Հավաստիացնում
է Եգիպտոսում Հայաստանի դեսպանը Ինչպես հայտնի է՝ հունվարի 19-ին Կահիրեում
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարության եւ ՀՀ ԱԳՆ-ի միջեւ ստորագրվեց
համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր: Ըստ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում
ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի, այս փաստաթուղթը կարեւոր է այնքանով, որ դրանով հիմք
է դրվում արաբական աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպության հետ համագործակցության,
ինչը, դեսպանի համոզմամբ, պատմական նշանակություն ունի՝ հաշվի առնելով արաբական աշխարհի
եւ հայ ժողովրդի պատմական առնչությունները. «Սա պատմական հարաբերությունների տրամաբանական
արդյունքն է, բայց վերջակետը չէ»,- ասում է դեսպանը: Ի դեպ, նախկին ԽՍՀՄ երկրներից,
ՌԴ-ից հետո Հայաստանը երկրորդ երկիրն է, որ նման համաձայնագիր է ստորագրում: «Առավոտի»
դիտարկմանը՝ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի շահագրգռությունը սույն համագործակցությամբ
եւ ինչո՞ւ հարեւան մահմեդական Ադրբեջանը ներկայացված չէ այդ լիգայում, Ռուբեն Կարապետյանն
արձագանքեց. «Դժվար է ենթադրել, թե ինչու Ադրբեջանը ներկայացված չէ լիգայում, բայց
որ խանդի դրսեւորումներ կան՝ ակնհայտ է: Նաեւ ըստ պաշտոնական արաբական կողմի, Ադրբեջանը
եւ Կենտրոնական Ասիայի երկրները բավականին ակտիվ հետաքրքրվում են եւ մեխանիզմներ
են փնտրում Արաբական լիգայում քաղաքական խորհրդակցությունների համար»: Իսկ արաբական
աշխարհի հետ համագործակցությունը, բացի պատմական ակունքներից, ըստ Ռ. Կարապետյանի,
նաեւ աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումներում է կարեւորվում՝ նկատի ունենալով
նաեւ հայկական սփյուռքի առկայությունն այդ երկրներում: Այս ամենի ֆոնին առավել
արդիական է դառնում Իրաքում հայկական զինված ուժերի ստորաբաժանման առկայությունը:
Դեսպանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ փաստը, որը Հայաստանում բուռն քննարկումների
եւ տարատեսակ հայտարարությունների առիթ դարձավ, չի՞ խանգարում արաբական աշխարհի հետ
հայկական համագործակցությանը եւ չի՞ սպառնում այդ երկրներում մեր սփյուռքի հետագա
գոյությանը: «Մենք հիմա արաբական, հիմնականում եգիպտական կողմի հետ աշխատանքներ ենք
տանում, որպեսզի պարզաբանենք այդ որոշման դրդապատճառները: Իսկ դրդապատճառների էությունն
այն է, որ Եգիպտոսի նախագահն ինքն այսօր ամերիկյան կողմի հետ շփումներում բազմաթիվ
անգամ ասել է, որ ԱՄՆ-ի եւ միջազգային ուժերի դուրս բերումը Իրաքից կարող է հանգեցնել
լուրջ խնդիրների: Այսինքն, անգամ եգիպտական կողմը, արաբական աշխարհի լուրջ մտածող
մարդիկ, քաղաքական գործիչները հասկանում են, որ Իրաքում այսօր այնպիսի իրավիճակ է,
երբ անհնար է, որ այդ երկրի ժողովուրդը միայնակ կարողանա իր հարցերը կարգավորել:
Այսօր արդեն իրենք են դնում հարցը, որ միջազգային ուժերը մնան Իրաքում եւ շարունակեն
անվտանգության ապահովումը՝ մինչեւ առաջիկայում կայանալիք ընտրություններ: Մենք էլ
բացատրություն ենք տալիս, որ մեր ստորաբաժանումը անզեն է՝ բժիշկներ, վարորդներ եւ
սակրավորներ, եւ որեւէ քաղաքական կոնտեքստ դրանում չկա: Տեղի հայ համայնքն էլ նորմալ
է ընդունում այդ խնդիրը: Մանավանդ որ մեր հարեւաններն այնտեղ զորքեր ունեն եւ վերջերս
տեղեկացանք, որ Վրաստանը պատրաստվում է ավելացնել իր զորամիավորման քանակը: Մանավանդ
Իրաքում հայ համայնքի ներկայությունը խոսում է այն մասին, որ մենք չենք կարող դիտորդի
կարգավիճակ ունենալ: Մենք եւս շահագրգիռ ենք Իրաքում իրավիճակի շուտափույթ կայունացմամբ»,-
ասում է Ռուբեն Կարապետյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Կահիրե-Երեւան