Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ

Հունվար 22,2005 00:00

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Այսպես գնահատեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի արած հայտարարության շուրջ բարձրացված աղմուկը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ – Դեռեւս մի քանի տարի առաջ ամերիկյան մամուլը գրում էր, թե ԼՂ-ն օգտագործվում է որպես ապօրինի զենքի եւ թմրանյութերի տարանցիկ տարածք: Այսօր, ի դեմս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի, հայտարարվում է, թե ԼՂ իշխանություններն են քրեածին եւ կոռումպացված, եւ ակնարկվում է նրանցից ազատվելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ եզրակացություն պետք է անել դրանից եւ դա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ: – Այդ հայտարարությունն ամբողջությամբ, ինչպես նաեւ 2004թ. ընթացքում միջազգային գրեթե բոլոր խոշոր կազմակերպություններում ընդունված կամ քննարկված բանաձեւերում եւ փաստաթղթերում, որոնք կապված են Ղարաբաղի հարցի հետ եւ որոնք պարունակել են մեզ համար շատ վտանգավոր ձեւակերպումներ՝ «Հայաստանն էթնիկական զտումներ է կատարում գրավյալ տարածքներում եւ Ղարաբաղում», «Հայաստանն ագրեսոր է», «Ղարաբաղը անօրինական զենքի եւ թմրադեղերի տարանցիկ տարածք է» եւ այլն, պետք է դիտարկել ՀՀ իշխանությունների վարած արտաքին սխալ քաղաքականության հետեւանքների համալիրում: Դա համահունչ է նաեւ ԵԽԽՎ-ում Թերի Դեւիսի հայտնի զեկույցին, որտեղ համանման մտքեր կան: Հիմա ՄԱԿ-ն է ԵԱՀԿ-ին առաջարկում տեսչություն գործուղել ԼՂ եւ գրավյալ տարածքներ, ինչը նշանակում է, որ մեզ այլեւս չեն վստահում: Է. Ջոնսի հայտարարությունը դրա տարրերից մեկն է: Իսկ տեսչությունը, նկատեք, ուղարկում են ԵԽԽՎ նստաշրջանից եւ Աթկինսոնի զեկույցից անմիջապես հետո: Եվ եթե այն մտահոգությունները, որ կա աշխարհում բարձրացված հարցերի առնչությամբ, հաստատվեն՝ մեր նկատմամբ ճնշումներն ավելի կահագնանան: Իսկ սխալ քաղաքականությունն այն էր, որ ներկա իշխանությունները 98-ից ի վեր ԼՂ խնդրի կարգավորման հիմքում դրել են հայդատականությունն ու պահանջատիրության սկզբունքը՝ հակամարտությունը վերածելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածքային վեճի: – Եթե հարցը շարունակվեր ներկայացվել որպես ԼՂ ինքնորոշման իրավունքի խնդիր եւ Ռ. Քոչարյանը չստանձներ նաեւ ԼՂ կողմից բանակցողի դերը, մեր եւ ԼՂ-ի նկատմամբ վերաբերմունքն ավելի նպաստավոր կամ չեզո՞ք կլիներ: – Ի տարբերություն պահանջատիրական նկրտումների` ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ճանաչված սկզբունք է: Այդ է պատճառը, որ մինչեւ 98-ը միջազգային հանրությունն ավելի հանդուրժող էր Հայաստանի եւ ԼՂ նկատմամբ: Դա, իհարկե, չի նշանակում, որ նա հրաժարվում էր տարածքային ամբողջականության սկզբունքից, բայց, այնուամենայնիվ, ավելի հակված էր մեզ լսելու, իսկ ԼՂ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններն էլ ճանաչվում էին միջազգային հանրության կողմից: Իսկ Էլիզաբեթ Ջոնսի հայտարարության գլխավոր միտքն էլ հենց այն է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում ԼՂ-ում ընտրված իշխանություններին: – Մինչ Է. Ջոնսի հայտարարությունը, միջազգային տարբեր ատյաններում էլի կոշտ գնահատականներ էին հնչել, բայց այսպիսի աղմուկ, ինչպիսին այս անգամ է, չէր եղել: – Դա մեր դիվանագիտության բացթողումն է: Այո, Է. Ջոնսը բարձր պաշտոնյա է, բայց ոչ ԱՄՆ նախագահ է, ոչ էլ ԱՄՆ պետքարտուղար: Ի՞նչ իմաստ ունի նրա հայտարարության առնչությամբ այսպիսի ահավոր աղմուկ բարձրացնել, երբ կան հարցերը հստակեցնելու դիվանագիտական ճանապարհներ: Իշխանություններն անգամ չփորձեցին առանց աղմուկ բարձրացնելու դիվանագիտական խողովակներով ճշտել ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում: Այսօր այդ հայտարարությունը իշխանամետ շրջանակներում վերածվել է հիստերիայի: Եթե մենք նման աղմուկ չբարձրացնեինք, միանշանակ կարող եմ ասել, որ նման կոշտ հակազդեցություն, ինչպիսին ԱՄՆ պետդեպի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հունվարի 19-ին արված պարզաբանում-հայտարարություններն էին, չէր լինի: Հիմա փորձ է արվում, իբր, համախմբել հասարակությունը եւ, ազգայնական տարրերի վրա հենվելով, աշխարհին ինչ-որ բան ապացուցել: Բայց աշխարհում զարգացումների փորձը ցույց է տալիս, որ ազգային հողի վրա բարձրացված հիստերիան ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Իսկ բարձրացված աղմուկը նպատակ ունի քողարկելու մեր իշխանությունների կողմից ԼՂ հարցում վարած քաղաքականության սնանկությունն ու բացասական հետեւանքները: Զրուցեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել