Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ԵՐԵՔԻՑ ՀԻՆԳ ՏԱՐԻ

Հունվար 22,2005 00:00

Այդպիսի պատիժ է սպառնում ԱԺ պատգամավորին,
եթե ապացուցվի, որ նա իսկապես բաճկոն է գողացել Բարդուբայի սուպերմարկետից։ Մենք
արդեն գրել էինք, որ, ըստ չճշտված աղբյուրների, մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ Ազգային ժողովի
պատգամավորներից մեկը իր մտերիմների հետ գողություն էր կատարել Արաբական Էմիրաթների
Բարդուբայ քաղաքի «Վաֆի» առեւտրի կենտրոնի «Վիլլի» խանութից: Ավարը կազմել է երկու
բաճկոն՝ յուրաքանչյուրը 8 հազարական դոլար արժողությամբ: Հարգելով անմեղության կանխավարկածը՝
մենք չէինք հրապարակել ԱԺ պատգամավորի անունը, սակայն այն արդեն հայտնի է, եւ մենք
այսօր փորձեցինք մեկնաբանություններ ստանալ խորհրդարանի խումբ-խմբակցություններից:
ԱԺ նախագահի լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ ԱԺ նախագահը որեւէ մեկնաբանություն
չի անելու: Մեկնաբանությունից հրաժարվեց նաեւ ՕԵԿ խմբակցությունը, պատճառաբանելով,
որ իրենք որեւէ տեղեկություն չունեն: «Հանրապետական» խմբակցության՝ ղեկավար Գալուստ
Սահակյանը ասաց. «Մենք նման տեղեկություններ չունենք, իսկ մեր մամուլն այնքան բազմաժանր
է եւ այնքան չակերտավոր բազմաբովանդակ, որ չեմ կարծում, թե նման իրողությունը հենց
այս պահին կարելի է մեկնաբանել: Նախ՝ չեմ հավատում տեղեկությանը»: Իսկ եթե պարզվի,
որ տեղեկությունը ճի՞շտ է: Այս դեպքում Գալուստ Սահակյանի գնահատականը սա է՝ «Հանկարծ
չի պարզվի, որ իրականություն է, որովհետեւ ես ճանաչում եմ Հակոբ Հակոբյանին, եւ նման
մեղադրանքները նրանից շատ հեռու են»: ՀՅԴ խմբակցության նախագահ Լեւոն Մկրտչյանը
եւս հրաժարվեց մեկնաբանությունից. «Ես համամիտ եմ, որ չի կարելի մեկնաբանություն
անել մամուլի հրապարակման հիման վրա, որովհետեւ դա դեռ պիտի փաստվի, դեռ պիտի փաստվեն
հանգամանքները, որովհետեւ խոսքը մեր գործընկերոջ մասին է, եւ հստակ է, որ նա նման
քայլի երբեք չէր կարող գնալ»: ԱԳՆ լրատվական վարչության ղեկավար Համլետ Գասպարյանը
երեկ մեզ փոխանցեց, որ Աբու-Դաբիում մեր դեսպան Արշակ Փոլադյանը տեղում զբաղվում
է այդ գործի հանգամանքները պարզելու հարցերով եւ մեր քաղաքացիների շահերի պաշտպանությամբ:
Տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, այս հարցին բոլորի կողմից
տրվում էր անորոշ եւ խուսափողական պատասխան: Որեւէ մեկը պատասխանատվությունն իր վրա
չէր վերցնում՝ նման բան հայտարարելու: ԱԺ-ից պարզեցինք, որ Հակոբ Հակոբյանը
(էջմիածին) գործուղման չի մեկնել. ենթադրվում է, որ նա Էմիրաթներ է մեկնել մասնավոր
այցով: Պատգամավորի դիվանագիտական անձնագիրը որեւէ կերպ չի կարող օգտակար լինել այս
դեպքում, ինչպես նաեւ չի գործում պատգամավորի անձեռնմխելիությունը: Հայտնի
է, որ այս ամբողջ ընթացքում պատգամավորը, նրա ընկերը եւ որդին պահվում են մեկուսարանում:
Իսկ Էմիրաթներում մեկուսարանները ամենեւին էլ հինգաստղանի հյուրանոցներ չեն: Մի փոքրիկ
սենյակում մոտ պլյուս 50 աստիճան է, աննկարագրելի տոթ: Եվ այս պայմաններում բառացիորեն
իրար վրա են հավաքված բազմաթիվ հանցագործներ, հիմնականում գողություն եւ անկարգություն
կատարած օտարազգիներ: Տեղյակ պատգամավորներից մեկը երեկ մեզ պատմեց, որ այդ մեկուսարաններում
անթիվ հայաստանցիներ կան, որոնք ձերբակալվել են սուպերմարկետներից գողություն կատարելու
եւ ռեստորաններում անկարգություններ հրահրելու համար: Անցած տարի, օրինակ, Հայաստանի
դատախազության մի քանի աշխատակիցներ ռեստորանում կռիվ-ղալմաղալ գցելու համար ձերբակալվել
էին եւ դատապարտվել մեկ տարի ազատազրկման: Հայաստանի որեւէ ազդեցություն կամ միջամտություն
չի օգնել: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Կեսգիշերից
առաջ մեր աղբյուրները հաղորդեցին, որ պատգամավոր Հակոբ Հակոբյանին հյուրանոցում ձերբակալելու
պահին ոստիկանները զգուշացրել են, թե իրեն ձերբակալում են, քանի որ իրենով հետաքրքրված
է Ինտերպոլը: Ըստ մեր տեղեկությունների, Ինտերպոլի հայկական բաժանմունքը դեպքի կապակցությամբ
դիմել է միջազգային Ինտերպոլին, որից ստացվել է պատասխան, թե կատարվածը թյուրիմացություն
է, քանի որ իրենց կողմից հետախուզվողների ցուցակում կա Հակոբյան ազգանունով մեկը:
ԱԺ պատգամավորին ձերբակալելուց հետո է պարզվել, որ նա Ինտերպոլի կողմից որոնվող Հակոբյանը
չէ: Ըստ ամենայնի, առաջիկա օրերին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն ազատ կարձակվի եւ
կվերադառնա Հայաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել