերում, որտեղ ինքն է դիտարկում իրականացրել՝ ընդհանրապես չեն եղել խախտումներ. «Այս ընտրություններն ապացույց դարձան, որ արդար ընտրություններ անցկացնելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է իշխանությունների քաղաքական կամքը»: Վաղը ԵԽԽՎ-ին ուղերձով դիմելու է Վիկտոր Յուշչենկոն եւ նաեւ ասուլիսում պատասխանելու է լրագրողների հարցերին: Երեկ Ստրասբուրգում քննարկվեց նաեւ Վրաստանի պարտավորությունների կատարման հարցը: Համազեկուցող Մաթիաս Յորշիի խոսքում հնչեցին բավական անսպասելի բացասական գնահատականներ: Ըստ նրա՝ իրավիճակը վատթարանում է այն առումով, որ տեղի է ունենում իշխանության կենտրոնացում՝ հարցերը լուծում է մարդկանց մի փոքրիկ խումբ: Յորշին նաեւ ասաց, թե հասկանում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է իշխանության մեկ ձեռքում կենտրոնացում, բայց նաեւ նշաններ կան, թե այդ կենտրոնացումը սկսում է դուր գալ, դրանից հաճույք է ստանում նոր իշխանությունը: Զեկույցում նշվում է, թե ժամանակն է կարգավորել իրավիճակը երկրում. «Հետհեղափոխական իրավիճակը չպետք է դառնա ալիբի վաղաժամ որոշումների եւ ժողովրդավարական չափանիշների ու մարդու իրավունքների ոտնահարման համար»: Վեհաժողովը խնդրում է Վրաստանի իշխանությանը, որ ստեղծեն այնպիսի պայմաններ, որտեղ կսկսի գործել ժողովրդավարական հավասարակշռումների մեխանիզմը: Հիշեցվում է, որ 2004-ի հունվարին ԵԽԽՎ-ն համաձայնեց վերանայել Եվրախորհրդի առջեւ Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար ծայրահեղ ժամկետները՝ որպես աջակցություն նոր իշխանությանը. «Սակայն ի սկզբանե պիտի պարզ լիներ, որ այլեւս չեն լինելու հետագա բանակցություններ եւ ձգձգումներ, եւ որ Վեհաժողովը սպասում է, որ վրացական կառավարությունն ամբողջությամբ եւ ժամանակին կկատարի իր պարտականությունները»: Եվ նորից Ռուսաստանի ներկայացուցիչ Լեոնիդ Սլուցկին տրանագծորեն հակառակ ելույթն ունեցավ, թե Վրաստանում վերջապես սթափ բանականությունն է հաղթանակում, առճակատումների քաղաքականությունից նահանջում են, Ռուսաստանի հետ հարաբերությունները մտնում են բնականոն փուլ: Ի դեպ, նա իր ելույթում հիշատակեց նաեւ Վերին Լարսում հայ վարորդների հետ կատարվածը՝ որպես այդ հարաբերությունների վատթարացման անուղղակի հետեւանք: Իսկ Ադրբեջանի պատվիրակ Ազիմ Մոլազադեն այս առիթն էլ օգտագործեց Ղարաբաղի մասին խոսելու համար: Իրենք՝ վրացի պատվիրակները, ընդունեցին զեկույցում արված քննադատությունը՝ ուրախությամբ արձանագրելով, թե այն արված է օգնելու մտահոգությամբ, բարյացակամորեն: Նշենք նաեւ, որ այս հարցի առնչությամբ էլ ելույթ ունեցավ Հայաստանի պատվիրակության անդամ Գուրգեն Արսենյանը, որը նշեց, թե իրենց ուրախացնում են այն փոփոխությունները, որոնք կատարվում են հարեւան երկրի տնտեսության մեջ: Նա Սահակաշվիլուն անվանեց «համոզված ժողովրդավար»: Տեսնենք՝ արդյոք Վրաստանի պատվիրակությունը պատասխան քայլը կանի՞ վաղը, երբ կքննարկվի Ղարաբաղի վերաբերյալ Աթկինսոնի զեկույցը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել