ՊԱՅՔԱՐԸ ՎԵՐՍԿՍՎԵՑ Հոլանդիայի Վեյկ-Ան-Զեե քաղաքում մեկօրյա ընդմիջումից հետո 19-րդ կարգի շախմատային գերմրցաշարի մասնակիցները երեկ հինգերորդ անգամ նստեցին խաղատախտակների առջեւ: Միմյանց հետ մրցեցին Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Լազարո Բրուզոնը (Կուբա) եւ Նայջլ Շորթը (Մեծ Բրիտանիա), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Յուդիթ Պոլգարը (Հունգարիա) եւ Մայքլ Ադամսը (Մեծ Բրիտանիա), Իվան Սոկոլովը եւ Լյուկ Վան Վելին (երկուսն էլ՝ Նիդեռլանդներ), Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) եւ Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա): Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակում գրոսմայստերները դասավորված էին հետեւյալ հաջորդականությամբ. 1-2. Լեկո եւ Ադամս՝ 3-ական միավոր, 3-6. Գրիշչուկ, Շորթ, Տոպալով, Պոնոմարյով՝ 2,5-ական, 7-10. Բրուզոն, Պոլգար, Կրամնիկ, Վան Վելի՝ 2-ական, 11. Անանդ՝ 1,5, 12-13. Սոկոլով, Սվիդլեր՝ 1-ական, 14. Մորոզեւիչ՝ 0.5: Ճիշտ է, Վեյկ-Ան-Զեեի այս մրցաշարն ավանդաբար շախմատային աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից է, սակայն այն կարող էր լինել ավելի ներկայացուցչական, եթե մասնակցեր վերջին քսան տարիների աշխարհի լավագույն գրոսմայստեր Գարրի Կասպարովը: Սակայն մարզաձեւի 13-րդ չեմպիոնը վերջին երեք տարիներին իրենից չկախված պատճառներով հարկադրված է լինում հրաժարվել մասնակցելուց: Այս անգամ պատճառը աշխարհի միասնական չեմպիոնության հետ կապված մրցաշարի խնդիրն էր, որը ՖԻԴԵ-ի ապաշնորհության պատճառով չի կայանա, քանի որ Կասպարովն օրերս պաշտոնապես հրաժարվեց դրան մասնակցելուց: Վերջին ժամ Երեկ, ուշ երեկոյան, երբ թերթը պատրաստվում էր տպարան գնալ, հինգերորդ տուրի յոթ պարտիաներից հինգի արդյունքներն արդեն հայտնի էին: Վիշվանաթան Անանդը կարեւոր միավոր վաստակեց մրցաշարի ետնապահ Ալեքսանդր Մորոզեւիչից, Նայջլ Շորթն անձնատուր եղավ Լազարո Բրուզոնին: Իվան Սոկոլով- Լյուկ Վան Վելի, Պետեր Լեկո-Վլադիմիր Կրամնիկ եւ Պյոտր Սվիդլեր-Ռուսլան Պոնոմարյով պարտիաներում կողմերը բաժանեցին միավորը: Միայն Վեսելին Տոպալով-Ալեքսանդր Գրիշչուկ եւ Յուդիթ Պոլգար-Մայքլ Ադամս պարտիաներն էին, որ դեռ շարունակվում էին: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ