Հանրապետությունում համաճարակ չկա Սակայն պետք է զգոնություն պահպանել «Եթե Աստված բոլոր ինֆեկցիոնիստների ձեռքը բռնած էլ իջնի, միեւնույն է, չի կարող վարակի բացիլը հետ վերցնել»,- հայտնելով վերջին օրերին մեծ թափ առած կարմրուկի մասին՝ ասաց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը՝ առողջապահության նախարարությունում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ: Նա զգուշացրեց, որ մեզ համար մեծ փրկություն կլինի կանխարգելումը, ինչի դեպքում հիվանդների թիվն այսքան արագ չի մեծանա, ինչպես վերջին 15 օրում: Հունվարի 18-ի տվյալներով, ՀՀ-ում արձանագրվել է 70 կարմրուկի դեպք, որից հոսպիտալացվել է 32-ը: Նրանց վիճակը բավարար է: Ի դեպ, 2004-ի ընթացքում արձանագրվել է կարմրուկի 1783 դեպք, ինչը եւս համաճարակաբանական էական նշանակություն չի ունեցել: Ընդ որում, հիվանդների այդ խումբը մինչեւ 1 կամ 18-20 (եւ բարձր) տարիքի անձինք են: Այսինքն՝ նրանք, ովքեր դեռ չեն հասցրել, կամ էլ «վատ տարիներին» պատվաստանյութերի բացակայության կամ պահպանման սառցային շղթայի խախտումների պատճառով կարմրուկի դեմ չեն պատվաստվել: (Ի դեպ, այդ տարիներին կարմրուկի դեմ պատվաստումը կատարվում էր 5 տարեկանից հետո): Չնայած հիվանդացության թվին, հանրապետության դպրոցները երկուշաբթի օրվանից կվերսկսեն աշխատանքները: Արա Ասոյանն ասաց, որ նախարարությունը ոստիկանի դեր չի ուզում ստանձնել ու պարտադրել, որ դասեր չարվեն, մանավանդ, երբ համաճարակային իրավիճակ հանրապետությունում չկա: Պարզապես յուրաքանչյուր ծնող պետք է գիտակցի եւ երեխային դպրոց կամ մանկապարտեզ չթողնի՝ հիվանդության նույնիսկ չնչին նախանշանների դեպքում: Որովհետեւ հաճախ կարմրուկն սկսվում է ոչ սովորական ախտանիշներով (ցան, աչքերի կարմրություն), այլ՝ հարբուխային կամ գրիպային երեւույթներով: Այսուամենայնիվ, մասնագետները կոչ արեցին խուճապի չմատնվել. եղածն ընդամենը կարմրուկ է, եւ դրանից ամբողջ աշխարհում մահացության դեպքեր դեռեւս չեն գրանցվել: Հիվանդությունը չի թողնում նաեւ որեւէ հետեւանք, միայն թե չհետեւելու դեպքում կարող են բարդություններ լինել՝ բրոնխիտի, թոքաբորբի, մինչեւ անգամ ուղեղի թաղանթի բորբոքման՝ էնցիֆալիտի տեսքով: Ինչ վերաբերում է գրիպին, ապա հունվարի 1-15-ի կտրվածքով այս տարի գրիպով հիվանդների թիվը 3 անգամ պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հակահամաճարակային տեսչության պետ Արտյոմ Վանյանը տեղեկացրեց, որ դասերն սկսվելուն պես տեսչության աշխատակիցները կստուգեն բոլոր դպրոցները՝ թե դասասենյակներում նվազագույն՝ 17-18 աստիճան տաքություն ապահովելու, թե վիրուսակիր երեխաներին «հայտնաբերելու» համար: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ