Մի
հատ էլ չիշխանափոխվե՞նք Եթե ճիշտ է այն պնդումը, որ պատմությունը
որոշակի պարբերականությամբ կրկնվում է, ապա իսկը ժամանակն է, որ Հայաստանի իշխանական
էլիտային կրկին փոխարինելու գա Ստեփանակերտի վարչախումբը: Այսպիսի մտահանգման օգտին
է խոսում այն հանգամանքը, որ Երեւանի ու Ստեփանակերտի «ղարաբաղյան» ընկալումների
մեջ դարձյալ նկատելի ճեղքվածքներ են առաջացել: Իսկ այդպիսի ճեղքվածքների հարթման
առնվազն մեկ՝ հաջող փորձի մեր նորագույն պատմության մեջ մենք արդեն ականատես ենք
եղել: Ասենք, ի համեմատ նախորդ անգամ տեղի ունեցածի, այս նոր «պալատական»
իշխանափոխությունը ստացվելու դեպքում բոլոր շանսերն ունի ավելի անցնցում եւ պակաս
ցավոտ ընթանալու, եթե, իհարկե, կողմերը երկուստեք համապատասխան կամք ցուցաբերեն:
Տեսեք, թե ինչ է ստացվում. նախ՝ այդպիսով Հայաստանում հիմնավորապես իշխող ղարաբաղյան
կլանին անհանգստացնելու կարիք չի լինի (ինչը խիստ վտանգավոր կլիներ), քանզի իմաստ
չունի մի ղարաբաղյան կլանը փոխարինել մեկ այլ ղարաբաղյան կլանով: Իսկ արդյունքում
էլ կստանանք առնվազն երկու շոշափելի «օգուտ». առաջինը՝ միեւնույն կլանի համապատկերում
գործող, բայց հայաստանյան հասարակայնության համար քիչ թե շատ ընկալելի ու քիչ թե
շատ տանելի մեկ ուրիշ առաջնորդ, եւ ապա՝ ղարաբաղյան հակամարտության՝ մեզ համար ավելի
ու ավելի աննպաստ դարձող կարգավորման գործընթացի օբյեկտիվ ձգձգում եւ ստատուս-քվոյի
նույնքան օբյեկտիվ պահպանում: Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանի ներկայիս կառավարիչները
իշխանությունն իրենց համար անցնցում հանձնելու եւ հետիշխանական հանգիստ ու ապահով
կյանք վարելու շատ լավ հնարավորություն կստանային: Մանավանդ որ դրա համար «խելամտորեն»
հսկայական միջոցներ են կուտակել: Այս ամենը, իհարկե, ենթադրությունների ոլորտից
է, բացառությամբ այն հանգամանքի, որ պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ հարաբերություններն
իրոք կամ սրված են, կամ կողմերը ձեւացնում են, թե սրված են: Այսպես. «Ռեգնում» գործակալությանը
տված հարցազրույցում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը բացահայտ հոռետեսությամբ է խոսում
բանակցային բոլոր այն ձեւաչափերի մասին, որոնցում Ստեփանակերտն իբրեւ կողմ ներկայացված
չէ: Ղուկասյանի հոռետեսության դաշտից, ի դեպ, դուրս չի մնում նաեւ Վ. Օսկանյանի կողմից
այդքան գովերգված «Պրահյան գործընթացը»: «Արդյո՞ք ժամանակը չէ, որ Երեւանն ավելի
հստակ դնի այդ խնդիրը» հարցին ի պատասխան՝ Ղուկասյանը նշում է, թե դրան ինքը չէ,
որ պետք է պատասխանի՝ այդպիսով միարժեքորեն ակնարկելով Երեւանի պասիվությունը կամ
գուցե թե՝ չկամությունը: Նույն հարցազրույցում Արկադի Ղուկասյանն ի սկզբանե կանխորոշում
է «Հայաստան-Ադրբեջան» ֆորմատի դատապարտվածությունը՝ նշելով, թե դրա պատճառով միշտ
էլ ի հայտ են գալու հայկական կողմի համար աննպաստ ձեւակերպումներ: «Եվ հարցը այստեղ
ամենեւին էլ գործադրվող ջանքերի մեջ չէ, այլ կոնցեպտուալ մոտեցումների»,- ասում է
Ղուկասյանը: Ինչպես տեսնում ենք, այստեղ մտածելիք կա: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ