Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետները Ջոնսի մասին

Հունվար 22,2005 00:00

Նրանց մեծամասնությունը կարծում է, որ դա ԱՄՆ-ի տեսակետն է

Թեեւ երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն ու ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պարզաբանումներ տվեցին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի արած հայտարարության առնչությամբ, այդուհանդերձ, հարկ ենք համարում անդրադառնալ «Ընտրական համակարգեր» կենտրոնի Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի 2005թ. հունվարի 20-21-ին իրականացրած փորձագիտական (անկետային) հարցմանը, որտեղ ներառվել էր թվով 9 հարց, որոնք վերաբերում էին հիշյալ հայտարարությանը: Թերեւս սա նաեւ հասարակության մեջ այդ հայտարարության առնչությամբ առկա տրամադրությունների արտացոլումն է:

Իսկ հարցվել է ընդամենը 107 փորձագետ, այդ թվում՝ 21 քաղաքական գործիչ (այդ թվում՝ 9-ը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր), մշակույթի ու արվեստի 20 գործիչ, մամուլի 22 ներկայացուցիչ, 23-ը՝ պետական ծառայողներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, 21-ը՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Փորձագետների ընտրությունը կատարվել է հատուկ ընտրանքով։

Իսկ հարցերն այսպիսին են եղել.

«Տեղյա՞կ եք արդյոք ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի հայտարարության բովանդակությանը»։ Այս հարցադրմանը հարցվածների 100 տոկոսն է պատասխանել՝ «այո»:

Հարցվածների 85%-ի կարծիքով՝ Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունն արտահայտում է ԱՄՆ իշխանությունների տեսակետը, 8%-ի կարծիքով էլ այդ հայտարարությունն արտահայտում է նրա անձնական տեսակետը: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 8%-ը միայն:

Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունն առավելապես ուղղված էր Հայաստանի իշխանություններին՝ 75%, Ռուսաստանի իշխանություններին՝ 11%, Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ 3%, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Աբխազիայի իշխանություններին՝ 0%, բոլորին հավասարապես՝ 9% եւ դժվարացել է պատասխանել հարցվածների 2%-ը:

«Որոշ քաղաքական գործիչներ եւ լրատվամիջոցներ կարծիք են հայտնում, որ Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունը ԱՄՆ-ի կողմից Հայաստանում Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակով իշխանափոխություն սկսելու ազդանշան է։ Համաձա՞յն եք արդյոք այս պնդման հետ»: Այս հարցադրմանը «այո, համաձայն եմ» պատասխանել է հարցվածների 70%-ը, «ոչ, համաձայն չեմ»՝ 14%-ը եւ դժվարացել է պատասխանել 16%-ը:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել