Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազում միայն մոդելներն են

Հունվար 22,2005 00:00

Հունվարի
27-ին երեւանյան ակումբներից մեկում կկայանա նորաձեւության ցուցադրություն՝ ջազի
հնչյունների ներքո: Միջոցառումը կրում է «Հին քաղաքի նոր ռիթմերը» խորագիրը: Կներկայացվեն
մոդելյորներ Արամ Նիկոլյանի, Մարինա Մանուկյանի աշխատանքներն ու կոմպոզիտոր Սերգեյ
Մկրտչյանի ստեղծագործությունները: «Նոր են հագուստները, նոր է երաժշտությունը՝ acid-ջազը»,-
տեղեկացրեց Ա. Նիկոլյանը: Նա երեկոյին կներկայանա իր «Էգո» եւ «Հնամյա ձեռագրեր»
հավաքածուներով, որոնք հիմնականում ձեռքի աշխատանք են: Ընդ որում, «Էգոյի» ինքնատիպ
նմուշների վրա ոչ միայն տարբեր թերթերի, նաեւ «Առավոտի» լոգոներն են, այլեւ կտորներ
թերթերից: «Էգո» կոչվող հավաքածուս ավանգարդ ոճում է, փորձել եմ արտահայտել իմ հոգեվիճակը
այն ստեղծելիս»,- պարզաբանեց մոդելյորը, որը հաջողությամբ մասնակցել է մի շարք միջազգային
ու տեղական մրցույթների՝ «Ռուսական սիլուետ», «Հայկական սիլուետ», «Ինտերդիզայն»
եւ այլն՝ արժանանալով բարձր պարգեւների: Ինչ վերաբերում է «Հնամյա ձեռագրերին»,
այն հեշտ չի ստեղծվել: Արամը տեւական ժամանակ Մատենադարանում ուսումնասիրել է հին
ձեռագրերը, հետաքրքրվել Կիլիկիայի մանրանկարչությամբ: Արդյունքում՝ ծնվել են կաշվե
նմուշներ, որոնցում զուգակցված են ժամանակակից հագուստի ու 19-րդ դարի հայկական տարազի
տարրեր: «Խառնելով ազգայինը ժամանակակից հագուստի հետ՝ ստացել եմ հետաքրքիր համադրություն:
Շատ էի ուզում ազգային թեմայով հագուստներ ստեղծել, ի հեճուկս այն մարդկանց, ովքեր
անճաշակ պաստառի կտորին իբր հայկական զարդանախշեր են նկարում՝ անունը դնելով ազգային
հագուստ: Ես օրիգինալ բան եմ մտածել, հատուկ ընտրել եմ Կիլիկիայի մանրանկարչությունը,
որը հայկական մանրանկարչության մեջ առանձնանում է գույների պայծառությամբ, ուր գերիշխում
է ոսկին»,- ասում է Արամը: «Հնամյա ձեռագրերով» նա Հայաստանն արդեն ներկայացրել
է մի շարք մրցույթներում: Նաեւ Օրյոլ քաղաքում կայացած մրցույթում, որտեղ ներկա էին
աշխարհի մակարդակով դիզայնի ասպարեզի հեղինակություններ, իսկ ժյուրիի նախագահը Ֆլորենցիայի
դիզայնի ակադեմիայի ռեկտոր Վինչենցո Ջուբբոն էր: Վերջինս հայ մոդելյորին հրավիրել
է սովորելու Իտալիայում, ուր կմեկնի այս տարվա աշնանը: Հունիսին Արամը կմասնակցի
Մալթայում կազմակերպվող առաջնությանը եւ, բացի եղած հավաքածուներից, կներկայացնի
իր դիպլոմային աշխատանքը (սովորում է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայում- Գ.
Հ.): Թե ինչպիսի զգեստներ կլինեն դրանք, փակագծերը չբացեց՝ ասելով, որ առայժմ փնտրտուքի
մեջ է: Մալթայում կցուցադրվի նաեւ Արամի ֆուտուրիստական շեշտադրումներով հավաքածուն:
Երիտասարդի համոզմամբ, Հայաստանում քիչ չեն շնորհալի մոդելյոր-դիզայներները,
որոնք, ցավոք, աշխատում են «ասես փակ տուփի մեջ. ինֆորմացիան քիչ է, որեւէ բան ստեղծելը՝
դժվար»: «Հաճախ դրսի մեր կոլեգաները զարմանում են, թե ինչպես ենք աշխատում նման պայմաններում:
Բայց մյուս կողմից էլ՝ քիչ գումարով շատ գործ ենք անում: Երբ իմանում են, որ սուղ
միջոցներով մի ամբողջ հավաքածու ենք ստեղծել, ծիծաղում են: Նույն գումարով իրենք
միայն կոշիկները կամ փոքր դետալը կարող էին ունենալ»,- ժպտում է Արամը: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել