Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԴԵ-Ն

Հունվար 22,2005 00:00

ՖԻԴԵ-Ն ԿԱՍՊԱՐՈՎԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՀԱՄԲԵՐԵԼ Շախմատի միջազգային ֆեդերացիան շատ արագ արձագանքել է գրոսմայստեր Գարրի Կասպարովի պաշտոնական բաց նամակին, որում աշխարհի 13-րդ չեմպիոնը հայտարարել է շախմատի միավորման գործընթացից իր դուրս գալու եւ չեմպիոնության համար Ռուստամ Կասիմջանովի հետ մրցամարտի շուրջ բոլոր բանակցությունները դադարեցնելու մասին: ՖԻԴԵ-ն մամուլի հատուկ թողարկում է հրապարակել, որում խոստանում է ներկայացնել բանկային բոլոր անհրաժեշտ երաշխիքները: Դրանում ասվում է, որ հնարավոր չէ ամենակարճ ժամկետներում ապահովել բանկային բոլոր երաշխիքները, երբ չեմպիոնական մրցամարտի երկու մասնակիցներն էլ ֆինանսական լուրջ պայմաններ են առաջ քաշում: Իսպանիայում կայացած ՖԻԴԵ-ի վերջին կոնգրեսում Կասիմջանով-Կասպարով մրցամարտն անցկացնելու շահագրգռություն հանդես բերեց Թուրքիայի շախմատի ֆեդերացիան, որի հետ էլ բանակցություններ է սկսել ՖԻԴԵ-ի ղեկավարությունը՝ պահանջելով մրցամարտն անցկացնելու բանկային անհրաժեշտ երաշխիքներ ներկայացնել: ՖԻԴԵ-ն հավաստիացնում է, որ բանակցությունների ժամանակ Կասպարովն ու Կասիմջանովը պարբերաբար տեղեկացվել են դրանց ընթացքի մասին: Այդ ժամանակ երկու շախմատիստներն էլ համաձայնել են, որ մրցամարտը մեկնարկի Ստամբուլում, ապրիլի 25-ին եւ ավարտվի մայիսի 14-ին: Մի քանի օր առաջ Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի փաստաբանը Գարրի Կասպարովին տեղեկացրել է, որ բանկային երաշխիքները հնարավոր չէ ներկայացնել հունվարի 25-ից շուտ: Եվ Կասպարովը այդ տեղեկատվությունն ստանալուց հետո է նամակ գրել ՖԻԴԵ, որում տեղեկացրել է բանակցային գործընթացից դուրս գալու մասին: «Ակնհայտ է, որ կանգնել ենք անելանելի վիճակի առջեւ: ՖԻԴԵ-ն ստեղծված իրավիճակի համար իրեն պատասխանատու չի ճանաչում, քանի որ Թուրքիայի փոխվարչապետն իր պաշտոնական նամակում ասում է, որ բանկային երաշխիքներ կտրամադրվեն: Այնպես որ, Գարրի Կասպարովը մինչեւ բանակցություններից միակողմանի դուրս գալու մասին հայտարարություն անելը պետք է հարգանք ցուցաբերեր մրցակցի՝ Ռուստամ Կասիմջանովի հանդեպ»,- նշվում է ՖԻԴԵ-ի մամուլի հաղորդագրությունում եւ ավելացվում, որ ՖԻԴԵ-ն կշարունակի մրցամարտի կազմակերպման շուրջ բանակցությունները ազգային ֆեդերացիաների եւ շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել