Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազում

Հունվար 22,2005 00:00

Ջազում միայն մոդելներն են Հունվարի 27-ին երեւանյան ակումբներից մեկում կկայանա նորաձեւության ցուցադրություն՝ ջազի հնչյունների ներքո: Միջոցառումը կրում է «Հին քաղաքի նոր ռիթմերը» խորագիրը: Կներկայացվեն մոդելյորներ Արամ Նիկոլյանի, Մարինա Մանուկյանի աշխատանքներն ու կոմպոզիտոր Սերգեյ Մկրտչյանի ստեղծագործությունները: «Նոր են հագուստները, նոր է երաժշտությունը՝ acid-ջազը»,- տեղեկացրեց Ա. Նիկոլյանը: Նա երեկոյին կներկայանա իր «Էգո» եւ «Հնամյա ձեռագրեր» հավաքածուներով, որոնք հիմնականում ձեռքի աշխատանք են: Ընդ որում, «Էգոյի» ինքնատիպ նմուշների վրա ոչ միայն տարբեր թերթերի, նաեւ «Առավոտի» լոգոներն են, այլեւ կտորներ թերթերից: «Էգո» կոչվող հավաքածուս ավանգարդ ոճում է, փորձել եմ արտահայտել իմ հոգեվիճակը այն ստեղծելիս»,- պարզաբանեց մոդելյորը, որը հաջողությամբ մասնակցել է մի շարք միջազգային ու տեղական մրցույթների՝ «Ռուսական սիլուետ», «Հայկական սիլուետ», «Ինտերդիզայն» եւ այլն՝ արժանանալով բարձր պարգեւների: Ինչ վերաբերում է «Հնամյա ձեռագրերին», այն հեշտ չի ստեղծվել: Արամը տեւական ժամանակ Մատենադարանում ուսումնասիրել է հին ձեռագրերը, հետաքրքրվել Կիլիկիայի մանրանկարչությամբ: Արդյունքում՝ ծնվել են կաշվե նմուշներ, որոնցում զուգակցված են ժամանակակից հագուստի ու 19-րդ դարի հայկական տարազի տարրեր: «Խառնելով ազգայինը ժամանակակից հագուստի հետ՝ ստացել եմ հետաքրքիր համադրություն: Շատ էի ուզում ազգային թեմայով հագուստներ ստեղծել, ի հեճուկս այն մարդկանց, ովքեր անճաշակ պաստառի կտորին իբր հայկական զարդանախշեր են նկարում՝ անունը դնելով ազգային հագուստ: Ես օրիգինալ բան եմ մտածել, հատուկ ընտրել եմ Կիլիկիայի մանրանկարչությունը, որը հայկական մանրանկարչության մեջ առանձնանում է գույների պայծառությամբ, ուր գերիշխում է ոսկին»,- ասում է Արամը: «Հնամյա ձեռագրերով» նա Հայաստանն արդեն ներկայացրել է մի շարք մրցույթներում: Նաեւ Օրյոլ քաղաքում կայացած մրցույթում, որտեղ ներկա էին աշխարհի մակարդակով դիզայնի ասպարեզի հեղինակություններ, իսկ ժյուրիի նախագահը Ֆլորենցիայի դիզայնի ակադեմիայի ռեկտոր Վինչենցո Ջուբբոն էր: Վերջինս հայ մոդելյորին հրավիրել է սովորելու Իտալիայում, ուր կմեկնի այս տարվա աշնանը: Հունիսին Արամը կմասնակցի Մալթայում կազմակերպվող առաջնությանը եւ, բացի եղած հավաքածուներից, կներկայացնի իր դիպլոմային աշխատանքը (սովորում է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայում- Գ. Հ.): Թե ինչպիսի զգեստներ կլինեն դրանք, փակագծերը չբացեց՝ ասելով, որ առայժմ փնտրտուքի մեջ է: Մալթայում կցուցադրվի նաեւ Արամի ֆուտուրիստական շեշտադրումներով հավաքածուն: Երիտասարդի համոզմամբ, Հայաստանում քիչ չեն շնորհալի մոդելյոր-դիզայներները, որոնք, ցավոք, աշխատում են «ասես փակ տուփի մեջ. ինֆորմացիան քիչ է, որեւէ բան ստեղծելը՝ դժվար»: «Հաճախ դրսի մեր կոլեգաները զարմանում են, թե ինչպես ենք աշխատում նման պայմաններում: Բայց մյուս կողմից էլ՝ քիչ գումարով շատ գործ ենք անում: Երբ իմանում են, որ սուղ միջոցներով մի ամբողջ հավաքածու ենք ստեղծել, ծիծաղում են: Նույն գումարով իրենք միայն կոշիկները կամ փոքր դետալը կարող էին ունենալ»,- ժպտում է Արամը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել