Լրահոս
Օրվա լրահոսը

Կարսը

Հունվար 21,2005 00:00

Կարսը հայկական շունչ ունի Համոզված է քաղաքին քաջ ծանոթ Ռ. Հովնանյանը Մասնագիտությամբ հիդրոտեխնիկ Ռոմիկ Հովնանյանը, որ նաեւ Վան-Վասպուրական հայրենակցական միության նախագահն է, դիպվածով գտել է Չարենցի տունը Կարսում: «Ամեն տարի ամռանը վանեցիներս կազմակերպում ենք ուխտագնացություններ դեպի մեր պատմական հայրենիքը: Մենք Վան ենք գնում, իսկ Կարսը այդ ճանապարհին հանգուցային կետ է: Սկզբում մտնում ենք Կարս, հետո՝ Անի, այնուհետեւ Իգդիր, Բայազետ եւ Վան»,- պարզաբանեց պրն Հովնանյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ 2005-ին նախատեսել են ուխտագնացություններ ու միջոցառումներ՝ նվիրված Չարենցին, Հայրիկ Մուրադյանին, Խրիմյան Հայրիկին եւ այլոց: Պրն Հովնանյանն արդեն 5 անգամ եղել է Կարսում եւ իր խոսքերով՝ 5 մատի պես գիտի քաղաքը: Հերթական անգամ Կարս հասնելուն պես՝ որոշել էր իջեւանել հյուրանոցներից մեկում, սակայն ամբողջ խումբը չէր տեղավորվել: Ստիպված մի քանի հոգու հետ տեղափոխվել էր այլ հյուրանոց՝ «Յըլմազ»: «Երբ ներս մտանք, նախասրահում նստած էր հյուրանոցի տնօրենը՝ Ֆարուխը, որն ինձ քաջ ճանաչում էր, քանի որ 4 անգամ հանդիպել էինք: Հանկարծ մտքովս անցավ, որ կիմանա Չարենցի տան տեղը: Հյուրանոցում մի ադրբեջանցի կար, որին խնդրեցի թարգմանել. «Ֆարուխը արդյոք չի՞ ուղեկցի ինձ Չարենցի տուն»: Հյուրանոցի տերը համաձայնեց: Հետո ադրբեջանցուն թուրքերեն ինչ-որ բան ասաց, սա էլ գնաց դիմացի շենքը ու վերադարձավ մի մարդու հետ: Պարզվեց, որ այդ անծանոթը Չարենցի տան ներկայիս տերն է: Նա ծնվել է Կարսում, անունն էլ՝ Նաժմադին Չալիկլի է: Նաժմադինի հայրը, որ թուրք բանաստեղծ էր, ծնվել էր Հայաստանում՝ Ամասիայի շրջանում: Նա պատմեց, որ բանաստեղծի տունը գնել են 1921-ին՝ Կարսի վերջնական հայաթափումից հետո ու ցանկություն հայտնեց գալ Ամասիա՝ իր հայրական տունը տեսնել»: «Նաժմադինն ասում էր, որ իր հայրը միշտ հիշում էր, թե ինչպես էին Չարենցի տանը՝ 1918թ. հավաքվում հայկական բանակի բարձրաստիճան սպաները, որոնց շտաբը բանաստեղծի տանը կից էր,- տեղեկացրեց Ռ. Հովնանյանը՝ ավելացնելով,- Չարենցի տունը մնացել է այնպես, ինչպես հայտնի բանաստեղծության մեջ է նկարագրվում՝ «տունս շինած անտաշ քարով»: Թեեւ թուրք տանտերը խոստովանել էր, որ հնարավորություն ունենալու դեպքում ոչ միայն կձեւափոխի այն, այլեւ հայկական բանակի նախկին շտաբը իրենով կանի: Մեր դիտարկմանը, թե բանաստեղծի հայրը՝ Աբգար աղան 3 տուն է փոխել, ինչո՞վ է համոզված, որ հենց այդ տանն է ծնվել Չարենցը, պարոն Հովնանյանը պատասխանեց. «Իր «Երկիր Նաիրի» վեպում Չարենցը գրել է, որ իրենց տունը գտնվում էր Վարդանի կամրջի հարեւանությամբ, Կարսի բերդի ստորոտում: Տունը այսօր էլ կանգուն է»: Ռ. Հովնանյանի խմբի անդամները եղել են նաեւ սբ. Առաքելոց վանքում, որն այժմ մզկիթի է վերածված, «հատակի խաչերն էլ գորգերով ծածկված»: Իսկ 1997-ին, ի թիվս այլ հայկական շինությունների, նրա դռները մեխված էին, ավելին՝ զոդված, տեղացիներն էլ վախենում էին եկեղեցուն մոտենալ: Ու երբ հայերը փոքրիկ սողանցքից փորձել են ներս մտնել, քուրդ եւ թուրք երեխաները զգուշացրել են՝ «ներսում Շեյթան կա»: Ի դեպ, Ռոմիկ Հովնանյանը կազմել է այսօրվա Կարսի քարտեզն ու ճամփորդական ուղեցույցը: Ըստ նրա, թեեւ քաղաքի գլխավոր փողոցներն ու զբոսայգիները թուրքական անուններ են կրում, միեւնույն է՝ Կարսը հայկական շունչ ունի: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել