Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ

Հունվար 22,2005 00:00

ՀԻՄԱ ՑՆՑՈՒՄ ԱԿՆԿԱԼԵ՞ՆՔ, ԹԵ՞ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄ ՄԱԱ-ում հյուրընկալված քաղաքական գործիչները երեկ կանխատեսում էին 2005-ի քաղաքական տարին՝ հնարավոր զարգացումների իմաստով: Իրենց կանխատեսումներում ընդդիմադիր եւ իշխանամետ գործիչներից ոչ ոք անգամ չփորձեց այս տարին վարդագույն ներկայացնել: Նախ, ի՞նչ են կանխատեսում իշխանությունները 2005-ին: Այս հարցադրմանն ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Համլետ Հարությունյանն ու Սամվել Նիկոյանն այսպես արձագանքեցին՝ «Բայց մենք ի՞նչ իմանանք, թե իշխանություններն ինչ են կանխատեսում: Կարծում էինք, որ ընդդիմությունն այդ հարցը կկարգավորի»: Այդուհանդերձ, Ս. Նիկոյանն անդրադառնալով այդ հարցադրմանը՝ կարծիք հայտնեց, թե այդ համատեքստում որոշիչ են լինելու ընդդիմություն-իշխանություն շարունակվող դիմակայությունը, ընդդիմադիր դաշտում հնարավոր փոփոխությունները, նաեւ՝ իշխող կոալիցիայի ուժերի միջեւ հակասությունները: Ս. Նիկոյանի ասելով՝ «ակնհայտ է, որ ընդդիմության դաշտում կան որոշակի տարաձայնություններ եւ տեղաշարժեր, հնարավոր է նոր ձեւաչափերով ընդդիմության առաջացում»: Ինչ վերաբերում է կոալիցիոն ուժերին, ապա, պատգամավորի դիտարկմամբ, «ներքին հակասություններով հանդերձ, 2005-ին որեւէ սպառնալիք կոալիցիայի գոյությանը չի լինի»: Ս. Նիկոյանը կանխատեսեց, որ ներքաղաքական պայքարը փողոցից տեղափոխվելու է ԱԺ: Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական կյանքի վրա արտաքին գործոնների ազդեցությանը՝ Ս. Նիկոյանն ասաց, որ «հակառակ այն ակնկալիքների, թե «դրսից» լինելու է իշխանափոխության պահանջ, 2005-ին նման պատվեր չի լինելու»: Ըստ նրա՝ «դրսի այն հզոր ուժերը, որոնք կարող են ազդել ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա, շարունակելու են խստորեն հետեւել ՀՀ ժողովրդավարացմանն ու եվրաինտեգրացիայի գործընթացներին, ՀՀ պարտավորությունների կատարմանը»: Մյուս գործոնը պատգամավորը համարեց ԼՂ հիմնախնդրի կարգավորումը, «ինչը հնարավոր է, որ որոշակի լարվածություն առաջացնի»: Իսկ իշխանություններն այդ ընթացքում, Ս. Նիկոյանի ասելով, զբաղված կլինեն լարված պետբյուջեի կատարումն ապահովելով: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ արձանագրեց, որ տարեսկիզբը նշանավորվեց նաեւ ՀՀ-ին վերաբերող մի լուրջ հայտարարությամբ: Այդպիսին նա համարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Է. Ջոնսի հայտարարությունը, որով, ըստ նրա, «հատկապես հայաստանյան ռեժիմը բնութագրվեց որպես անջատողական եւ կրիմինալ»: Ըստ նրա՝ «բոլորը գիտեն, եւ մենք չենք կարող խաբել, թե ԼՂ-ն որեւէ առումով Հայաստանի վերահսկողությունից դուրս է»: Հ. Խաչատրյանը համաձայնեց, որ ընդդիմությունը եւս փորձելու է իր թերությունները շտկել, բայց, նրա ասելով, ընդդիմությունն ի տարբերություն իշխանությունների՝ ցնցումների մեջ չէ: Նա «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» արած հայտարարությունը՝ սահմանադրական գործընթացի վերաբերյալ, գնահատեց որպես ներքաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու հայտ եւ հայտարարեց, որ եթե հաջողվի ընդդիմություն- կոալիցիա՝ անգամ թույլ արտահայտված համագործակցություն սահմանադրական բարեփոխումների համատեքստում, դա կարող է լինել ներքաղաքական լուրջ եւ դրական փոփոխությունների նախանշան: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կանխատեսեց, որ եթե նույնիսկ ոչ 2005-ին, բայց մեր հասարակության՝ ժողովրդավարական երկիր ունենալու ակնկալիքները իրականանալու են եւ «ցնցումային՝ վրաց-ուկրաինական տարբերակով, բայց ոչ թե դրսից, այլ՝ ներսից եւ մեր հասարակության պահանջով»: ՀԴԿ նախագահ Ա. Սարգսյանն իր ներքաղաքական կանխատեսումներում շեշտադրում արեց 2003-ի ընտրությունների հետեւանքների վրա. «Դա արտահայտվելու է նաեւ 2005-ին՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ: Իշխանություններն էլ են լավ գիտակցում, որ դա կլինի իշխանությունների վստահության հանրաքվե եւ կլինի 2003-ի տրամաբանական շարունակությունը»: Նրա ասելով, այս տարին լինելու է տնտեսական ծայրագույն լարված տարի, եւ ներքաղաքական զարգացումների վրա կարող է ազդեցություն ունենալ նաեւ սոցիալական գործոնը: Պրն Սարգսյանը կանխատեսեց, որ գարնանը կենսաթոշակառուների դժգոհությունը կուժգնանա՝ վերածվելով նոր ցնցումների: Արտաքին քաղաքական զարգացումների իմաստով ՀԴԿ նախագահի կանխատեսմամբ, ԼՂ հարցը պայթելու է եւ որեւէ կերպ կասեցնել ժողովրդական ցասումը հնարավոր չի լինելու: «Ես դա բնորոշում եմ որպես իշխանությունների համար տանուլ տված քաղաքականություն»,- ասաց նա: «2005-ին քաղաքական դաշտում վերադասավորումներն արդեն սկսվել են»,- արձանագրեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ դրա շարժառիթը համարելով իրենց վրա դրսից «ստավկա» դնելու ցանկությունը: «Բայց այդ քաղաքական միավորները պետք է հասկանան, որ ԱՄՆ-ը եթե «ստավկա» դնի, միայն մեկի վրա կդնի, ոչ թե մի քանիսի: Կարծում եմ, որ ոմանք շտապում են»,- ասաց Տ. Կարապետյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել