Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԳԱՄ

Հունվար 22,2005 00:00

ԱՆԳԱՄ «ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐ» ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԷ Այսուհանդերձ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը փորձելու է որոշակիացնել Դեյվիդ Աթկինսոնի բանաձեւում այն ընդհանուր ձեւակերպումները, որոնք հայտնի չէ՝ մեր երկրի՞ն են վերաբերում, թե՞ Ադրբեջանին: Երկուշաբթի Ստրասբուրգում կմեկնարկի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի կարեւորագույն իրադարձությունները համարվում են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ելույթները: Հունվարի 26-ին լսվելու է Եվրախորհրդի առջեւ Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցը, որի վերաբերյալ, ըստ որոշ տեղեկությունների՝ Սահակաշվիլին ունի դժգոհություններ: Ահա եւ նա իր նախաձեռնությամբ հյուրընկալվել է ԵԽԽՎ-ին, որի ամբիոնից ելույթ էր ունեցել ընդամենը մեկ տարի առաջ: Հունվարի 24-ին լսվելու է Ուկրաինայի նախագահական ընտրությունների դիտարկմանն առնչվող զեկույցը: Իսկ Յուշչենկոն ելույթ կունենա հաջորդ օրը: Նստաշրջանի բացման օրը խորհրդարանականները կընտրեն ԵԽԽՎ նոր նախագահ եւ փոխնախագահներ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ ըստ ամենայնի, Փիթեր Շիդերին վեհաժողովի նախագահի պաշտոնում կփոխարինի Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ ԵԽԽՎ-ում խմբակցության ղեկավար Ռընե Վան Դեր Լինդենը: Մեծությամբ երկրորդ այս խմբակցության անդամներ են Արտաշես Գեղամյանն ու Կարեն Կարապետյանը: Երեկ «Ազատություն» ռ/կ-ը փոխանցեց ԵԽԽՎ ապագա խոսնակ Ռընե Վան Դեր Լինդենի գնահատականները մեր տարածաշրջանի մասին. «Հարավային Կովկասի երկրներում ականատեսն ենք եղել որոշակի տատանումների ժողովրդավարական գործընթացներից: Կարծում եմ, որ Հայաստանը կկատարի Եվրախորհրդի առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները, բայց առայսօր կան որոշակի ասպարեզներ, որոնցում առկա զարգացումները կասկածներ են հարուցում ընտրված ուղու առումով: Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի, սահմանադրական փոփոխությունների, մամուլի եւ տեղաշարժի ազատության խնդիրների մասին է»: ԵԽԽՎ հունվարի 24-28-ի նստաշրջանի օրակարգում են նաեւ Հարավային եւ Հարավ-Արեւելյան Ասիայում տեղի ունեցած ցունամիի, ԱՄՆ-ի հետ Եվրոպայի հարաբերությունների, «Յուկոս» ընկերության դեմ ծավալված դատական հետապնդումներին առնչվող քննարկումներ: ԵԽԽՎ պատվիրակները նշելու են Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրման 60-ամյակը: Սակայն Հայաստանի համար այս ամենից առավել կարեւորը հունվարի 25-ին, մեր ժամանակով՝ 13:00-ին սկսվելիք մեկժամյա քննարկումներն են Դեյվիդ Աթկինսոնի զեկույցի եւ նրա նախապատրաստած բանաձեւի շուրջ: Այս փաստաթղթում փոփոխություններ ներկայացնելու վերջին ժամկետը հունվարի 24-ը ժամը 19-ն է: Մինչ այդ մեր պատվիրակության անդամները, խաղաթղթերը հակառակորդին չցուցադրելու մտահոգությամբ, չեն բացահայտում, թե բանաձեւում ինչ փոփոխություններ անելու առաջարկներ են ներկայացնելու: Հայտնի է միայն, թե դրանք վերաբերում են այն կետերին, որտեղ ընդհանուր ձեւակերպումներ են տրված՝ առանց կոնկրետացնելու, թե ում են դրանք հասցեագրված՝ Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին: Այս բացահայտումն արել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը, որը նաեւ Աթկինսոնի փաստաթղթում առկա «էթնիկ զտումներ» արտահայտության մասին ասել է, թե համոզված է, որ մասնավորապես Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ Շահումյանի կամ հարակից շրջաններում ադրբեջանցիների իրականացրածը «էթնիկ զտման լավագույն օրինակներ են: Սակայն ասել, որ, օրինակ, այս ձեւակերպումը մեզ համար վնասակար է՝ այդպես չեմ համարում»: Հայաստանի պատվիրակության անդամները վստահ են, թե իրենց դժվարին աշխատանք է սպասվում, որ կարողանան փոփոխություններ անցկացնել բանաձեւում: Պատճառներից մեկը, որը դեռ ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնախմբի նիստից հետո, որտեղ ընդունվեց Աթկինսոնի նախապատրաստած բանաձեւի նախագիծը, ասուլիսում ազդարարեց Տիգրան Թորոսյանը: Այն է՝ ի տարբերություն Ադրբեջանի, որ Եվրախորհրդում ունի Թուրքիայի պես բարեկամ երկիր, որը միշտ Ադրբեջանի կողքին է եւ հօգուտ նրա է ի սպաս դնում իր բոլոր հնարավորությունները՝ Հայաստանը չունի նման բարեկամ երկիր: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը բացառություն չարեց անգամ մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի համար՝ շեշտելով, թե Ռուսաստանի համար պակաս կարեւոր չեն հարաբերությունները նաեւ Ադրբեջանի հետ: Դժվարություն է ստեղծում նաեւ մեկ այլ հանգամանք, որի մասին պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչներն ավելի հստակ են արտահայտվում, այն է՝ «Բացակայում է Հայաստանի ԱԳՆ աշխատանքը»: Մեջբերումը ԵԽԽՎ-ում «Արդարություն» խմբակցությունը ներկայացնող Շավարշ Քոչարյանի խոսքից է, որն օրերս եւս մեկ անգամ վերահաստատեց, թե այս նստաշրջանում պատվիրակությունը հանդես է գալու համախմբված. «Պատվիրակության ներսում անհամաձայնությունները վերաբերում են ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ժողովրդավարությանն առնչվող խնդիրներին. ԼՂ հարցում տարաձայնություններ չունենք»: Հայտնի է, որ Աթկինսոնի զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունենալու ցանկություն են հայտնել մեր պատվիրակության բոլոր անդամները, եւ արվել է հստակ բաժանում, թե ով ինչ տեսանկյունից է անդրադառնալու ղարաբաղյան խնդրին: Սակայն ամենակարեւորը՝ Աթկինսոնի բանաձեւի կատարման հարցը քննարկվելու է 2006-ին էլ, եւ կողմերը պետք է ներկայացնեն, թե ինչ են արել: Իսկ մինչ այդ՝ Տիգրան Թորոսյանը նորից վստահեցնում է. «Այս տեսքով, ինչ այսօր կա՝ հանձնաժողովի վերջին նիստից հետո, ես կարծում եմ, որեւէ լուրջ խնդիր Հայաստանի համար չի կարող առաջանալ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ. Գ. «Առավ ոտի» թղթակիցը հաջորդ շաբաթ Ստրասբուրգից լուսաբանելու է ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել