Լրահոս
Օրվա լրահոսը

«15 տարվա ժառանգությունից մեկ տարում չենք ազատվի»

Հունվար 25,2005 00:00

Նախագահ
Քոչարյանի քննադատությունը երեկ այսպես պատճառաբանեց Երեւանի քաղաքապետը Եթե
չլիներ երկրի նախագահի այցը քաղաքապետարան, հավանաբար չէր լինի նաեւ քաղաքապետ Ե.
Զախարյանի երեկվա ասուլիսը, քանի որ լրագրողների համար տարեվերջյան ամփոփիչ ասուլիս
նա արդեն տվել էր: Այդ էր պատճառը, որ երեկ նա անդրադարձավ հիմնականում այն խնդիրներին,
որոնք ուրբաթ օրը նկատել եւ բավականին կոշտ ձեւակերպումներով ներկայացրել էր Ռ. Քոչարյանը:
Նախագահի նշած թերությունների պատճառները քաղաքապետը պատճառաբանեց հետեւյալ կերպ.
«15 տարվա ժառանգությունից մեկ տարում չենք կարող ազատվել»: Հետաքրքիր է, մայթերը
պատած սառո՞ւյցն էլ 15 տարվա վաղեմություն ունի եւ ի՞նչն է պատճառը, որ քաղաքապետի
ենթակաները բավարարվում են, ինչպես նախագահն ասաց՝ հեռուստատեսությամբ շոու կազմակերպելով:
Այն, որ մայթերը զավթված են եւ այսօր էլ շարունակում են ծածկվել նորանոր կրպակներով
եւ սեղան-աթոռներով, տեսանելի է նաեւ քաղաքապետին: Գուցե դրանց վերացման հանձնարարական
էլ է տվել: Ու եթե դրանք շարունակում են սփռվել, հետեւաբար, ինչպես ասում են, show
must go on այս անգամ՝ լրատվամիջոցներին մատուցվող որոշումների եւ հանձնարարականների
տեսքով: Արդեն որերորդ անգամ նախագահ Քոչարյանը մեծ ազարտով «բուլդոզեր է մտցնում
Կենտրոն ու քանդում անճաշակ ու ապօրինի կառույցները՝ չնայելով, թե ով է տերը»: Մի
քանի անգամ էլ քաղաքապետն ու իր ենթակաները նշել են, որ արդեն կառուցածը «բուլդոզերի
բերանը չեն տա», պետք է ուղղակի կանխարգելել ապօրինի շինարարությունը: Երեկ «Առավոտը»
քաղաքապետից փորձեց ճշտել, թե ինչո՞ւ չեն համընկնում նախագահի ու քաղաքապետի մոտեցումները
այդ հարցին եւ հստակեցնել՝ ե՞րբ եւ ո՞ր կառույցներն են քանդվելու: Պարոն Զախարյանը
պատասխանեց. «Կան կառուցապատողներ, որոնց նկատմամբ պիտի բուլդոզեր կիրառվի, իսկ ընդհանրապես
ճիշտ է խստիվ արգելել ոչ ճիշտ տեղում ու տեսքով կառուցապատումը: Ամեն դեպքում տարեկան
մի քանի փողոց մեր նախագծով վերակառուցելով, ի վերջո կազատվենք անճաշակ ու ապօրինի
շինություններից»: Ըստ մեզ, այդ ծրագրում հաստատ չեն ներառվի Օպերայի շրջակայքի բազմաոճ,
բազմաճաշակ, բայց «տերավոր» կառույցները, որոնք թեպետ կարճ ժամանակում ստացել են
անհրաժեշտ փաստաթղթեր, բայց երբեք չեն կարող համարվել օրինական, քանի որ կառուցվել
են քաղաքաշինության, էկոփորձաքննության, մշակութային արժեքների պահպանման մասին եւ
մի շարք այլ օրենքների կոպիտ խախտումներով: Լավագույն դեպքում, մայթերը կազատվեն
մի քանի մանր-մունր կրպակներից: Նախագահի մյուս դիտարկումները՝ քաղաքապետարանի
աշխատակազմի թերի եւ «անթափանց» աշխատանքի հետ կապված, Ե. Զախարյանի ասելով, պետք
է ընդունել ի գիտություն եւ աշխատել դրանց վերացման ուղղությամբ: Հարկ է նշել, որ
նախագահի հիշատակած կառավարության պաշտոնական տեղեկագրում գործադիրի բոլոր որոշումները
չէ, որ տեղ են գտնում: Ու թեպետ այդ դեպքում որոշումները իրավաբանական ուժ չեն ստանում,
բայց շատ հաճախ այդ մասին հանրությունը տեղեկանում է այն ժամանակ, երբ այն արդեն
կիրառվում է եւ վեճերի տեղիք տալիս: Օրինակ՝ ինչպես Դալմայի այգիների դեպքում եղավ:
Քաղաքապետը խոսեց նաեւ այս տարվա անելիքներից. 4-րդ կարգի վթարային շենքերի
բնակիչներին այլեւս գումարի տեսքով փոխհատուցում չի տրվի, որովհետեւ «գնում-ծախսում
են ու մնում են անտուն, մենք այդ գումարով շենք կսարքենք ու բնակարան կտանք», մայիսից
մի քանի ամսով կփակվի Կիեւյան կամուրջը՝ վերանորոգման նպատակով, մինչեւ հունիս-հուլիս
ամիսը մայրաքաղաքի ողջ կանաչ գոտին ոռոգման ցանց կունենա եւ կտնկվի 44 հազար ծառ:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Նախագահ Քոչարյանի՝
քաղաքապետի կատարած աշխատանքի մասին հնչեցրած կոշտ որակումներն ու իր նշանակած պաշտոնյայի
հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքն առիթ է տվել լուրերի, թե քաղաքապետին կպաշտոնազրկեն:
Սակայն վերջին ժամանակների նախագահական դիվանագիտությունից դատելով, Ռ. Քոչարյանը
դա շուտ չի անի՝ թեկուզ լուրեր տարածողներին «սխալ հանելու» համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել