Շախմատի
միջազգային ֆեդերացիան շատ արագ արձագանքել է գրոսմայստեր Գարրի Կասպարովի պաշտոնական
բաց նամակին, որում աշխարհի 13-րդ չեմպիոնը հայտարարել է շախմատի միավորման գործընթացից
իր դուրս գալու եւ չեմպիոնության համար Ռուստամ Կասիմջանովի հետ մրցամարտի շուրջ
բոլոր բանակցությունները դադարեցնելու մասին: ՖԻԴԵ-ն մամուլի հատուկ թողարկում
է հրապարակել, որում խոստանում է ներկայացնել բանկային բոլոր անհրաժեշտ երաշխիքները:
Դրանում ասվում է, որ հնարավոր չէ ամենակարճ ժամկետներում ապահովել բանկային բոլոր
երաշխիքները, երբ չեմպիոնական մրցամարտի երկու մասնակիցներն էլ ֆինանսական լուրջ
պայմաններ են առաջ քաշում: Իսպանիայում կայացած ՖԻԴԵ-ի վերջին կոնգրեսում Կասիմջանով-Կասպարով
մրցամարտն անցկացնելու շահագրգռություն հանդես բերեց Թուրքիայի շախմատի ֆեդերացիան,
որի հետ էլ բանակցություններ է սկսել ՖԻԴԵ-ի ղեկավարությունը՝ պահանջելով մրցամարտն
անցկացնելու բանկային անհրաժեշտ երաշխիքներ ներկայացնել: ՖԻԴԵ-ն հավաստիացնում
է, որ բանակցությունների ժամանակ Կասպարովն ու Կասիմջանովը պարբերաբար տեղեկացվել
են դրանց ընթացքի մասին: Այդ ժամանակ երկու շախմատիստներն էլ համաձայնել են, որ մրցամարտը
մեկնարկի Ստամբուլում, ապրիլի 25-ին եւ ավարտվի մայիսի 14-ին: Մի քանի օր առաջ Թուրքիայի
շախմատի ֆեդերացիայի փաստաբանը Գարրի Կասպարովին տեղեկացրել է, որ բանկային երաշխիքները
հնարավոր չէ ներկայացնել հունվարի 25-ից շուտ: Եվ Կասպարովը այդ տեղեկատվությունն
ստանալուց հետո է նամակ գրել ՖԻԴԵ, որում տեղեկացրել է բանակցային գործընթացից դուրս
գալու մասին: «Ակնհայտ է, որ կանգնել ենք անելանելի վիճակի
առջեւ: ՖԻԴԵ-ն ստեղծված իրավիճակի համար իրեն պատասխանատու չի ճանաչում, քանի որ
Թուրքիայի փոխվարչապետն իր պաշտոնական նամակում ասում է, որ բանկային երաշխիքներ
կտրամադրվեն: Այնպես որ, Գարրի Կասպարովը մինչեւ բանակցություններից միակողմանի դուրս
գալու մասին հայտարարություն անելը պետք է հարգանք ցուցաբերեր մրցակցի՝ Ռուստամ Կասիմջանովի
հանդեպ»,- նշվում է ՖԻԴԵ-ի մամուլի հաղորդագրությունում եւ ավելացվում, որ ՖԻԴԵ-ն
կշարունակի մրցամարտի կազմակերպման շուրջ բանակցությունները ազգային ֆեդերացիաների
եւ շահագրգիռ բոլոր կողմերի հետ: