ՄԱԱ-ում
հյուրընկալված քաղաքական գործիչները երեկ կանխատեսում էին 2005-ի քաղաքական տարին՝
հնարավոր զարգացումների իմաստով: Իրենց կանխատեսումներում ընդդիմադիր եւ իշխանամետ
գործիչներից ոչ ոք անգամ չփորձեց այս տարին վարդագույն ներկայացնել: Նախ,
ի՞նչ են կանխատեսում իշխանությունները 2005-ին: Այս հարցադրմանն ի պատասխան ԱԺ ՀՀԿ
խմբակցության պատգամավորներ Համլետ Հարությունյանն ու Սամվել Նիկոյանն այսպես արձագանքեցին՝
«Բայց մենք ի՞նչ իմանանք, թե իշխանություններն ինչ են կանխատեսում: Կարծում էինք,
որ ընդդիմությունն այդ հարցը կկարգավորի»: Այդուհանդերձ, Ս. Նիկոյանն անդրադառնալով
այդ հարցադրմանը՝ կարծիք հայտնեց, թե այդ համատեքստում որոշիչ են լինելու ընդդիմություն-իշխանություն
շարունակվող դիմակայությունը, ընդդիմադիր դաշտում հնարավոր փոփոխությունները, նաեւ՝
իշխող կոալիցիայի ուժերի միջեւ հակասությունները: Ս. Նիկոյանի ասելով՝ «ակնհայտ է,
որ ընդդիմության դաշտում կան որոշակի տարաձայնություններ եւ տեղաշարժեր, հնարավոր
է նոր ձեւաչափերով ընդդիմության առաջացում»: Ինչ վերաբերում է կոալիցիոն ուժերին,
ապա, պատգամավորի դիտարկմամբ, «ներքին հակասություններով հանդերձ, 2005-ին որեւէ
սպառնալիք կոալիցիայի գոյությանը չի լինի»: Ս. Նիկոյանը կանխատեսեց, որ ներքաղաքական
պայքարը փողոցից տեղափոխվելու է ԱԺ: Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական կյանքի
վրա արտաքին գործոնների ազդեցությանը՝ Ս. Նիկոյանն ասաց, որ «հակառակ այն ակնկալիքների,
թե «դրսից» լինելու է իշխանափոխության պահանջ, 2005-ին նման պատվեր չի լինելու»:
Ըստ նրա՝ «դրսի այն հզոր ուժերը, որոնք կարող են ազդել ՀՀ ներքաղաքական իրավիճակի
վրա, շարունակելու են խստորեն հետեւել ՀՀ ժողովրդավարացմանն ու եվրաինտեգրացիայի
գործընթացներին, ՀՀ պարտավորությունների կատարմանը»: Մյուս գործոնը պատգամավորը համարեց
ԼՂ հիմնախնդրի կարգավորումը, «ինչը հնարավոր է, որ որոշակի լարվածություն առաջացնի»:
Իսկ իշխանություններն այդ ընթացքում, Ս. Նիկոյանի ասելով, զբաղված կլինեն լարված
պետբյուջեի կատարումն ապահովելով: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ արձանագրեց,
որ տարեսկիզբը նշանավորվեց նաեւ ՀՀ-ին վերաբերող մի լուրջ հայտարարությամբ: Այդպիսին
նա համարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Է. Ջոնսի հայտարարությունը, որով, ըստ նրա,
«հատկապես հայաստանյան ռեժիմը բնութագրվեց որպես անջատողական եւ կրիմինալ»: Ըստ նրա՝
«բոլորը գիտեն, եւ մենք չենք կարող խաբել, թե ԼՂ-ն որեւէ առումով Հայաստանի վերահսկողությունից
դուրս է»: Հ. Խաչատրյանը համաձայնեց, որ ընդդիմությունը եւս փորձելու է իր
թերությունները շտկել, բայց, նրա ասելով, ընդդիմությունն ի տարբերություն իշխանությունների՝
ցնցումների մեջ չէ: Նա «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» արած հայտարարությունը՝
սահմանադրական գործընթացի վերաբերյալ, գնահատեց որպես ներքաղաքական կյանքին ակտիվ
մասնակցելու հայտ եւ հայտարարեց, որ եթե հաջողվի ընդդիմություն- կոալիցիա՝ անգամ
թույլ արտահայտված համագործակցություն սահմանադրական բարեփոխումների համատեքստում,
դա կարող է լինել ներքաղաքական լուրջ եւ դրական փոփոխությունների նախանշան: «Ժողովրդավարական
Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կանխատեսեց, որ եթե նույնիսկ ոչ
2005-ին, բայց մեր հասարակության՝ ժողովրդավարական երկիր ունենալու ակնկալիքները
իրականանալու են եւ «ցնցումային՝ վրաց-ուկրաինական տարբերակով, բայց ոչ թե դրսից,
այլ՝ ներսից եւ մեր հասարակության պահանջով»: ՀԴԿ նախագահ Ա. Սարգսյանն իր
ներքաղաքական կանխատեսումներում շեշտադրում արեց 2003-ի ընտրությունների հետեւանքների
վրա. «Դա արտահայտվելու է նաեւ 2005-ին՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի
ժամանակ: Իշխանություններն էլ են լավ գիտակցում, որ դա կլինի իշխանությունների վստահության
հանրաքվե եւ կլինի 2003-ի տրամաբանական շարունակությունը»: Նրա ասելով, այս տարին
լինելու է տնտեսական ծայրագույն լարված տարի, եւ ներքաղաքական զարգացումների վրա
կարող է ազդեցություն ունենալ նաեւ սոցիալական գործոնը: Պրն Սարգսյանը կանխատեսեց,
որ գարնանը կենսաթոշակառուների դժգոհությունը կուժգնանա՝ վերածվելով նոր ցնցումների:
Արտաքին քաղաքական զարգացումների իմաստով ՀԴԿ նախագահի կանխատեսմամբ, ԼՂ հարցը
պայթելու է եւ որեւէ կերպ կասեցնել ժողովրդական ցասումը հնարավոր չի լինելու: «Ես
դա բնորոշում եմ որպես իշխանությունների համար տանուլ տված քաղաքականություն»,- ասաց
նա: «2005-ին քաղաքական դաշտում վերադասավորումներն արդեն սկսվել են»,- արձանագրեց
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ դրա շարժառիթը համարելով
իրենց վրա դրսից «ստավկա» դնելու ցանկությունը: «Բայց այդ քաղաքական միավորները պետք
է հասկանան, որ ԱՄՆ-ը եթե «ստավկա» դնի, միայն մեկի վրա կդնի, ոչ թե մի քանիսի: Կարծում
եմ, որ ոմանք շտապում են»,- ասաց Տ. Կարապետյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ