Մրցաշրջան-2004-ը հաջող ստացվեց Աշտարակի
«Միկա» ֆուտբոլային ակումբի համար, որը հանրապետության բարձրագույն խմբի առաջնությունը
եզրափակեց երկրի փոխչեմպիոնի տիտղոսով: Ի՞նչ նպատակներ է իր առջեւ դրել թիմը
2005 թվականին: Այդ մասին զրուցեցինք «Միկա» ֆուտբոլային ակումբի նախագահ Կառլոս
Ղազարյանի հետ: – Ինչպե՞ս էք գնահատում ակումբի մրցելույթները անցած մրցաշրջանում:
– Լավ, քանի որ գոյության վեց տարիների ընթացքում «Միկան» երեք անգամ հասցրել
էր դառնալ Հայաստանի գավաթակիր, սակայն երկրի առաջնության արծաթե մեդալները նվաճեց
առաջին անգամ: Դա պատվաբեր է թե ակումբի, թե թիմի մարզիչների, թե ֆուտբոլիստների
համար: Սակայն հաջողությունը, որին հասանք միասնական ջանքերով, նաեւ պարտավորեցնող
է, ու մենք մեր առջեւ պետք է ավելի լուրջ նպատակներ դնենք, քանի որ վերջնականապես
համոզվեցինք, որ արդար մրցակցության պայմաններում կարող ենք պայքարել ու հասնել մեր
առջեւ դրված ծրագրերին: – Ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը: – Նախ, պետք
է պայքարենք «Անկախության» գավաթին հերթական անգամ տիրելու, ապա նաեւ առաջնությունում
մեր դիրքերը չզիջելու, ինչու՞ չէ, նաեւ չեմպիոնի կոչումը նվաճելու համար: –
Մասնակցելու եք նաեւ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը… – Այո: Ու այս անգամ
փորձելու ենք գոնե մեկ փուլ անցնել: – Հիմա թիմն ինչո՞վ է զբաղված: –
Ուսումնամարզական հավաք է անցկացնում Արարատի «Այգ» մարզահամալիրում (հարցազրույցը
եղել է ուրբաթ օրը, իսկ «Միկան» շաբաթ օրն ընկերական խաղ պետք է անցկացներ «Կոտայքի»
հետ եւ վերադառնար Երեւան-Ա. Հ.): Վերադառնալուց հետո բոլոր ֆուտբոլիստները բժշկական
հետազոտության կենթարկվեն, որից հետո հունվարի 30-ից հավաքը կշարունակեն Ծաղկաձորում:
Փետրվարի 10-20-ը թիմը կմասնակցի «Թուրքմենբաշիի գավաթի» խաղարկությանը, որին ամենայն
հավանականությամբ կհաջորդի հավաք Անթալիայում: – Թուրքմենիա «Բանա՞նցը» չէր
մեկնելու: – Նախապես այդպես էր որոշված, սակայն ծրագրերը փոխվել են: –
Քանի՞ ֆուտբոլիստ է մասնակցում հավաքներին եւ ի՞նչ փոփոխություններ են կատարվել թիմում:
– Մարզիչները հրավիրել են 30 ֆուտբոլիստի: Երեք հոգի «Շիրակից» են, երիտասարդ
մի հայ տղա եկել է Վրաստանից եւ որ շատ կարեւոր եմ համարում, ֆուտբոլիստներ կան նաեւ
«Միկա-2»-ի երիտասարդական կազմից: Հեռացածներ էլ ունենք: Փորձարկումները շարունակվում
են, որոնց ավարտին մարզիչները կընտրեն արժանավորներին: – «Միկան» հանրապետության
ֆինանսապես ամենակայուն ակումբներից է, սակայն առայսօր սեփական մարզաբազա չունի:
– Այդ խնդիրն արդեն լուծված է: Անցած տարի ակումբի համար հովանավոր Միխայիլ
Բաղդասարովը ձեռք բերեց Երեւանի «Արաքս» մարզահամալիրը, որը երկար տարիներ անգործության
մատնված լինելու պատճառով կիսաավերակի էր վերածվել: Ու անմիջապես ձեռնամուխ եղավ
շինարարությանը: Այն լինելու է եվրոպական ժամանակակից պահանջները բավարարող մի հոյակերտ
մարզաբազա՝ ութ հազար նստելատեղ ունեցող հիմնական եւ օժանդակ երեք խաղադաշտերով,
հսկա մարզադահլիճով, որը հագեցված է լինելու ժամանակակից վարժասարքերով: Համալիրն
ունենալու է իր առանձին էլեկտրահանգույցը՝ դաշտերի գիշերային լուսավորման համար,
հանդերձարաններ, լողարաններ, մի խոսքով, բոլոր հարմարությունները: – Ու այնտեղ
մարզվելու են ակումբի ֆուտբոլային մանկապատանեկան թիմե՞րը: – Մենք հիմա էլ
մեր մարզադպրոցն ունենք Աշտարակում: Մարզումներն անցկացվում են այնտեղի քաղաքային
ստադիոնում, որի հովանավորությունը կրկին ստանձնել է Մ. Բաղդասարովը: Հիմա մեր պատանի
ֆուտբոլիստների թիվն ավելացել է ու, անշուշտ, էլի կավելանա: Ի դեպ, մեր հովանավորը,
լինելով նաեւ շախմատի քաղաքային ֆեդերացիայի նախագահը, այնտեղ բացել է նաեւ շախմատի
խմբեր եւ ցանկանում է, որպեսզի մեր ֆուտբոլիստներն էլ լավ շախմատ խաղան, որը շատ
կօգնի դաշտում մտածված ֆուտբոլ խաղալուն: – Մարզակառույցը մոտավորապես ի՞նչ
կարժենա եւ ե՞րբ է նախատեսվում դրա շահագործումը: – Նախահաշվարկներով ներդրվելու
է $ 3 միլիոնից ավելի: Աշխատանքներն ուզում ենք ավարտել այս տարվա վերջին: Իսկ եթե
հաջողվի, եվրագավաթների հանդիպումները կանցկացնենք մեր նորակառույց խաղադաշտում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ «Համագործակցության» գավաթի
խաղարկությունում Բաքվի «Նեֆտչիից» մեր հանրապետության չեմպիոնի կրած պարտության
առիթով մեր թերթի ուրբաթ օրվա առաջնորդողում արված մի հումորից ակումբի ղեկավարությունը
սրտնեղել էր: Տեղեկացնում ենք, որ այդտեղ ոչ մի չարամտություն չկա: Դա ընդամենը բառախաղ
է, որում նկատի է ունեցվել պարոն Բաղդասարովի բիզնեսի ոլորտներից մեկը հանդիսացող
նավթային գործունեությունը: Եվ հասկանալի է, որ «Միկա» ու «Նեֆտչի» ակումբների անվանումներն
ընդհանուր ոչինչ չունեն: