Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇԵՑԻՆՔ

Հունվար 25,2005 00:00

ՀԻՇԵՑԻՆՔ «ՍՈՎԵՏԱԿԱՆ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի հայտնի հայտարարությունից հետո կոլեկտիվ ընդվզումներին անդրադառնալով՝ նկատեց «Արմատ» կենտրոնի հիմնադիր անդամ Արա Սահակյանը: – Պրն Սահակյան, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Է. Ջոնսի հայտնի հայտարարության կապակցությամբ մեծ դժգոհություն առաջացավ հասարակական ամենատարբեր խավերում: Հիմա միջադեպը կարելի՞ է համարել հարթված: – ՀՀ ԱԳ նախարարը եւ ԱՄՆ դեսպանը տրամագծորեն հակառակ պնդումներ արեցին: Դեսպանն ասաց՝ ձեզ չենք նկատի ունեցել, իսկ նախարարը հայտնեց՝ մեզանից ներողություն են խնդրել: Եթե Ջոնսը մեզ նկատի չուներ, ուրեմն ներողություն պետք է խնդրեր ոչ թե ինքը, այլ՝ մենք: Ղարաբաղյան կարգավորման խնդիրը հանգեցվեց այս միջադեպին: Ոմանք հակված են միջադեպը հարթված տեսնել, սակայն լուրջ հիմքեր ունեմ կարծելու, որ այս ամենի մեջ խաղ կա, վատ խաղ, եւ այդ խաղը նոր-նոր է սկսվում: – Ի՞նչ ցույց տվեց այս միջադեպը: – Չափազանց տգեղ ու տխուր տեսարան էր, որ մեզ վերադարձրեց սովետական անցյալը: Նաեւ՝ ծիծաղելի: Որովհետեւ դպրոցները փակ էին եւ պոստում միայն բժիշկներն էին: Իհարկե, մեծ դեր ունեցավ այն, որ առողջապահության նախարարը դաշնակ է: Իսկ թե ինչու դաշնակ գյուղնախարարը չլծվեց այս գործին՝ երեւի պետք է բացատրել վեգետացիոն սեզոնի անպատեհությամբ: Միջադեպի արձագանքման քարոզչական տեխնոլոգիան մի ավելորդ անգամ ի հայտ բերեց իշխանության մտադրությունները ԼՂ հիմնախնդրի առնչությամբ: Եվ դա նրանք գաղտնիք չեն պահում՝ կա՛մ անկախություն, կա՛մ միացում: Թո՛ղ համարվի միջադեպը հարթված: Բայց ղարաբաղյան կարգավորումը շարունակում է մնալ տագնապի մեջ. ողջ հասարակությունը պրկված է վերահաս անցանկալիից: – Բայց ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով հասնել մեզ համար ցանկալի լուծմանը: – Միասնության միջոցով. դրան է մեզ կոչում իշխանությունը, եւ անգամ հայրական գոհունակություն հայտնվեց, թե «հայերն ընդդեմ Ջոնսի» գործում այդ միասնությունը երեւաց: Ուզում եմ հարցնել մեր հասարակությունը զոմբիացնել ձգտողներին՝ որտե՞ղ են ապացույցները, որ կա՛մ անկախություն, կա՛մ միացում ծրագիրն է իրականը: Չեմ ասում՝ նախընտրելին, քանի որ, իհարկե, Սեւրի դաշնագիրը նախընտրելի էր, սակայն իրականը Ալեքսանդրապոլի ու Կարսի խայտառակ պայմանագրերը եղան: Իմ հարցը պատասխան ունի, որովհետեւ խոսքը քաղաքական ծրագրի մասին է, իսկ քաղաքականության վավերականությունը, ինչպես հայտնի է, չափվում է նրա արդյունքներով, ինչպես հիշատակված պայմանագրերի արդյունքը եղավ արեւմտահայության ու Արեւմտյան Հայաստանի ամբողջական կորուստը եւ Կարսի, Սուրմալուի, Արդահանի, Նախիջեւանի, Ղարաբաղի զիջումը թուրքերին ու ազերիներին: Արդ՝ ո՞րն է վերջին 7 տարվա քաղաքականության արդյունք. ժողովրդավարության չափանիշներին չհամապատասխանող ընտրություննե՞րը, հոկտեմբերի 27-ի սպա՞նդը, միջազգային կազմակերպությունների ու փորձագիտական կենտրոնների կողմից տրվող անբարենպաստ գնահատականնե՞րը: Թե՞ այն, որ Ադրբեջանի բյուջեի եկամուտները մոտենում են 2 մլրդ դոլարի սահմանագծին, Վրաստանինը՝ 1 մլրդ դոլարի, իսկ Հայաստանինը ծրագրավորվել է հազիվ 650 մլն: Թե՞ Ադրբեջանի առաջանցիկ ռազմական ծախսերը ու նրա կարծրացող դիրքորոշումը ԼՂ հարցում: – Բայց գրավիչ է՝ լինենք միասնական, եւ թշնամին մեզ չի հաղթի: Բերվում են Չարենցի հայտնի խոսքերը՝ «Ով հայ ժողովուրդ…»: – Եթե բոլորը մի կերպ են մտածում, ուրեմն իրականում մտածում է մեկը եւ՝ բոլորի փոխարեն: Դա տոտալիտարիզմ է: Ես անձամբ միասնական չեմ եղել ու երբեք չեմ լինի խաղաղ ցուցարարներին ջարդողների, ռասիստների, հոմոսեքսուալիստների ու էլի շատ մարդկային արատների հետ: Ժողովրդավարություն նշանակում է բազմակարծություն: Դա մեր նվաճումն է, մեր արժանապատիվ զարգացման երաշխիքը: Իսկ հիմա հայտնվել են մենտորներ եւ, էկրանից էկրան վազելով, մեզ իրենց պես մտածելու կոչ են անում: Մտածելու ազատությունը մարդկային էությունն է կազմում, իսկ իրենց չափը չիմացող ինչ-որ տխմարներ փորձում են վերացնել քաղաքացիական հասարակության ինստիտուտներն ու բոլորին քշել անասնաֆերմա: Իրենց անվանում են ազգայնական եւ քարկոծում ժողովրդավարներին: Ոտնատակ տալով իրավունք ու ժողովրդի կամք՝ խոսում են եւս 10 տարի տիրապետելու մասին. իբր այս 7 տարին ժողովրդին բախտավորեցրին… Զորավար Անդրանիկը պատմում է, որ 1919-ին դաշնակները միանձնյա իշխելու 5 տարի էին պահանջում: Իսկ թե ինչ եղավ 1 տարի անց՝ բոլորը գիտեն: Հիմա սրանք ի՞նչ են պատրաստվում զոհել հանուն ազգայնականության ու եւս 10 տարի անվերահսկելի տիրապետելու՝ Ղարաբա՞ղը, Հայաստանի մի մա՞սը, թե՞ ամբողջ Հայաստանը: Զրուցեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել