ՄԵՂԱՎՈՐ ԵՆ, ԲԱՅՑ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ «ԱրմենՏելի» բաժանորդների սպասարկման թիվ 23 ԱՀԿ-ի (ATC) աշխատակիցների անփույթ աշխատանքի արդյունքում Կոմիտասի 54 բ հասցեի բնակիչ, նախկին ազատամարտիկ Ալբերտ Հովհաննիսյանի 15 ամսվա րոպեավճարը կուտակվել է՝ կազմելով մոտ 22 հազար դրամ: Այժմ իր մեղքի բաժինն անտեսելով՝ «ԱրմենՏելն» ամեն ամիս բաժանորդի հեռախոսն օրերով անջատում է՝ պահանջելով պարտքը վճարել: Ա. Հովհաննիսյանի պատմելով, 2003 թ. ապրիլին մի հեռախոսահամար պարտքերի պատճառով անջատել են եւ մեկ ամիս հետո տրամադրել իրեն: Վերջինս էլ ամեն ամիս բարեխիղճ ներկայացել է հեռախոսավարձը վճարելու, որտեղ նրանից աշխատակիցները գանձել են միայն 900 դրամ բաժանորդային վարձը՝ հավատացնելով, որ «տեղավորվել» է ամսական անվճար տրամադրված 360 րոպեում (առկա են վճարման կտրոնները): Մեկ տարի հետո Ա. Հովհաննիսյանն անակնկալի է եկել, երբ ԱՀԿ-ում նրան են հրամցրել 15 ամսվա պարտքերի ցուցակ եւ պահանջել միանգամից վճարել՝ սպառնալով հեռախոսն ընդմիշտ անջատել: Իսկ Ա. Հովհաննիսյանին պատճառաբանել են, թե նախորդ բաժանորդի պարտքի դիմաց վճարած 37 հազար դրամը թյուրիմացաբար վերագրել են իրեն, եւ որ իր խոսակցության րոպեավճարը այդ ամիսների ընթացքում մարել են նախորդ՝ «ԱրմենՏելին» պարտք բաժանորդի մուծումից: Մի քանի ամիս առաջ Ա. Հովհաննիսյանը դիմում է հղել «ԱրմենՏելի» տարածքային ծառայության վարչության պետ Գեւորգ Արաբյանին, որտեղ մանրամասն շարադրել է իր սոցիալական ծանր վիճակի մասին եւ խնդրել հեռախոսը միացնել՝ միաժամանակ պարտավորվելով հնարավորության դեպքում գումարի մի մասը վճարել: Գ. Արաբյանը պատասխան դիմումում թեեւ ընդունել է «ԱրմենՏելի» մեղքը, սակայն հավելել է, որ չեն կարող ընդառաջել եւ որ Ա. Հովհաննիսյանը պետք է պարտքն ամբողջությամբ վճարի: Ա. Հովհաննիսյանը, ինչպես ինքն է ասում, «իր օրվա հացի փողից տնտեսելով» 12 հազար դրամն արդեն վճարել է: Սակայն արդարացիորեն նկատում է, որ եթե աշխատակիցները չսխալվեին, իր հաշվին այդքան պարտք չէր գոյանա եւ ինքն ի վիճակի կլիներ կատարել ամսական վճարումները: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ