Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԳԱՂՏՆԻ՞ ԵՆ

Հունվար 25,2005 00:00

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ
ԳԱՂՏՆԻ՞ ԵՆ Անցյալ ուրբաթ օրը Երեւանի քաղաքապետարանում ՀՀ
նախագահը հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով քաղաքապետարանի գործունեության
թափանցիկությանը՝ դիտողություն արեց, թե բողոքներ կան, որ քաղաքապետարանը հրաժարվում
է իր որոշումների պատճենները տրամադրել հետաքրքրվող անձանց: «Քաղաքապետարանը գաղտնի
գործառույթներ չունի, ո՞րն է խնդիրը, որ ձեր որոշումները չի կարող քաղաքացին կամ
հասարակական կազմակերպությունը ունենալ: Նախատեսեք, որ 2005-ին ներդրվի հասարակության
համար քաղաքապետարանի որոշումների հասանելիությունը ապահովող համակարգ: Կարելի է
որոշումները տեղադրել ձեր ինտերնետային էջում, հրապարակել նաեւ ձեր տարեկան ծրագիրը»,-
առաջարկել էր Ռ. Քոչարյանը, որին, ի դեպ, հենց այս հարցով դեռ անցյալ տարվա ամռանը
դիմել էր Հետաքննող լրագրողների ընկերակցությունը: Տպավորություն կար, թե
ՀՀ նախագահը տվյալ դեպքում նկատի ուներ հենց այս կազմակերպությանը: Հիշեցնենք, որ
Օպերայի շրջակայքում հողհատկացումների մասին քաղաքապետարանի որոշումները այս կազմակերպությանը
մինչ օրս էլ չի հաջողվել ստանալ Երեւանի քաղաքապետարանից, թեեւ այդ առնչությամբ կա
անգամ վճռաբեկ դատարանի որոշում: Կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը
կարծիք հայտնեց, որ Ռ. Քոչարյանի հիշյալ նկատողությունը իրականում ՀՀ նախագահին ուղղած
իրենց նամակ-բողոքների անուղղակի պատասխանն էր: Նախագահի այդ հանդիպումից եւ հանձնարարականից
անցել է արդեն 3 օր: Փորձելո՞ւ է արդյոք պրն Բաղդասարյանը նույն պահանջով դիմել քաղաքապետարան:
«Եթե դիմենք՝ կդիմենք Եվրադատարան: Դա սկզբունքի հարց է, եւ քաղաքապետարանը պարտավոր
է ինքը ներկայացնել մեր պահանջած փաստաթղթերը»,- նկատեց պրն Բաղդասարյանը՝ միաժամանակ
հավելելով, թե մինչեւ դատական ավելի բարձր ատյաններին դիմելը կազմակերպությունը մտադիր
է, թերեւս, հաջորդ շաբաթ դիմել դատական ակտերի հարկադիր կատարածուներին՝ վճռաբեկ
դատարանի որոշումը ի կատար ածելու եւ քաղաքապետարանից ակնկալվող փաստաթղթերը ստանալու
համար: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել